Այո, մի կողմից Իրանը հայտարարում է, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանում, առանց արտաքին ուժերի միջամտության, բայց մյուս կողմից, Իրանը ինչ-որ չափով համակերպվել է այն իրողության հետ, որ արդեն Հայաստանում տեղակայվել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: Այս մասին «Միջազգային հումանիտար զարգացման» ՀԿ-ի հրավիրած «Ռազմական հատուկ գործողության ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանի գործընթացների վրա. տարվա ամփոփում և հնարավոր զարգացումներ» թեմայով կլոր սեղան-քննարկմանն ասաց փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով, այս փուլում Հայաստանը պետք է շատ կշռադատված քաղաքականություն վարի իր հարևանների ու դաշնակիցների նկատմամբ:
«Այո՛, ԵՄ դիտորդները ոստիկաններ են՝ թե՛ գերմանացի, թե՛ լեհ, թե՛ ֆրանսիացի, այո՛, սա գործիքակազմ է, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ այսօրվա գլոբալ հակամարտության ֆոնին էներգետիկ հարցերը գերակշռում են և Բաքվի ազդեցությունն էլ ավելի է ընդարձակվել»,- ասաց Մելիքյանը:
Նա նշեց, որ բրյուսելյան շատ հանդիպումներից ու քննարկումներից իր համար հասկանալի է դարձել, որ այս առաքելությունը Բրյուսելում չեն համարում որպես փոխարիննող մեխանիզմ, իրենք համարում են դա հավելյալ արժեք, ինչը կարևոր է այս առճակատման ֆոնին.
«Իհարկե, ՌԴ-ում այլ կերպ ընկալվեց, և պարզ է, որ մրցակցության ֆոնին սա կարող էր այլ կերպ մեկնաբանվել, բայց մենք հանգում ենք նրան, որ ամեն ինչ կարելի է ճիշտ օգտագործել ճիշտ դիվանագիտության արդյունքում: Եվ Երևանը պետք է այնպես անի, որ այս հավելյալ մեխանիզմը չառաջացնի խնդիր բնական դաշնակցի հետ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա փորձագետի խոսքով, Թբիլիսին ևս խոսում է այն մասին, որ կայունությունը տարածաշրջանում շատ կարևոր է իր համար, անցած տարվա ընթացքում Վրաստանը հանդես եկավ միջնորդական նախաձեռնություններով, բայց հստակ պետք է հասկանանք, որ արդեն ձևավորված հարթակներ կան, որոնց միջև կա մրցակցություն և օրակարգը կրկնվում է, այնպես որ արդյո՞ք կարիք կա գնալ այս նախաձեռնության հետքերով:
“Եվս մեկ բան. տարօրինակ է, երբ դու փորձում ես միջնորդի դեր ստանձնել, բայց անցած 75 օրերի ընթացքում, ինչ Բաքուն շրջափակել է Լաչինի միջանցքը, որևէ կերպ չես խոսում այդ մասին, չես քննադատում ու անդրադառնում այս հարցին”,- նկատեց Ջոնի Մելիքյանը:
Անդրադառնալով Թուրքիային, ապա Մելիքյանը, հիշեցնելով այն, որ Հայաստանն աջակցություն ցուցաբերեց Անկարային ավերիչ երկրաշարժից հետո, այդուհանդերձ հստակ է, որ մինչ հայ-ադրբեջանական կարգավորումը իրականություն չդառնա և Բաքուն, այսպես ասած, գոհ չլինի, այդ կարգավորման մասին հարկ է մոռանալ:
“Այդուհանդերձ, այս տարվա հետ կապված որոշ դրական ակնկալիքներ ունենք”,- հավելեց փորձագետը: