Կարող ենք արձանագրել, որ 2022 թվականի վերջին և նոր տարվա սկզբին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են մնալ սերտ ռազմական և քաղաքական դաշնակիցներ. այս մասին «Ռուս-հայկական ռազմավարական միության արդի հիմնախնդիրները» թեմայով Երեւան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։
Նրա խոսքով, մեր երկրների միջև ակտիվորեն զարգանում է երկկողմ առևտուրը և ԵԱՏՄ շրջանակներում բազմակողմ համագործակցությունը։ Իսկ 2022 թվականի արդյունքները ևս մեկ անգամ հաստատում են Հայաստանի հաջողությունները՝ շնորհիվ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը։
«Չկան այնպիսի հարցեր, որոնք Հայաստանն ու Ռուսաստանը չկարողանան քննարկել և փոխընդունելի լուծումներ գտնել»,- ասաց Սաֆարյանը։
Քաղաքական վերլուծաբանն անդրադարձավ նաև Լաչինի միջանցքի շրջափակմանը.
«Նրանք, ովքեր նախաձեռնել են Լաչինի միջանցքի փակումը, հույս ունեին, որ կկարողանան այս ճանապարհով վարկաբեկել ռուս խաղաղապահներին և Ռուսաստանին և ստվերեն հայության աչքում ՌԴ դերը, որպես միջնորդի այս գործընթացում: Կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, սակայն Եռակողմ Համաձայնագրի փխրունությունը և տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու անհրաժեշտությունը, Լաչինի միջանցքի բացումը, սահմանների սահմանազատումը նույնպես մեր ռազմավարական դաշնակցի հետ երկխոսության կարևոր բաղադրիչներից են»,- շեշտեց Արամ Սաֆարյանը։
Բանախոսը նշեց, որ Ադրբեջանի վրա միջազգային լուրջ ճնշում պետք է գործադրվի, քանի որ միայն դա կարող է ստիպել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը։ Վերլուծաբանը նաև ընդգծեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը շատ փխրուն է և տեղ է տալիս յուրօրինակ մեկնաբանությունների ու շահարկումների, որոնք կապ չունեն միջազգային հարաբերությունների իրականության հետ։
«Այստեղից էլ եզրակացությունը. մենք պետք է վերջնական տեսքի բերենք այս Եռակողմ համաձայնագիրը և օգնենք Ռուսաստանին ունենալ այն ռեսուրսները, որոնք նրան հնարավորություն կտան ազատ և անկաշկանդ կյանքի կոչել այս համաձայնագրի կետերը»,- ընդգծեց Սաֆարյանը։
Նշենք, որ տեսակամուրջը կազմակերպել էին «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական և վերլուծական հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը։