Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք. Մարուքյան
Ադրբեջանը մեկ ամիս շրջափակման մեջ է պահում Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչներին, իսկ 2 տարուց ավելի՝ հայ գերիներին՝ խախտելով միջազգային իրավունքը։ Այս մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանը պետք է վերացնի Լաչինի միջանցքի շրջափակումը և ազատ արձակի ռազմագերիներին: Միջազգային իրավունքը պետք է հարգվի՝ անկախ նրանից, թե որքան գազ և նավթ ունեք»,- գրել է Մարուքյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Արցախում հումանիտար ճգնաժամ է՝ պարենային մթերքի, դեղորայքի, վառելիքի պակաս կա: Կառավարությունը նախօրեին որոշում կայացրեց ներդնել կտրոնային համակարգ՝ առաջին անհրաժեշտության ապրանքների համաչափ բաշխման համար: