24.11.2024
Չենք կարող ձեռքերը լվալ Արցախից. իշխանությունը պիտի անցնի պատմության ճիշտ կողմը. Օսկանյան
prev Նախորդ նորություն

Ձայնի միջոցով դեպի կորսված միասնություն. հայտնի երաժիշտ Կամիլ Չալաևը Հայաստանում է

Ecole SAUVAGE-ը ճանաչողական և կրթական նախագիծ է Հայաստանի համար, որի կենտրոնում երաժշտության իմացությունն է, որը «ինը մուսաների» համատեղումն է, արվեստի համընդհանուր մի լեզու, որն իր մեջ ներառում է ամեն ինչ: Նախագծի հեղինակներն են ամուսիններ Կամիլ Չալաևն ու Սաբինա Ջամեն, որոնք մի քանի տարով տեղափոխվել են Հայաստան՝ աշխատելու, ստեղծագործելու, արարելու և օգնելու նպատակով։


Կոմպոզիտոր, երգիչ և դիրիժոր, օրիգինալ գործիքների գյուտարար Կամիլ Չալաևն ավելի քան 300 երաժշտական ​​գործիքների և ձայնային առարկաների հավաքածուի սեփականատեր ու պահապան է։ Նա աուտիզմով և ուղեղային կաթվածով հիվանդ երեխաների համար ձայնային և ժեստային թերապիայի կիրառական մեթոդներ է մշակել, և Հայաստանում բնակության ընթացքում կօգնի հայ երեխաներին։



VERELQ-ը զրուցեց Կամիլ Չալաևի հետ Երևանում՝ այցելությունների, հանդիպումների և մեծ ծրագրերի շուրջ քննարկումների միջև։ Ի թիվս այլ ծրագրերի, նա Հայաստանում կհիմնի նաև յուրօրինակ  Տակտիվ թանգարան (MUSEE TACTIF), որի բացումը նախատեսված է արդեն 2023թվականին: Այս յուրատիպ թանգարանը աշխարհի երաժշտական ​​գործիքների ինտերակտիվ ցուցադրություն է, որը հիմնված է Կամիլի երաժշտական ​​գործիքների անձնական հավաքածուի վրա, որն ինքը հավաքել է իր ողջ կյանքի ընթացքում։ Թանգարանն ավելի քան հինգ տարի գոյություն ունի Ֆրանսիայում, Տուրենի 12-րդ դարի ռոմանական եկեղեցու, իսկ շարժական գործիքների հավաքածուով վարպետության դասերը շրջում են աշխարհով մեկ:


- Ես ծանոթացել եմ Ձեր գործունեության մասին պատմող շնորհանդեսի հետ, որը, ինչպես հասկացա, միայն շատ մակերեսորեն է արտացոլում այն։ Այսպիսով, ո՞րն է Ձեր առաքելությունը Հայաստանում, ի՞նչ եք անելու։


-Ես բազմամյա պայմանագիր ունեմ «301. Իմաստության երկիրը» հիմնադրամի հետ: Սա հիմնադրամ է, որը 300+1 իմաստունների է Հայաստան հրավիրում ու անհրաժեշտ պայմաններով ապահովում, որպեսզի նրանք, իրենց հերթին,  7 տարի բնակվեն Հայաստանում, գտնեն այստեղ գործընկեր (տանդեմի) և իրագործեն համատեղ նախագծեր իրենց գործունեության ոլորտում: Այսինքն՝ ինձ հրավիրել են մասնակցելու Հայաստանի զարգացմանը գեղարվեստական ​​և փիլիսոփայական առումով, քանի որ ես զբաղվում եմ երաժշտական ​​ստեղծագործության դասավանդմամբ և ուսումնասիրությամբ: Սա բավականին ծավալուն ծրագիր է՝ կապված, մի կողմից, իմ մտադրությունների հետ, իսկ մյուս կողմից՝ այն ամենի հետ, որ ես այստեղ կհանդիպեմ։ Հուսով եմ՝ կկարողանամ հնարավորինս հասկանալ հայկական մշակույթը։


Բացի այս, ես համագործակցում եմ Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի հետ, հրավիրված եմ նաև Գյումրու իրենց մասնաճյուղ, աշխատելու եմ «Հայորդաց տուն» մանկական երգչախմբի հետ։ Իսկ «Փյունիկ» ասոցիացիայում կշարունակեմ համագործակցություն «Beer David» Հրեական բժշկական կենտրոնի հետ, որի մասնաճյուղը վերջերս է բացվել Երևանում՝ կենտրոնի հիմնադիր Դավիդ Էյխելի խնդրանքով կաշխատեմ այնտեղ հաշմանդամություն ունեցող անձանց հետ։ Մենք մի քանի տարի է, ինչ համագործակցում ենք, և, այո, մեր համագործակցությունը կշարունակվի նաև Երևանում, քանի որ ես ինձ հետ բերել եմ իմ գործիքների հավաքածուի բավականին մեծ մասը։ Այսպիսով, ձեր գեղեցիկ երկրում մնալու ծրագրերը բավականին լայն են:




- Ինչպե՞ս է արտ-թերապիան օգնում հիվանդության բուժման կամ հիվանդության ընթացքի մեղմմանը, հաշմանդամություն ունեցող մարդկանց ընդհանուր վիճակին։


- Սկսենք նրանից, որ նրանց աչքի առաջ, նրանց ձեռքերում հայտնվում է մի առաջարկ, որը նրանք կյանքում չեն ունեցել. ես դասավորում եմ տարբեր գործիքների մի ամբողջ բույլ, ընդ որում՝ թանգարանային բնույթի, հին, և գործնականում էլեկտրաէներգիա չեմ օգտագործում (Կամիլ Չալաևը նույնիսկ շոպենյան դարաշրջանի դաշնամուր է բերել իր հետ Հայաստան): Այսինքն՝ նրանք առնչվում են իրական, կենդանի գործիքների, իսկական կենդանի լարային ձայնային արտադրության, սկսում են մասնակցել ստեղծագործական, կոմպոզիտորական գործընթացին։ Երաժշտական ​​խաղը վերականգնում է քայքայված նեյրոնային կապերը, օրինակ, աուտիստների ուղեղում, որոնք կամ ի ծնե են, կամ ձեռքբերովի: Իհարկե, աուտիզմը գենետիկական հիվանդություն է, ուստի իմ կողմից բավականին հավակնոտ կլիներ ձգտել դրա լիարժեք բուժմանը, բայց մենք միանշանակ կարող ենք ինչ-որ բան բարելավել ու մեղմել հիվանդության ընթացքը:



Ես առաջարկում եմ մի բան, որը նրանց ոչ ոք չի առաջարկել. ժամանակակից աշխարհը նրանց տալիս է միայն էլեկտրոնային եղանակով ձայնագրված որոշ վերարտադրություններ՝ դրանք անշունչ ձայներ են։ Եվ ինձ հետ նրանք վերադառնում են բնություն և վերադառնում իրենց էությանը, որից այսօր մարդը կտրված է: Ինչը նույնպես այսքան հիվանդությունների տարածման գործոններից մեկն է։


- Ասում են, որ աուտիզմը բավականին վիճելի հիվանդություն է։


-Այո, այդպես է, աուտիստների միջև նմանություններ կամ ընդհանրություններ չկան: Ես քսան տարի է, ինչ աշխատում եմ այս ուղղությամբ, շատ ուսանողներ եմ ունեցել ու կարող եմ ասել, որ երեխաներ կան, որոնք շատ են փոխվել ինձ հետ աշխատելու շնորհիվ։ Մենք ստեղծում ենք ազատ ստեղծագործելու, արարելու մի տարածք, որտեղ ես նաև թույլ եմ տալիս նրանց ինչ-որ բան նետել, հարվածել կամ տալիս եմ նրանց գործիքներ, որոնք չեն կարող կոտրվել կամ վնասվել, քանի որ մենք աշխատում ենք հիմնականում փոքր երեխաների հետ: Ժամանակի ընթացքում երեխաները վարժվում են դրան, և սա բավականին նուրբ, երկարատև գործընթաց է։ Մենք ստեղծում ենք այսպիսի փոքր, «վայրի նվագախմբեր» (նախագիծը կոչվում է «Վայրի դպրոց» (Ecole SAUVAGE)), որին մասնակցում են և՛ երեխաներ, և՛ մեծահասակներ, և՛ պրոֆեսիոնալ պարողներ։


Супруга Чалаева.


- Այն, ինչ անում եք, կարո՞ղ ենք անվանել արտ-թերապիա:


- Իրականում այս բառը ինձ դուր չի գալիս, քանի որ մենք թերապևտ չենք, մենք արտիստներ ենք։ Ավելի շուտ՝ դա ձայնային և ժեստային թերապիա է, քանի որ ձայնը կարող է առաջանալ միայն ժեստի արդյունքում, իսկ ժեստը երկակի է, և երաժշտական ​​հնչյուն ստեղծելու համար պետք է հասկանալ դրա երկակիությունը: Եվ երբ այս օրինակը գալիս է երեխաների առջև, երբ երեխաները կարող են շարժել իրենց ձեռքը և լսել երաժշտական ​​արդյունքը, ապա դա նրանց վերադարձնում է կորցրած միասնությանը:


- Իսկ Հայաստանում արդեն աշխատում եք հաշմանդամություն ունեցող երեխաների հետ, նույն "Փյունիկ" ասոցիացիայում գործող Հրեական բժշկության կենտրոնում հանդիպե՞լ եք երեխաների հետ:


- Այո, ես արդեն աշխատում եմ նրանց հետ, քանի որ դեռ ապրիլ-մայիսին էի Հայաստանում խնդիրները ուսումնասիրելու նպատակով։ Արդեն մի քանի ուսանող ունեմ, երեխաների հետ հանդիպել եմ "Փյունիկ" կենտրոնում, իսկ դեկտեմբերի 27-ին այնտեղ ելույթ կունենամ՝ հետս մի քանի գործիք եմ տանելու։ Ես ունեմ աշակերտներ, ում հանդիպել եմ իմ վերջին այցելության ժամանակ, և նաև կան նոր երեխաներ, որոնց հետ աշխատելու ենք։ Գլխավորն այն է, որ մենք նրանց հետ խոսենք նույն լեզվով, առանց խոչընդոտների, և հնարավորություն տանք իրենց վերականգնվելու ազատության միջոցով։ Եվ սա վերաբերում է բոլոր երեխաներին:



Լիա Խոջոյան