Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը. Գարեգին Երկրորդ
Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։
Հնթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արցախցիներին և համայն հայությանը՝ ի մասնավորի ընդգծելով․ «Այս օրերին վերստին վրդովված ու մտահոգ սրտերով ամենքիս հայացքները ուղղված են դեպի հայոց Արցախ աշխարհը։ Արդեն յոթ օր Ադրբեջանի իշխանությունները ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120․000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»:
Նորին Սրբությունը, անդրադառնալով ողբերգական այս իրողություններին, նշեց․ «Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երևակայել, որ մարդուն և նրա արժանապատիվ ու ազատ կյանքը բարձրագույն արժեք հռչակած ներկա աշխարհում հնարավոր է, որ տեղ գտնեն և հանդուրժվեն հակամարդկային նմանօրինակ դրսևորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»։
Վեհափառ Հայարապետը, նկատելով, որ միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր Եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին և Արցախի հայ ժողովրդի զավակներին:
Դիմելով արցախցիներին՝ Հայոց Հայրապետն ասաց․ «Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքներն ու զորակցությունն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ ազգս հայոց միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ: Արիաբար պիտի դիմակայենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները, որպեսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայություններով, պատմական շեներով ու բազմադարյա սրբավայրերով»:
Նորին Սրբությունը հորդորով դիմեց նաև Հայաստանում և սփյուռքում ապրող հայորդիներին․ «Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Այն արժանապատվության հարցն է յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա ապրի՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամեն մեկիս ուշադրության և աջակցության։ Արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ։ Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը՝ նույնական, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։
Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ թոթափել անտարբերության ցանկացած դրսևորում, լինել առավել վճռական ու գործուն՝ միահամուռ ջանքերով ու պատասխանատվությամբ հետամուտ լինելու և աջակցելու արցախահայության իրավունքների, Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությանը։ Սա ազգային մեր ինքնության պահպանության պայքար է»։
Նորին Սրբությունը մաղթեց, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում և Արցախում հաստատվի հարատև արժանապատիվ խաղաղություն՝ ի բարօրություն սրբազան մեր հայրենիքի և աստվածասեր ժողովրդի։