25.11.2024
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետ. ՊՆ
prev Նախորդ նորություն

Տարեցների խնամքի տներ ձեռք բերելու առանձնապես խոշոր չափերով գումար է հափշտակել. ԳԴ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախկին պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում «Լեքսհաբ» ՍՊ ընկերության տնօրեն Պ.Թ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում: 


Ընկերության տնօրենը, լինելով 100 տոկոս մասնակցություն ունեցող բաժնետեր և տնօրեն, պատրաստել և օգտագործել է բովանդակությամբ կեղծ փաստաթուղթ և Նախարարության պաշտոնատար անձանց հետ համատեղ կատարել առանձնապես խոշոր չափերի հափշտակություն: 


Հիշեցնենք, որ Կառավարության 2019 թվականի որոշմամբ, Նախարարությանը հատկացվել է 2 մլրդ 380 մլն 457 հազար դրամ, որից 270 մլն դրամը՝ շենքերի և բնակարանների ձեռքբերման ու կահավորման՝ այդ թվում նաև տարեցների բնակության համար խնամքի տների ձեռքբերման համար: 


Ընկերության տնօրենը, մասնակցելով Նախարարության կողմից հայտարարված գնման մրցույթին, առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դիտավորությամբ, Նախարարություն է ներկայացրել մասնակցության դիմում-հայտարարություն և կազմել մատակարարվելիք ապրանքի կեղծ տեխնիկական բնութագիր: 


Մասնավորապես, Արմավիրի մարզի երկու գյուղերում ձեռք բերված առանձնատները, որոնք, ըստ փաստաթղթերի ունեցել են երկու սանհանգույց և եղել են պիտանի բնակության համար, պարզվել է չեն համապատասխանել Նախարարության ներկայացրած բնութագրին: Սակայն, հրատապ մեկ անձից գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովը ընտրված մասնակից է ճանաչել ՍՊ ընկերությանը և հաստատել պայմանգիրը:


Բացի այդ, Նախարարության գլխավոր քարտուղարը, տեղյակ լինելով չհամապատասխանող տեխնիկական բնութագրին, Նախարարության մյուս պաշտոնատար անձանց միջոցով դրական եզրակացությամբ հաստատել է, որ բնութագրի և գույքի որակակական հատկանիշների միջև անհամապատասխանություններ առկա չեն: Նախարարության պաշտոնատար անձանց և ՍՊ ընկերության միջև 18 մլն 205 հազար և 18 մլն 495 հազար դրամ շուկայական արժեքով առանձնատների պայմանագրերը կնքվել են 26 մլն 730 հազար և 26 մլն 950 հազար դրամ արժեքներով, որն էլ փոխանցվել է ՍՊ ընկերությանը: Արդյունքում ՍՊ ընկերության տնօրենը հափշտակել է 17 մլն 160 հազար դրամը: 


Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու ուղղությամբ: