26.11.2024
Միրզոյանն ընդգծել է խաղաղության օրակարգի առաջմղմանը հայկական կողմի պատրաստակամությունը
prev Նախորդ նորություն

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄԷ-ի նախագահին և փոխնախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին՝ ազգային տոնի առթիվ:


ԱՄԷ նախագահին ուղղված ուղերձում նշված է.


«Ձերդ վսեմություն,


Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների անկախության 51-երորդ տարեդարձի կապակցությամբ:


Անցած հինգ տասնամյակները նշանավորվում են Ձեր երկրի և ժողովրդի տքնաջան աշխատանքով, ինչը հնարավոր դարձրեց Միացյալ Էմիրությունների տպավորիչ ձեռքբերումներն ու առաջընթացը: Բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը՝ ուղղված աշխարհում խաղաղ համակեցության պահպանմանը և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելուն:


Խորապես արժևորում եմ Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև առկա բարեկամական, օրեցօր զարգացող հարաբերությունները և վճռական եմ նպաստելու դրանց էլ ավելի խորացմանը:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և զարգացում:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»:


ԱՄԷ փոխախագահին ուղղված ուղերձում ասված է.


«Ձերդ վսեմություն,


Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:


Համոզված եմ, որ Արաբական Միացյալ Էմիրությունները գալիք տարիներին ևս շարունակելու է առաջընթացի և բարգավաճման իր հաստատակամ ուղին:


Բարձր եմ գնահատում մեր երկրների ավանդական, ջերմ հարաբերությունները և վստահ եմ, որ դրանք հիմք կդառնան մեր երկրների միջև առկա ներուժի լիարժեք իրացման համար:


Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:


Ընդունեք խնդրեմ, Ձերդ վսեմություն, խորին հարգանքիս հավաստիքը»: