26.11.2024
Սամվել Կարապետյանը 300 մլն դոլարի ներդրում չի պատրաստվում կատարել
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ն ստեղծում է դեղորայքի միասնական շուկա. կպայքարեն նաև կեղծ դեղերի դեմ

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում առաջարկվում է ստեղծել դեղորայքի միասնական շուկա: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտարարել է Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ համապատասխան համաձայնագիրը ներկայացվել է Ազգային Ժողով, որը նախատեսում է միասնական կանոնակարգ՝ արտահանման, ներկրման, տեղափոխման, կիրառության, դեղերի ոչնչացման համար: ԵԱՏՄ դեղագիրքը համապատասխանեցվելու է ԵՄ դեղագրքի հետ:

«Կունենանք դեղամիջոցների ընդհանուր շուկա, որը հիմնված կլինի միջազգային ստանդարտների վրա: Մեր կողմից կատարած ստուգումները ընդունելի կլինեն ԵԱՏՄ անդամ-պետությունների տեսչական մարմինների կողմից, ինչը նշանակում է, որ համատեղ տեսչական մարմին ստեղծելու կարիք չի լինի»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Խաչատրյանը նշել է, որ դեղամիջոցների գրանցումն իրականացվելու է փորձաքննութամբ, շրջանառության մեջ թույլատրվելու են այն դեղամիջոցները, որոնք անցել են փորձաքննությունն ու գրանցվել միասնական ռեեստրի կողմից: Նույնը կվերաբերի նաև դեղամիջոցների արտադրությանը:

Անդրադառնալով կեղծ դեղերի շրջանառությանը, փոխնախարարը նշել է, Հայաստանում արտադրվող դեղերը կեղծ չեն, կեղծ դեղորայքն արտադրվում է ՀՀ սահմաններից դուրս

«Դրանց դեմ պայքարելու համար առաջնային դրանց դեմ պետք է պայքարեն այն երկրները, որտեղ դրանք արտադրվում ու որտեղից այնուհետ ներմուծվում են: Պետությունը վերահսկում է օրինական արտադրությունը, իսկ դաշտը, որ կեղծ դեղեր է բերում, անվերահսկելի է մեր կողմից՝ հասկանալի պատճառներով»,- բացատրել է Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ կեղծ դեղերի հայտնաբերման միակ ճանապարհը փորձաքննությունն է, և ԵԱՏՄ-ին միանալով տեսչության կարողությունները ուժեղանալու են:

«Կեղծ դեղերի դեմ պայքարը մեծ նշանակություն ունի, դա ազգային անվտանգության խնդիր է»,- հավելել է Խաչատրյանը: