25.11.2024
Ֆիննախ. 2016-ին 80 մլրդ դրամով պակաս հարկային հավաքագրում կլինի
prev Նախորդ նորություն

Մամուլի տեսություն. Կառավարման համակարգում Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի ամենավստահելի անձն է

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի այսօլրվա ուշագրավ հրապարակումները:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում է ուշ թե շուտ ազատվել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանից։ Այս 3 շաբաթներին նա ընդհանրապես չի երևում վարչապետի կողքին։ Փոխարենը Կարապետյանն այժմ ակտիվորեն շփվում է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի հետ, որը կառավարության նիստերի ժամանակ նստում է վարչապետի կողքին։ Հիշեցնենք՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողքին թե՛ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, թե՛ կառավարության նիստերին միշտ Հարությունյանն էր նստում, թեև ի պաշտոնե դա Գաբրիելյանի տեղն էր։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Կարապետյանն ի սկզբանե է ցանկացել ազատել Հարությունյանին, բայց քանի որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ բանակցությունները համակարգել է Հարությունյանը և պետք է ավարտին հասցնի, նա դեռ պետք է պաշտոնավարի։ Բացի այդ, նրան, նաև Արփինե Հովհաննիսյանին դեռ չազատելու համար Կարապետյանին խնդրել է նաև Հովիկ Աբրահամյանը»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած շաբաթ ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ ընդունված աղմկահարույց «Հարկային օրենսգիրքը» տվեց իր առաջին բացասական արդյունքը: Նախագծով շահումով խաղերի պետական տուրքը 5 անգամ բարձրացվել է` ներկայիս 100 միլիոն դրամի փոխարեն սահմանելով 500 միլիոն դրամ: Տեղեկացնենք, որ առցանց խաղատները եւ սպորտային միջոցառումների վրա խաղադրույքներ ընդունող ընկերությունները նույն դաշտում են գործում: Եւ հիմա նրանցից ավելի շատ գումար պիտի գանձվի` բնականաբար քաղաքացիների մեջ խաղամոլությունը զարգացնելու գնով: Բայց խնդիրը միայն դա չէ: Բանն այն է, որ նախագծով շուկայում մենաշնորհ հաստատելու նախադրյալներ են ստեղծվում, քանի որ այսօր շուկայում գերիշխող դիրք ունեցող «Վիվառո» ՍՊԸ-ն միայն կկարողանա վճարել ահռելի պետտուրքը: «Եվրոֆուտբոլ», «Տոտո Գեյմինգ» եւ «Գուդվին» ընկերությունները գուցե փակվեն: «Ժողովուրդ»-ը խնդրի առնչությամբ զրուցել է «Եվրոֆուտբոլ»-ի իրավաբանական գծով տնօրեն Մառլեն Սմբատյանի հետ, ով հայտնել է, որ իրենք պատրաստվում են բողոքի ակցիաներ կազմակերպել Կառավարության առջեւ»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ընտրությունների անակնկալն Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության հաղթարշավն էր՝ շուրջ երկու տասնյակ համայնքներում համայնքների ղեկավարներ, ավելի քան 200 ավագանու անդամներ, Գյումրու եւ Վանաձորի ընտրություններում երրորդ տեղը։ Սա վկայում է, որ իրավացի են նախկին ՕԵԿ-ականները, երբ ասում են, որ ընտրությունը բարդ գործընթաց է, եւ այստեղ երկարատեւ փորձ ու լուրջ աշխատանք է հարկավոր։ Ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ պակաս կարեւոր չէ թեկնածուների անձը՝ համենայնդեպս, Գյումրիում եւ Վանաձորում ՀՎԿ-ն «ճիշտ» մարդկանց վրա էր «ստավկա» արել»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես կանխավ հրապարակել էինք՝ Վիգեն Սարգսյանը երեկ նշանակվեց ՀՀ պաշտպանության նախարար: Նա 41 տարեկան է, մասնագիտությամբ` դիվանագետ, աշխատանքային կարիերան սկսել է ազգային ժողովում: 1995-ից 1998 թվականներին եղել է ԱԺ նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանի օգնականը: 2001 թվականից մինչեւ 2003 թվականին, երբ Սերժ Սարգսյանը զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, Վիգեն Սարգսյանը նշանակվել է նրա ռեֆերենտի պաշտոնում, 2003-ին` նախագահի օգնական: 2003-ից մինչեւ 2008 թվականը նախագահականում փաստացի եղել է Սերժ Սարգսյանի մարդը Ռոբերտ Քոչարյանի մերձավոր շրջապատում: 2009-ին նշանակվել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար, իսկ 2011-ից դարձել է նրա աշխատակազմի ղեկավարը: Ու եթե Հայաստանի կառավարման համակարգում փորձենք Սերժ Սարգսյանի համար ամենավստահելի անձանց աղյուսակ կազմել, ապա այդ ցանկում Վիգեն Սարգսյանը հաստատ առաջին տեղը կզբաղեցնի:

Ինքը՝ Վիգեն Սարգսյանը եւս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է, որ հավատարիմ է Սերժ Սարգսյանին: Եւ նա իր յուրօրինակ մտածողությամբ, իհարկե, ՊՆ-ում կփորձի ռեֆորմներ իրականացնել: Սակայն մի փոքր «սպրավչկա»-ի անհրաժեշտություն, այնուամենայնիվ, կա. բանն այն է, որ Վիգեն Սարգսյանը հայոց բանակում չի ծառայել: Նա չգիտի զինվորի հոգեբանությունը: Սարգսյանը իր ծառայությունն անցել է նախարարի ռեֆերենտի պաշտոնը զբաղեցնելով: Իսկ Սեյրան Օհանյանը, որ արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցներից է եղել, փաստացի մնաց անգործ` մերժելով բոլոր առաջարկները: «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս սեպտեմբերի 14-ին գրել էր, որ Օհանյանը չի վերանշանակվի պաշտպանության նախարար: Հ.Գ. Ի դեպ, երեկվանից սկսած նոր ձեւավորված կառավարությունը պետք է քսանօրյա ժամկետում խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը»:

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Գազպրոմ-Արմենիա» ընկերության ներկայիս գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանին ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու քաղաքական որոշումը, մեր տեղեկություններով, արդեն իսկ կայացվել է: Վերջինս նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի ամենավստահելի անձանցից մեկն է»: