Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. Ալեն Սիմոնյան
Հայաստանը երբեք չի խոսել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, սակայն Երեւանին մտահոգում է կազմակերպության վերաբերմունքը ՀՀ նկատմամբ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ադրբեջանն ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով մարդիկ են զոհվում։ ՀԱՊԿ-ի որոշակի պասիվությունը, ինչպես նաև մեր որոշ դաշնակիցների պաշտոնական հայտարարությունները պատճառ են դարձել, որ Հայաստանում հասարակական տրամադրությունները զգալի փոփոխությունների ենթարկվեն",- ասել է նա:
«Մենք երբեք հայտարարություններ չենք արել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. ասել ենք, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, և սա մեզ շատ մտահոգում է։ Կարծես Հայաստանի տարածքը ՀԱՊԿ-ի համար հավասար ռազմավարական նշանակություն չունի, մինչդեռ մեծ ուշադրություն է դարձվում Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին և Կենտրոնական Ասիային»,- ասել է նա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և ՀԱՊԿ ԽՎ տասնհինգերորդ լիագումար նիստի ժամանակ։