Երևանում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Երևանում հոկտեմբերի 20-ին մեկնարկեց Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ կազմով հանդիպումը: Մինչ նիստի մեկնարկը տեղի է ունեցել պաշտոնական դիմավորման արարողությունը, անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարման արարողությունը, հայտնում է «Արմենպրես»-ը:
ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլովը, Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նեղ և ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր:
Հատուկ ուշադրություն է դարձվելու թվային օրակարգին, մասնավորապես, Միության տեղեկատվական համակարգի զարգացման և կատարելագործման հեռանկարներին, ապրանքների էլեկտրոնային առեւտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի մշակմանը:
Կքննարկվի գազի ընդհանուր շուկայի, ինչպես նաև նավթի և նավթամթերքների շուկաների ձևավորման վերաբերյալ համաձայնագրերի պատրաստման ընթացքը։ Արդյունքում նախատեսվում է Եվրասիական տնտեսական ինտեգրման հետագա զարգացումը նախատեսող որոշումների ստորագրում։