23.11.2024
Հայաստան է այցելել Վրաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը
prev Նախորդ նորություն

Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ հետապնդման գործընթացը գտնվում է ՓՊ ուշադրության կենտրոնում

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացը գտնվում է ՀՀ փաստաբանների պալատի ուշադրության կենտրոնում: Այս մասին ասված է ՀՀ փաստաբանների պալատի հայտարարության մեջ:


"Էրիկ Ալեքսանյանի կալանավորումից անմիջապես հետո ՀՀ փաստաբանների պալատում կազմակերպվել է քննարկում վերջինիս փաստաբանական խմբի հետ:


Պաշտպանական խմբի հաղորդմամբ՝ Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է իր մասնագիտական գործունեության շրջանակներում փաստաբանի կատարած օրինական գործողությունների համար: Այդ մասին հայտարարել է նաև Էրիկ Ալեքսանյանը զանգվածային լրատվության միջոցների հետ շփումների ընթացքում:


Այս կապակցությամբ, ՀՀ փաստաբանների պալատը, ինչպես նախկինում բազմիցս հայտարարել է, դատապարտում է փաստաբանի նկատմամբ իրականացվող որևէ հետապնդում, առավել ևս՝ քրեական, որը կարող է պայմանավորված լինել վերջինիս կողմից իրականացվող օրինական մասնագիտական գործունեությամբ: Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ փաստաբանի անկախությունը վերջինիս մասնագիտական գործունեության առանցքային հիմքերից է: Այն անհրաժեշտ նախապայման է ժողովրդավարական հասարակության մեջ երաշխավորելու անձանց իրավունքների պաշտպանությունը:


Միաժամանակ, փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հաշվի առնել նաև նրա վստահորդների իրավունքների պաշտպանության հարցերը:


Տեղեկացնում ենք, որ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանական խմբի հետ քննարկման արդյունքներով, այսօր արդեն դիմում է մուտքագրվել Փաստաբանների պալատ՝ Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հարցը քննարկելու համար: Դիմումի կապակցությամբ հրատապ կարգով կհրավիրվի հանձնաժողովի նիստ:


Հիշեցնենք, որ Էրիկ Ալեքսանյանի ձերբակալման մասին տեղեկանալուն պես Պալատի նախագահը և Փաստաբանների պալատի արագ արձագանքման հանձնախմբի համակարգողն հրատապ այցելել էին վերջինիս և քննարկել նրա պաշտպանության հետ կապված հարցեր",- ասված է հայտարարության մեջ: