«Ամերիա» ընկերությունների խմբի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը եկամուտների պարտադիր հայտարարագրման թեմայի շուրջ վերլուծություն է ներկայացրել՝ քննադատելով իշխանություններին:
«1․ Աշխարհի ոչ մի երկրում չկա եկամուտների պարտադիր համընդհանուր հայտարարագրում։ Բոլոր այն երկրներում, որոնք այս կամ այն մոդելով իրականացնում են եկամուտների հայտարարագրում, սահմանված է եկամուտների որոշակի մակարդակ, որից ցածր լինելու դեպքում հայտարարագրում չի պահանջվում։ Այս մակարդակը կապված է համակարգի արդյունավետության հետ, քանի որ հայտարագրերի պատրաստումը, անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրումն ու վերլուծությունը ենթադրում են ծախսեր՝ ինչպես հարկ վճարողների, այնպես էլ հարկային համակարգի համար, որոնցից վերջինի ծախսերը նույնպես ծածկվում է հարկ վճարողների կողմից։ Նշված ծախսերը չեն արդարացնում ստացված արդյունքը։
2․ Հայտարարագրման համակարգի ներդրումը պահանջում է փուլային մոտեցում` հիմնվելով համակարգի մեծաքանակ տվյալների մշակման և չհայտարարագրված կամ մասնակի հայտարարագրված դեպքերը բացահայտելու կարողությունների վրա:
3․ Եկամուտների հայտարարագրման համակարգն առաջին հերթին պետք է հիմնվի գույքի հայտարարագրման վրա՝ որպես եկամուտների և ծախսերի մնացորդային արդյունք:
4․ Երկրների մեծ մասում եկամտագրումն իրականացվում է որոշակի փաստաթղթավորված ծախսերի նվազեցման հնարավորությամբ, որոնք հանվում են հարկվող եկամուտներից (հարկային բազայից):
Ելնելով նշված հանգամանքներից` ամփոփեմ, որ գործադիր և օրենսդիր իշխանությունների հետ բազմաթիվ քննարկումների ընթացքում (ինչպես մինչև 2018 թվականը, այնպես էլ 2018 թվականից հետո) առաջարկվել է այս բարեփոխումն իրականացնել հետևյալ ձևով՝
1․ Հայտարարագրումը սկսել իրականացնել փուլային եղանակով և որոշել բարեփոխումների փուլերը՝ հաշվի առնելով հարկ վճարողի օբյեկտիվ բնութագիրը, եկամտի չափը, ինչպես նաև՝ ելնելով հարկային համակարգի տեղեկատվության մշակման հնարավորություններից։
Մասնավորապես` առաջին փուլում անհրաժեշտ է սահմանել, որ հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն ունեն․
- Անշարժ գույքի սեփականատերերը, եթե անշարժ գույքի կադաստրային արժեքը գերազանցում է արժեքի նախանշված մակարդակը (օրինակ՝ 250 մլն դրամը),
- Բանկային հաշիվներ (ցպահանջ, ավանդային, միջնորդական) ունեցողները, եթե բանկային հաշիվների մնացորդները, ընդհանուր առմամբ, գերազանցում են արժեքի նախանշված մակարդակը (օրինակ՝ 250 մլն դրամը): Ոչ դրամային հաշիվները վերահաշվարկվում են այն տարվա վերջի դրությամբ պաշտոնական փոխարժեքով, որի համար ներկայացվում է հայտարարագիրը, իսկ արժեթղթերը վերահաշվարկվում են նույն օրվա շուկայական փոխարժեքով,
- Հայաստանում գրանցված իրավաբանական անձանց սեփականատերերը (ՍՊԸ, ՓԲԸ և այլն),
- Պրեմիում դասին պատկանող մեքենաների սեփականատերերը (մոդելները և արտադրության տարիները հրապարակվում են), եթե պրեմիում դասին պատկանող մեքենաների շուկայական արժեքը գերազանցում է արժեքի նախանշված մակարդակը (օրինակ՝ 250 մլն դրամը),
- Որոշակի նախանշված արժեքից բարձր գնահատված արվեստի գործերի սեփականատերերը (օրինակ` 250 մլն դրամ և ավելի),
- Որոշակի մակարդակից բարձր արժեք ունեցող ժամացույցների, ոսկերչական իրերի սեփականատերերը (օրինակ՝ 250 մլն դրամ և ավել),
- Անձինք, որոնք հայտարարագիրը ներկայացվող տարվա ընթացքում ստացել են եկամուտ, որը, ընդհանուր առմամբ, մինչև հարկումը գերազանցում է նախանշված/սահմանված որոշակի չափը (օրինակ՝ 50 մլն դրամը): Այս գումարը ներառում է ինչպես աշխատավարձը, այնպես էլ անշարժ գույքի շահագործումից ստացված եկամուտը (վարձավճար, վաճառք և այլն), ավանդներից ստացված տոկոսները, դիվիդենտներն ու արժեթղթներից ստացված տոկոսները, իրավաբանական անձանց մեջ ունեցած սեփականությունից ստացված միջոցները, արվեստի գործերի վաճառքներից ստացված եկամուտները և այլ հոնորարներ։ Այստեղ կարևոր է որոշել ժառանգությամբ ստացված գույքի հարցը։
Կարևոր է ընդգծել, որ վերոնշյալ չափանիշները պետք է գործեն «կամ» սկզբունքով,այսինքն` առնվազն մեկ չափանիշի առկայության դեպքում, ինչպես նաև ընդհանուր եկամտի` որոշակի մակարդակից բարձր լինելու դեպքում (օրինակ՝ 500 մլն դրամ), նույնիսկ եթե նշված որևէ չափանիշով պարտավորություն չկա։
2․ Անհրաժեշտ է սահմանել այն առավելագույն չափը, որը կարող է հանվել հարկվող եկամուտներից, մասնավորապես`
- Հայաստանի ցանկացած ուսումնական հաստատությունում, կրթության վրա կատարված փաստաթղթավորված ծախսերը (օրինակ՝ առավելագույնը կարող է սահմանվել 2 մլն դրամը),
- Հայաստանի ցանկացած բուժհաստատությունում, ինչպես նաև բժշկական ապահովագրության շրջանակներում բժշկական ծառայությունների փաստաթղթավորված ծախսերը (օրինակ` առավելագույն չափը կարող է սահմանվել 2 մլն դրամը),
- Փաստաթղթավորված վճարումներ Հայաստանի բարեգործական հիմնադրամներին (սոցիալական, արվեստի, կրթական, գիտության, բանակի աջակցության և այլն), որոնց ցանկը կարելի է նախապես հրապարակել յուրաքանչյուր տարվա համար (օրինակ՝ առավելագույն չափը կարող է սահմանվել մինչև 2 մլն դրամը),
- Գույքահարկի, շահաբաժինների համար վճարված փաստաթղթավորված հարկերը:
3․ Անհրաժեշտ է սահմանել նաև մինչև 18 տարեկան երեխաների, կենսաթոշոկային տարիքից բարձր ծնողների, հաշմանդամություն ունեցող անձանց, հաշմանդամություն ունեցող և խնամառության այլ կարիքներ ունեցողների խնամակալների համար պահումների չափը (օրինակ՝ յուրաքանչյուր անձի համար տարեկան նվազագույն կենսամակարդակի չափով, ընդ որում՝ նշելով անձի տվյալները):
4․ Անհրաժեշտ է սահմանել, որ այն անձինք, որոնք ցանկանում են օգտվել նշված նվազեցման հնարավորություններից, կարող են ներկայացնել հայտարարագրերը կամավոր հիմունքներով՝ անկախ կետ 1-ում նշված գործոնների:
Հետագայում, համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը զուգահեռ, չափանիշներով սահմանված արժեքի նախանշված չափը կարող է կրճատվել։ Սակայն ցանկացած դեպքում լինելու է որոշակի եկամուտների մակարդակ, որից ցածր եկամուտների դեպքում հարկային վարչարարության արժեքը կլինի ավելի բարձր, քան դրանից բխող հարկային էֆեկտը։
Ցավոք սրտի, թեև այսինքն եկամուտների պարտադիր հայտարարագրման նախագծի շրջանակներում վերը նշված առաջարկներից որոշները ընդունվել են, մասնավորապես՝ փուլային կատարման և մի շարք նվազեցումների վերաբերյալ դիտարկումները, ընդհանուր առմամբ, առաջարկվող բարեփոխումը չի կարող ապահովել սահմանված նպատակների իրագործումը: Ընդհակառակը այն ավելի շատ վարկաբեկում է եկամուտների հայտարարագրման գաղափարը և հանգեցնելու է հարկային համակարգի արդյունավետության նվազման»։