25.11.2024
Մամուլի տեսություն. Կառավարման համակարգում Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձն է
prev Նախորդ նորություն

Զինգհամմեր. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը վերջնական է

Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունումը ճիշտ որոշում էր: Գերմանիայի խորհրդարանում կայացրած մեր որոշումը վերջնական է, և մենք չենք փոխելու այն: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Բունդեսթագի փոխնախագահ Յոհաննես Զինգհամմերը:

«Այո, Գերմանիայի խորհրդարանում մենք որոշեցինք առաջադրել Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը և շատ երկար քննարկումներից հետո այն ընդունեցինք: Ըստ իս` դա մի քայլ էր դեպի ճշմարտություն, իսկ ճշմարտությունն էլ մեկ քայլ առաջ է դեպի խաղաղություն, այսինքն` սա խաղաղության հասնելուն միտված քայլ էր: Արդեն շուրջ 100 տարի է անցել. կարծում եմ` արդեն ժամանակն էր դա անելու: Մենք կկարողանանք գնալ դեպի ապագա, եթե հիշենք անցյալը: Դա անհրաժեշտություն է»,- նշել է նա:

Հարցին, թե ինչ է կարծում բանաձևի ընդունման վերաբերյալ Թուրքիայի արձագանքի մասին հատկապես վերջին զարգացումներից հետո, երբ Թուրքիան պահանջել էր Գերմանիայից հետքայլ կատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող Բունդեսթագի բանաձևից, նա պատասխանել է. «Գերմանիայի խորհրդարանում կայացրած մեր որոշումը վերջնական է, և մենք չենք փոխելու այն»:

Հիշեցնենք, հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քվեարկության դրվեց և ընդունվեց «Օսմանյան կայսրությունում 101 տարի առաջ հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանության և հիշատակի մասին» բանաձևը: Դրանից հետո Թուրքիան արգելել էր Գերմանիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այցելելու Ինջիրլիք ռազմաբազայում տեղակայված գերմանական ռազմական ուժերին: Օգոստոսին հայտնի դարձավ, որ Թուրքիան նոր պայման է դրել Գերմանիայի առջև՝ Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող գերմանացի զինվորներին այցելելու թույլտվության դիմաց: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Թուրքիան Գերմանիայի կառավարությունից պահանջել է հայտարարել, որ Բունդեսթագի կողմից հաստատված Հայոց ցեղասպանության բանաձևը որևէ իրավական ուժ չունի: