Հայկական կողմի մոտ 50 դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. Սեյրան Օհանյան
Ցավոք, 44-օրյա պատերազմից հետո պարտությունների շարքը չի դադարում։ Միայն սեպտեմբերյան ագրեսիայի արդյունքում հայկական կողմի մոտ 50 դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս մասին այսօր հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով, ստեղծված իրավիճակում, իհարկե, Ադրբեջանն է գլխավոր մեղավորն ու հանցագործը։ Սակայն, շարունակեց Օհանյանը, հանցագործություն է նաև այն, որ երկրի իշխանությունները վերջին 2 տարիների ընթացքում էական քայլեր չեն ձեռնարկել պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։ «Ենթադրենք՝ իրականում զենքի մատակարարման հետ կապված խնդիրներ են եղել։ Բայց, ի վերջո, հնարավոր է եղել ինժեներական աշխատանքներ անել դիրքերի ամրապնդման համար»,- ասաց նա։
Պատգամավորը պատերազմի վտանգ է տեսնում և չի բացառում նոր պարտությունները, քանի դեռ պարտված գործիչները պետության ղեկին են և բանակցում են՝ գտնվելով արտաքին ճնշման տակ։ Օհանյանը վստահ է, որ իշխանությունների վրա ճնշում է գործադրվում Բաքվի և Անկարայի պահանջները կատարելու և Հայաստանի տարածքով միջանցք բացելու համար։
Օհանյանը վստահ է նաև, որ ինչքան Երեւանը զիջի, այնքան Բաքուն ու Անկարան նոր պահանջներ կներկայացնեն. «Գործող իշխանությունը դա կա՛մ չի հասկանում, կա՛մ միտումնավոր ձևացնում է, թե չի հասկանում»,- կարծում է Օհանյանը։