25.11.2024
Այսօր կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով հանդիպումը
prev Նախորդ նորություն

Դելիմիտացիան պետք է տեղի ունենա միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու հիմքով

Մեկ շաբաթ առաջ Սոչիում Ռուսաստանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունում վերահաստատվեց Պրահայի քառակողմ հայտարարության այն հատվածը, ըստ որի՝ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի պայմանագրի և պրոտոկոլների հիման վրա, ինչը կարևոր փաստ է։ Այս մասին «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։


«Սա շատ կարևոր է հայկական կողմի համար, որովհետև նաև ֆիքսում է, որ դելիմիտացիան երկու երկրների միջև պետք է տեղի ունենա այս հիմքով», - ընդգծեց Ռուբինյանը՝ հավելելով. - «Հիշում եք, որ Ադրբեջանից մինչ այս հնչում էին որոշակի ապակառուցողական հայտարարություններ ինչ-որ պատմական քարտեզներով, կամ ինչ-որ անհայտ քարտեզներով դելիմիատիացիա անելու մասին, և այս երկու հայտարարություններով՝ Պրահայի և Սոչիի, ֆիքսվում է, որ կա սահման Հայաստանի և Ադրբեջանի միջև, և դա նախկին խորհրդային հանրապետությունների միջև սահմանն է, և այդ հիմքով պետք է տեղի ունենա դելիմիտացիան»։


Ռուբինյանը նաև նշել է, որ «հայկական կողմը, բնականաբար, առաջարկել և պնդել է, որ Լեռնային Ղարաբաղին անդրադարձ լինի, կամ Լեռնային Ղարաբաղ տերմինը նշվի, և խաղաղապահների մանդատի երկարացման հարցն է բարձրացրել, և ընդհանրապես՝ մեր հայտնի դիրքորոշումները բարձրացվել են, բայց համաձայնության հասնել բոլոր հարցերով հնարավոր չի եղել, ինչն էլ արտահայտված է ընդունված հայտարարության մեջ, որը ընդհանուր հայտարարություն է, և առաջընթաց չի երևում այդ հայտարարությունից»։


VERELQ-ը հիշեցնում է, որ Սոչիում հոկտեմբերի վերջին օրը կայացած հանդիպմանն ընդունված հայտարարությունը 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի առաջնորդների միջև համաձայնեցված չորրորդ հայտարարությունն է: Մինչդեռ մինչև օրս նախորդ երեք հայտարարություններում ամրագրված շատ կետեր ԴԵՌ կյանքի չեն կոչվել: Մասնավորապես, հայ գերիները չեն վերադարձվել,  ճանապարհները չեն ապաշրջափակվել: