25.11.2024
Բաբայան. Կրակոցներն ավելացել են, բայց նախապատերազմական իրավիճակի մասին խոսելը ճիշտ չէ
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. «Նեղացած» Սեյրան Օհանյանը կանցնի ընդդիմադիր դաշտ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 3-ին ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար, նրա փոխարեն նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, իսկ վերջինիս փոխարեն ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախագահի աշխատակազմին Արմեն Գեւորգյանին եւ Յուրի Խաչատուրովին ներկայացնելու պաշտոնական արարողությունից հետո, երբ արդեն տեսախցիկները դահլիճից դուրս են բերվել, Սերժ Սարգսյանը ներկաներին բացատրել է, թե ինչու է Յուրի Խաչատուրովին նշանակել անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում: Նա մասնավորապես ասել է, որ ինքը Յուրի Խաչատուրովի թեկնածությունն առաջարկելու է ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնի համար: Եթե ՀԱՊԿ անդամ երկրները, իսկ ավելի կոնկրետ՝ Ռուսաստանը, համաձայնի, ապա Խաչատուրովն առաջիկայում կնշանակվի այդ պաշտոնում»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո խոսում են նրա՝ ընդդիմադիր դաշտ տեղափոխվելու մասին, որ նա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի ստեղծելիք կուսակցության՝ «Շրջադարձի» նախագահն է լինելու: ՀՀԿ-ական շրջանակները սա անհավանական են համարում, չնայած հաստատում են, որ Օհանյանը նեղացած է բաժանվել Սերժ Սարգսյանից։ Իր հերթին` չնայած Դալլաքյանը նախօրեին մասնակցում էր նախագահի մոտ խորհրդակցությանը, որի ժամանակ ներկայացվեց աշխատակազմի նոր ղեկավարը, սակայն, նրա կողմնակիցների պնդմամբ, առանց երկմտելու դուրս կգա ՀՀԿ-ի դեմ, եթե Սեյրան Օհանյանը վերջնական համաձայնություն տա: Լուրեր կան, որ «Շրջադարձը» ռուսական շրջանակներից է ֆինանսավորվելու, եւ դրա նորամուտի առաջին ծիծեռնակը վերջերս բացված politinfo.am կայքն է»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի անձի հետ կապվող Պանամական օֆշորի քրգործը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է ավելի քան հինգ ամիս: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ-ն որոշել է հարցաքննության հրավիրել այդ քրգործի առիթ դարձած փաստաթղթերը հրապարակած միջազգային լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին: Այս քայլով ՀՔԾ-ն փաստացի փորձում է Միհրան Պողոսյանին «արդարացնելու» ուղիներ գտնել: Պարզից էլ պարզ է, որ լրագրողական կազմակերպությունների ղեկավարները ՀՔԾ-ին չեն ասի ավելին, քան հրապարակել են: Արդյունքում, ՀՔԾ-ն հնարավորություն կստանա ասելու, որ քրգործի հիմքում դրված փաստաթղթերի արժանահավատությունը հաստատող ապացույցներ չունեն: Մյուս կողմից էլ իրենց տրամադրության տակ ունեն Միհրան Պողոսյանի կողմից ներկայացված փաստաթղթերը, որոնք իբր հերքում են Պանամական օֆշորի փաստաթղթերը: Ըստ այդմ, քրգործը կկարճեն, եւ Միհրան Պողոսյանը կլծվի 2017-ի ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու «սուրբ» գործին»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վիգեն Սարգսյանը բանակին շրջապատող խնդիրներով է միայն զբաղվելու։ Նախկին ընկալմամբ պաշտպանության նախարարի գործառույթների մնացած մասը Մովսես Հակոբյանն է իրականացնելու։ Վերջինս նախարարին հավասարազոր ստատուս է ստանում, ինչը ենթադրում է, որ սուբորդիանցիոն հարաբերություններ Վիգեն Սարգսյանի և Մովսես Հակոբյանի միջև չեն լինելու։ Պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի սուբորդինացիան թերևս ամենամեծ խնդիրն է, որ հետապնդել է Սեյրան Օհանյանին իր պաշտոնավարման տարիներին։ Նա այդպես էլ չկարողացավ լուծել այդ խնդիրը։ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը գործում էր «պետություն պետության ներսում» տրամաբանությամբ՝ չենթարկվելով իր անմիջական ղեկավարին՝ նախարարին։ Ընդհանրապես Խաչատարովը համարվում է մարդ, որը երկար տարիներ կանգնած էր բանակի կոկորդին։ Վերոնշյալ դասավորվածությամբ միաժամանակ մի քանի խնդիր է լուծվել՝ 1. նախարարի և շտաբի պետի հարաբերությունների խնդիրը (Խաչատուրովն այնպիսի ժառանգության է թողել համակարգում, որ ով էլ նշանակվեր ԳՇ պետ, կամ միանգամից, կամ ժամանակի ընթացքում վերածվելու էր նոր Խաչատուրովի), 2. Յուրի Խաչատարովի «արժանապատիվ» հեռացումը բանակից։ ԱԱԽ քարտուղարի պաշտոնը երկար ժամանակ թափուր էր և կարող էր այդպես էլ մնալ, ու ոչ ոք չէր նկատում այդ բացը։ Բայց այդ պաշտոնը փաստորեն, ի վերջո, ծառայեց իր նպատակին՝ ազգային անվտանգությանն առնչվող կարևոր հարց լուծեց։ Ապրիլյան պատերազմի օրերին ապացուցվեց, որ բանակում տիրող կոռուպցիայի մասին հայտարարությունները առավել քան հիմնավոր են։ Դժբախտաբար, այդ ապացույցի դիմաց ՀՀ-ն շատ մեծ գին վճարեց։ Եվ հիմա Սերժ Սարգսյանի գործողությունների տրամաբանությամբ Վիգեն Սարգսյանը, որպես ազնիվ պաշտոնյա, պետք է ՊՆ խողովակները մաքրի այնպես, որ բանակին հատկացվող վերջին լուման հասնի բանակին։ Որքանով կստացվի՝ ժամանակը ցույց կտա»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները չեն բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն իր թիմակից անկուսակցական նախարարների հետ միասին նոյեմբերի 26-ի սպասվող ՀՀԿ համագումարի ժամանակ կմտնի Հանրապետական կուսակցություն։ ՀՀԿ-ին անդամակցելու դեպքում Կարեն Կարապետյանը կարող է հայտնվել կուսակցության ղեկավար կազմում և կդառնա փոխնախագահ։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ վարչապետը չի շտապում ՀՀԿ-անալ, բայց այդ սպասումները նրանից ունի ՀՀԿ վերնախավը։ Եվ եթե նա այս տարի չմտնի կուսակցություն, ապա մինչև հաջորդ տարվա խորհրդարանական ընտրությունները անպայման մտնելու է»:

«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած համառորեն լուրեր են պտտվում, թե ՊԵԿ նախագահ Հովիկ Հովսեփյանին փոխարինելու է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանը, «Ժամանակ»-ի աղբյուրները սակայն պնդում են, որ Վարդան Հարությունյանը չի ցանկանում նշանակվել այդ պաշտոնում՝ հասկանալով, թե ինչպիսի պատասխանատվության տակ է ընկնում, և ձախողելու ռիսկերը չափազանց մեծ են։ Վարդան Հարությունյանը հասկանում է, որ ՊԵԿ-ում ձախողելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը թույլ չի տա վերադառնալ նախկին պաշտոնին, որտեղ նշանակվելու առաջին օրից վերջինիս հաջողվել է միլիոնատեր դառնալ»: