23.11.2024
Բռնազավթումը չի փոխում Շուշիի կարգավիճակը. այն եղել ու շարունակելու է մնալ Արցախի մասը
prev Նախորդ նորություն

ԱԺ-ում քննարկել են «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխությունները

«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացուցիչ գործընթաց պետք է անցնի: Պատգամավոր Գեւորգ Պապոյանն առաջարկում է օրենքում լրացում կատարել եւ ավելացնել «մասնաճյուղեր» բառը: Նա ընդգծել է, որ առկա է նաեւ Սահմանադրական դատարանի՝ անձի նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրավական դիրքորոշումը:


«Նման խտրական եւ տարբերակված մոտեցումն օբյեկտիվ հիմքից զուրկ է, իրավաչափ չէ, քանի որ մասնաճյուղի եւ ներկայացուցչության իրավական կարգավիճակը, գրեթե, նույնական է: Միջազգային կազմակերպություններից մեկը հաճախ ներկայացուցչություն է բացում, մյուսը՝ մասնաճյուղ»,-ասել է պատգամավորը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 61-րդ հոդվածի համաձայն՝ ներկայացուցչություն է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որը ներկայացնում է իրավաբանական անձի շահերը եւ իրականացնում դրանց պաշտպանությունը: Մասնաճյուղ է համարվում իրավաբանական անձի գտնվելու վայրից դուրս տեղակայված նրա առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է նրա բոլոր գործառույթները կամ դրանց մի մասը` ներառյալ ներկայացուցչության գործառույթները: Գեւորգ Պապոյանի խոսքով ներկայացուցչությունը եւ մասնաճյուղը իրավաբանական անձի առանձնացված ստորաբաժանումներ են, սակայն մասնաճյուղն իրականացնում է ավելի լայն գործառույթներ, քան ներկայացուցչությունը:


Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը համաձայնել է հեղինակի հետ, որ փոփոխությունը կարող է դրական ազդել ներդրումների զարգացման տեսանկյունից, եւ ազատականացման գործընթացն արդյունավետ կլինի: Նա անդրադարձել է մասնաճյուղի կազմակերպաիրավական ձեւով պայմանավորված խնդիրներին՝ նշելով, որ մասնաճյուղերի մասով պետական ռեգիստրում խնդիրներ են առաջանում, իսկ ներկայացուցչության դեպքում հստակ է:


Գեւորգ Պապոյանի հավաստմամբ ՀՀ արդարադատության նախարարության հետ նախնական խորհրդակցության արդյունքում հաստատվել է, որ իրավական առումով խնդիր չկա:


Հարակից զեկույցում Լիլիթ Մինասյանը դրական է գնահատել առաջարկվող փոփոխությունը:


ՀՀ միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի կարծիքով եւս, եթե ներկայացուցչության աշխատողն ազատված է աշխատանքի թույլտվության պահանջից, ապա մասնաճյուղում աշխատողները եւս պետք է ազատված լինեն: Նշվել է, որ գործադիրն առարկություններ եւ առաջարկներ չունի:


Հարցն առաջին ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:


Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի քննարկումը: