Ջերմուկի հատվածում դիերը դուրս են բերվել. մարզպետ
Ջերմուկի հատվածում չկան դիեր, որ դուրս չեն բերվել: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
«Այս պահի դրությամբ դիեր չկան, որ պատերազմական գործողությունների տարածքներից դուրս չեն բերվել, համենայնդեպս Ջերմուկի ձորի հատվածում: Իմ տեղեկություններով՝ անվտանգության համապատասխան աշխատակիցները, նաև ՊՆ-ի հետ փոխադարձ պայմանավորվածությամբ, ամբողջ տարածքն անցել են, որևէ բան չեն հայտնաբերել»,- ասաց Գրիգորյանը։
Հարցին, թե արդյո՞ք ադրբեջանական խումբը, որը սեպտեմբերի 13-ից ագրեսիայից հետո ներթափանցել էր Ջերմուկի տարածք, դեռևս շարունակում է այնտեղ մնալ, մարզպետն ասաց՝ այո: Սակայն ճշտող հարցը լսելուց հետո, թե ԳՇ պետը օրերս հատարարեց, որ խումբը հեռացել է, Գրիգորյանը շտկեց ինքն իրեն՝ ասելով, որ եթե շտաբի պետը այդպես է ասել, ուրեմն այդպես էլ կա: Եվ զերծ մնաց մանրամասն այս թեմային անդրադառնալուց:
VERELQ-ը հիշեցնում է, որ այն մասին, որ ՀՀ տարածք ադրբեջանական խմբեր են ներթափանցել ու դեռ շարունակում մեր տարածքում մնալ, հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը. «Հայաստանում որոնում են ՀՀ ներթափանցած ադրբեջանական խմբերին։ Կան ներթափանցած 1-2 խումբ այս պահի դրությամբ, որոնց որոնողական աշխատանքներ են տարվում։ Դրանք դուրս կմղվեն կամ այդ հարցը ռազմական առումով կլուծվի, և ենթադրում եմ, որ շատ արագ»,– ասաց Սիմոնյանը։
Խմբերը, սակայն, շատ արագ դուրս չշպրտվեցին ՀՀ տարածքից: Մեկ շաբաթ առաջ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարեց.
«Տարբեր ուղղություններով եղել են հակառակորդի մի շարք խմբեր, մենք ունեցել ենք ոչ գծագրվող անհամաչափ առաջնագիծ: Առաջանում են հակառակորդի մխրճումներ որոշ ուղղություններում եւ դիրքային համապատասխան փոխհրաձգությունների արդյունքում հակառակորդի մխրճված ստորաբաժանումները հետ են քաշվել, իրենք կրել են կորուստներ: Հակառակորդի ստորաբաժանումները, տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, իսկ գերեվարելու համար պետք է նրան ընդհուպ մոտենալ: Մեր զինծառայողների կյանքին վտանգ չպատճառելու պատճառով մենք դրան չենք գնացել: Մենք ներկա դրությամբ Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը, իրադրությունը հարաբերական կայուն է»: