Կրակոցների թիվը իսկապես մեկ օրվա ընթացքում շատացել է, բայց ասել, թե իրավիճակը ապակայունանում է և ստեղծվում է նախապատերազմական իրավիճակ ճիշտ չէ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ամենը պետք է դիտարկենք համեմատության մեջ, ոչ թե բացառիկության կամ աննախադեպության կոնտեքստում, որովհետև եթե համեմատենք իրավիճակը, որը մենք ունեինք 3-4 տարի առաջ կամ ապրիլյան պատերազմի օրերին ու նախօրեին, ապա այսօր կրակոցների թիվը քիչ է: Բայց որևէ առանձնահատուկ բան չկա, նախապատերազմական իրավիճակի մասին, կրկնվեմ, խոսք լինել չի կարող: Նման պահվածքը ուղղակի հետևանք է ահաբեկչական-ֆաշիստական պետության էության, քանզի պետությունները, ինչպիսին է Ադրբեջանը, մշտապես նման քաղաքականություն են վարում»,- նշեց նա:
Հիշեցնենք, ԼՂՀ ՊՆ տարածած հաղորդագրությունից
տեղեկանում ենք, որ անցած գիշեր հակառակորդը զգալիորեն ակտիվացել է՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 4000 կրակոց, այդ թվում և ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:
Ավանդույթի համաձայն՝ հակառակորդը ակտիվանում է հատկապես նախագահների հերթական հանդիպման նախաշեմին: Օրերս, հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ
Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ առաջիկայում համանախագահները կայցելեն տարածաշրջան և հույս ունեն, որ կուրվագծվի
Սերժ Սարգսյան -
Իլհամ Ալիև հերթական հանդիպման ժամկետը: Դավիթ Բաբայանի խոսքով, ադրբեջանական զինուժի վերջին ակտիվացումը կարելի է նաև այդ հանգամանքով բացատրել, քանի որ, նրա խոսքով, հանդիպումը սովորաբար առիթ է ծառայում, որպեսզի խախտվի հրադադարի պահպանման ռեժիմը: Ըստ մեր զրուցակցի՝ սա ևս պահելաձևի մի դրսևորում է, երբ Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտելու համար օգտագործում է նաև այդ հանգամանքը:
«Բայց այսօր, կարծում եմ, առաջնային է բոլորովին այլ գործոն. Ադրբեջանում առկա հետընտրական գործընթացը, առկա մեծ դժգոհությունը հանրության շրջանում՝ սահմանադրական հանրաքվեի և ալիևյան կլանի կողմից իշխանությունը հավերժացնելու ոտնձգությունների հետ կապված, ստիպում են իշխանություններին ժողովրդի ուշադրությունը շեղել քաղաքական խնդիրներից և կրկին արտաքին թշնամու կերպարը զարգացնել ու սպեկուլյացիաների ենթարկել»,- շեշտեց Բաբայանը:
Բայց, կրկնեց նա, պետք չէ շահարկումների գիրկն ընկնել ու պատերազմի մասին հայտարարություններ անել, քանզի ոչ մի պետություն, պատերազմ սկսելուց առաջ, այդ մասին չի հայտարարում, իր գործողություններն էլ հնարավորինս քողարկում է.
«Քաղաքագետների նման կանխատեսումները լոկ շահարկումներ են: Բայց մենք ամեն վայրկյան պատրաստ ենք պահելու մեր խաղաղությունը»,- հավելեց ԼՂՀ նախագահի խոսնակը: