Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով. փաստաբան
Սույն թվականի նոյեմբերի 16-ին Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից ապօրինաբար սահմանափակելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել էր հաղորդում հանցագործության մասին: Հաղորդումը գլխավոր դատախազության կողմից վերահասցեագրվել էր ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին: Այս մասին գրում է Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ շարունակելով.
"Նոյեմբերի 28-ին հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը մերժել է քրեական վարույթը նախաձեռնելը, պատճառաբանելով, որ ՀՀ քրեական օրենսգրքում չկա հոդված, որին կհամապատասխաներ հաղորդման մեջ նկարագրված դեպքը: Այսինք՝ մարդուն առանց որևէ օրինական հիմքի ՀՀ տարածքից դուր գալn արգելելը, ըստ քննիչի, որևէ հանցագործության հատկանիշ չի պարունակում: Նման պատասխան ես ակնկալում էի ամենասկզբից և նման մոտեցումը՝ քրեական վարույթ առհասարակ չնախաձեռնելը, միայն հստակ մատնացույց է անում այն, որ Ա.Աշոտյանի ելքը երկրից արգելվել է կամայականորեն, հեռախոսային իրավունքի ուժով, բացահայտ արհամարհելով Սահմանադրությունն ու օրենքները:
Քննիչի որոշումն արդեն բողոքարկվել է գլխավոր դատախազին, սպասենք հերթական մերժմանը և կդիմենք դատարան",- գրել է փաստաբանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ Արմեն Աշոտյանը օդանավակայանում էր պարզել, որ իրեն արգելել են ելքը երկրից: Ընդ որում, նշել էր Աշոտյանը, մինչ այդ պահը իրեն ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել: