23.11.2024
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ է ամրապնդել հայ-ռուսական կապերը. Սերգեյ Կոպիրկին
prev Նախորդ նորություն

Անօրինական ու կեղծ դեղեր վաճառող տնտեսվարողների համար տուգանքի չափերը կավելանան

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ փետրվարի 3-ին գումարել է նիստ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների:


Քննարկված առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է Տեսչական մարմնին տալ հսկիչ գնում կատարելու գործառույթ, որպեսզի վերջինս հնարավորություն ունենա հայտնաբերել դեղերի շուկայում վաճառվող ՀՀ անօրինական ներկրված եւ կեղծ դեղերը: ««Դեղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը եւ Լուսինե Բադալյանը: Նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ բարձրացնել տուգանքի չափերը. անօրինական ներկրված դեղերի մինչեւ 5 փաթեթ հայտնաբերելու դեպքում տուգանք կսահմանվի նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով, 5-ից ավելիի դեպքում` 2000-ապատիկի, իսկ մեկ տարվա ընթացքում կրկին հայտնաբերելու պարագայում լիցենզիան կկասեցվի մինչեւ 2 ամիս ժամկետով:


Հեղինակներն ընդունել են Կառավարության ներկայացրած տեխնիկական բնույթի առաջարկները:


Պատասխանելով պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ նախաձեռնության համահեղինակ Նարեկ Զեյնալյանը նշել է, որ մեր երկրում դեղը պետք է գրանցված լինի, որպեսզի տնտեսվարողն օրենքի շրջանակում հնարավորություն ունենա այն ներկրելու եւ վաճառելու: «ՀՀ-ում գրանցված է մոտավորապես 3500-3600 անուն դեղ»,- ընդգծել է պատգամավորը եւ կարծիք հայտնել, որ չգրանցված դեղ ներկրելու համար ավելի մեղմ սանկցիաներ կիրառելն ընդունելի չէ: Բնակչության համար դեղորայքն առավել հասանելի դարձնելու տեսանկյունից Արմենուհի Կյուրեղյանը կարեւորել է գրանցված դեղերի ցանկի ընդլայնումը:


«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքում փոփոխությամբ էլ Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից հանել 2020 թվականի հունիսից գործունեություն ծավալող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այն տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով: Հարցը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը: Նշվել է, որ առաջինից երկրորդ ընթերցում Կառավարությունը կատարել է տեխնիկական փոփոխություն:


Նիստում հանձնաժողովի որոշմամբ սահմանվել է ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում քաղաքացիների ընդունելության կազմակերպման 2023 թվականի տարեկան ժամանակացույցը: