26.11.2024
Ադրբեջանը ցանկանում է կտրել կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը. նախագահ
prev Նախորդ նորություն

Սուրեն Պապիկյանը ներկայացրեց պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգը

Ազգային ժողովում այսօր Կառավարության հեղինակած երկրորդ ընթերցմամբ քննարկվող ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պայմանագրային եւ զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով ներդնել շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման նոր համակարգ` «Պաշտպան հայրենյաց»:


Ծրագիրը նախատեսում է շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության առաջին վեց ամիսը լրանալուց հետո, Կառավարության սահմանված կարգով, պայմանագրային զինվորական ծառայության անցնելու հնարավորություն` ծառայության ժամկետը սահմանելով հինգ տարի: «Ինչպես նաեւ` պայմանագրի ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ոչ պիտանի ճանաչվելու հիմքով ծառայությունից ժամկետից շուտ արձակվելիս` նրանց համար սահմանել պատվովճար ստանալու իրավունք: Պատվովճարի չափը նախատեսվում է սահմանել 5 միլիոն դրամ, որն ազատորեն տնօրինվելու է»,- մանրամասնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:


Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է երկրորդ ընթերցմամբ:


Նախագծերի փաթեթով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար, եւ դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից ատեստավորում անցնելու հանգամանքով: Ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր:


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթի առաջին ընթերցմամբ ընդունման շրջանակում ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել էր առաջարկներ, որոնք չեն ընդունվել: Կառավարության նախաձեռնությամբ օրենքների նախագծերում կատարվել են տեխնիկական լրացումներ եւ փոփոխություններ:


Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է դեկտեմբերի 6-ին եւ 7-ին քննարկված օրենսդրական նախաձեռնությունները: