Մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները. կոչ Արցախի պետական այրերին
Արդարություն կուսակցությունը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, ՀՅԴ Արցախի կառույցը հանդես են եկել հայտարարությամբ, որում ասվում է.
"Համազգային միասնությունը, իրոք որ, հայ ժողովրդի համար միակ փրկությունը կարող է լինել այս վճռորոշ ժամանակահատվածում:
Արցախի քաղաքական ուժերն ու իշխանությունները իրենց հայտարարություններում ու կոչերում միշտ էլ կարևորել են եռամիասնության գաղափարը և այդ ուղղությամբ ձեռնարկվող գործնական քայլերը: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության իրականացման համար կարևորագույն հանգրվաններ են եղել մայր հայրենիքում և Արցախում տարբեր ձևաչափերով կազմակերպված համաժողովներն ու քննարկումները: Այդ հավաքներում մեր հայրենակիցների շփումները առիթ են եղել աշխարհին, մեր բարեկամներին ու հակառակորդներին ապացուցելու, որ հանուն անանց արժեքների և կենսական կարևորություն ունեցող հարցերի՝ հայ անհատը, աշխարհի որ անկյունում էլ լինի, պատրաստ է զոհողության ու նվիրումի, համախմբման ու բռունցքվելու: Անցած տասնամյակներին Արցախը եղել է այդ համախմբման հիմնական առանցքը, հանդիսացել է հայկական աշխարհի խմորիչը, մարմնավորել է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի տեսլականը: Արցախով է սկսվել և Արցախով իմաստավորվել յուրաքանչյուր համախմբման կոչ, յուրաքանչյուր համահայկական գաղափար:
44-օրյա աղետալի պատերազմից հետո Արցախի պետականության պահպանման, ամրապնդման և վերքերի ապաքինման առումով համոզված ենք, որ մեծ դեր կարող է ունենալ համազգային արժեքների ու եռամիասնության գաղափարի շուրջ համախմբումը: Սույն թվականի հոկտեմբերի 28-31-ը Երևանում նախատեսվում է անցկացնել Համաշխարհային հայկական գագաթնաժողով: Այդ ժողովի օրակարգին և կազմակերպման ընթացքին իրենց վերապահումներն են արտահայտել Հայ առաքելական եկեղեցու հովվապետները՝ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսությունները: Գագաթնաժողովին չեն հրավիրվել կամ բոյկոտել են Սփյուռքի ազդեցիկ քաղաքական կազմակերպություններ ու անհատներ:
Գագաթնաժողովի օրակարգը և նախատեսված միջոցառումները պատշաճ ու համարժեք չեն անդրադառնում Արցախին և նրա առջև ծառացած մարտահրավերներին: Արցախը բացակայում է այս գագաթնաժողովից, այն պարագայում, երբ պետք է համազգային տագնապի կոչնակ հնչեցնել: ՀՀ իշխանությունները ոչ մի ջանք չեն խնայում Արցախն ու Արցախի հարցը դուրս մղելու թե՛ միջազգային, և թե՛ համահայկական օրակարգից: Այս գագաթնաժողովը նշված իրականության ևս մեկ ապացույցն է: Արցախն անտեսող և կեղծ համահայկականությամբ քողարկված այս ժողովը անընդունելի պետք է լինի բոլոր նրանց համար, ում համար թանկ են հայոց պետականությունը և նրա ամրությունն ապահովող հիմնասյուները:
Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, Արցախի պետական այրերին մերժել միասնականությունը խաթարող նախաձեռնությունները",-