25.11.2024
ՏԻՄ ընտրություններ. Վանաձորում ՀՀԿ-ն կարող է ընդդիմություն դառնալ
prev Նախորդ նորություն

Ֆիննախ. 2016-ին 80 մլրդ դրամով պակաս հարկային հավաքագրում կլինի

Այս տարի հարկերի 80 մլրդ դրամով պակաս հավաքագրում կլինի ծրագրավորված ցուցանիշից: Այս մասին իր առաջին ասուլիսում հայտարարել է Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը: Նրա խոսքով՝ 2015 թվականին ևս 80 մլրդ դրամով պակաս է եղել հավաքագրումը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսական վատ իրավիճակի մասին վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա ամենևին չի նշանակում, թե մենք ապագայի նկատմամբ պետք է ձևավորենք վատ սպասումներ:

Արամյանը տեղեկացրել է, որ այս տարի կառավարությունն ակնկալում է 2,4 տոկոս տնտեսական աճ՝ ծրագրված 2,2 տոկոսի փոխարեն: Իսկ հաջորդ, 2017 թվականին տնտեսական աճի ցուցանիշը ծրագրված է 3,2 տոկոս:

«Ավելի բարձր տնտեսական աճն ակնկալվում է կապիտալ ծախսերի արդյունքում»,- նշել է նա:

Ինչ վերաբերում է ՀՀ արտաքին պարտքին, ապա այն վերջին 3 տարվա ընթացքում աճել է մոտ 900 մլն դոլարի չափով: Բայց 2017 թվականին էլ կառավարությունը պարտք է վերցնելու:

«Ծախսերի մի քանի անգամ կրճատումն անհնար է, բայց քանի որ պարտքն աճել է՝ պետք է գնանք պարտքի կոնսոլիդացման: Իսկ դա նշանակում է, որ հետագա տարիներին պետք է պարտքը դարձնենք կառավարելի: Եթե չես կարգավորում բյուջեն, իսկ պարտքն անընդհատ աճում է, ապա կհանգես նրան, որ պարտքերի սպասարկման տոկոսային ծախսերը կարտամղեն մյուս ծախսերը»,- նշել է ֆինանսների նախարարը: