Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը. Աբդոլլահիան
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության բացման արարողության իր ելույթում նշեց, որ Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը:
«Վստահ եմ, որ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարելու ընթացքում կունենան Իրանի Կառավարության, Երևանում մեր դեսպանատան, Հայաստանի Հանրապետության Կառավարության, Սյունիքի մարզի և Կապան քաղաքի ղեկավարության աջակցությունը և տեղի բնակչության բարեհաճ վերաբերմունքը:
Կապանում գլխավոր հյուպատոսություն հիմնելու Իրանի կառավարության որոշումն այն կարևորության դրսևորումն է, որ Իրանի կառավարությունն ու ժողովուրդը տալիս է Իրանի և հայ ժողովրդի հազարամյա հարաբերություններին:
Իրանը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը: Մեր քաղաքականությունն է՝ հարգել տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված սահմանները:
Սյունիքի մարզը Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորագույն հատվածներից մեկն է: Մեր առավելագույն ջանքերը կգործադրենք, որպեսզի այս տարանցիկ ուղին, ինչպես նաև բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումներն այս ճանապարհով առավել զարգանան»,- ասաց Աբդոլլահիանը: