23.11.2024
Արևմուտքը կառուցում է «թյուրքական էներգետիկ միջանցք»
prev Նախորդ նորություն

Հովիկ Աբրահամյանը հարթե՞լ է Վրաստանի ու Հայաստանի միջև սկանդալը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Աբրահամյանը պատմել է ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանի և Հարավային Օսիայի խոսնակի հանդիպման մասին:

Ինչպես նշել է Աբրահամյանը, Անատոլի Բիբիլովը գտնվում էր Ղարաբաղում ոչ աշխատանքային ժամին մասնավոր այցով, որտեղ տեղի է ունեցել նրա անձնական բնույթի ոչ ֆորմալ շփումը Սահակյանի հետ: Հանդիպման ընթացքում չի քննարկվել որևէ հարց, որը կվերաբերվեր Հարավային Օսիային կամ Աբխազիային: Աբրահամյանը ևս մեկ անգամ հայտարարել է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքիշխանության պաշտպանության մասին իրենց հստակ դիրքորոշման ու Հայաստանի և Վրաստանի բարիդրացիական հարաբերությունների մասին: Այդ մասին հայտնում է Գրուզիա-օնլայնը: Վրացական կողմի պատասխանի մասին դեռևս ոչինչ հայտնի չէ:

Մինչ այդ, Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը Վրաստանի ԱԳՆ-ում խորհրդակցություններից հետո հայտարարել է, որ Բիբիլովի և Սահակյանի հանդիպումը կրել է մասնավոր բնույթ: «Հայաստանի կողմից որևէ պաշտոնական բան չի եղել: Ես այդ մասին հայտարարել եմ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը: Հանդիպումը կրել է մասնավոր բնույթ», - նշել է Վարդանյանը:

Հայտնի է դարձել, որ Անատոլի Բիբիլովը Լեռնային Ղարաբաղ է ժամանել մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններին որպես դիտորդ մասնակցելու համար: Մայիսի 4-ին Բիբիլովի և Սահակյանի հանդիպումը դժգոհության ալիք է բարձրացրել Թբիլիսիում:

Ինչպես հայտարարել է Վրաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Դավիդ Կերեսելիձեն, եթե հանդիպման փաստը պաշտոնապես հաստատվի, ապա Թբիլիսին ադեկվատ պատասխան կտա Երևանին՝ բոլոր հնարավոր մեթոդներով: «Դա կարող է լինել նոտայի, դեմարշի, հաղորդագրության, խորհրդակցության և դեսպանի հետ հանդիպման տեսքով», - նշել է Կերեսելիձեն:

Հայաստանի ԱԺ ներկայացուցիչը շտապել է հանգստացնել վրացի գործընկերներին: Ինչպես հայտնել է հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Արսեն Բաբայանը, խոսնակների հանդիպումը կրել է մասնավոր բնույթ, այլ ոչ թե պաշտոնական: Ըստ Բաբայանի՝ հանդիպման ժամանակ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել և պաշտոնական հարցեր չեն քննարկվել: