Սոցիալ-տնեսական իրավիճակի շարունակական վատթարացման պայմաններում Ադրբեջանում ժողովրդական տարերային նոր ընդվզման նշաններն են ի հայտ գալիս: Սեպտեմբերի 29-ին բողոքի ցույց են կազմակերպել Բաքվի «Մայիսի 28» ավանի բնակիչներ: Տեղացիները բողոքել են, որ աշխատատեղերի փակման հետեւանքով դարձել են գործազուրկ եւ գոյությունը քարշ տալու միջոցներ չունեն:
Բնակիչներն ընդգծել են, որ ներկա պահին նույնիսկ կոմունալ ծառայությունների դիմաց վճարելու գումար չունեն: Առկա խնդիրներին ավելացել են սեպտեմբերի 28-ին տեղացած հորդառատ անձրեւի ու հեղեղի հետեւանքով առաջացած ավերածությունները: Բաքվեցիները բողոքել են, որ երկրում համատարած չքավորություն ու աղքատություն է տիրում, սակայն իշխանություններն անտարբեր են եւ ուշադրություն չեն դարձնում իրենց խնդիրների վրա, հայտնում է
armtimes.com-ը՝ հղում կատարելով ադրբեջանական լրատվամիջոցներին:
Որեւէ կերպ իշխանությունների ուշադրությունը գրավելու համար ցուցարարները մոտ մեկ ժամով փակել են Բաքու-Շամախի հանրապետական նշանակության մայրուղին, ինչի հետեւանքով ահռելի խցանում է առաջացել: Այնուհետեւ տեղի են ունեցել բախումներ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ, երբ վերջիններս հավաքվածներին կոչ են արել ցրվել եւ բացել ճանապարհը: Որոշ ժամանակ անց ցուցարարները ցրվել են՝ զգուշացնելով, որ առաջիկա օրերին կրկին հավաքվելու եւ փակելու են մայրուղին, եթե իրենց խնդիրներին լուծում չտրվի:
Վերը ներկայացվածը որոշակի հիմք է տալիս ենթադրելու, որ Ադրբեջանում այս տարվա հունվարին տեղի ունեցած սոցիալական ապստամբության կրկնության նախադրյալներ են ստեղծվել: Հավանաբար, այդ է պատճառը, որ Ադրբեջանով մեկ ցույցերի ակտիվ մասնակիցների զանգվածային ձերբակալություններ են սկսվել:
Սեպտեմբերի 11-ին եւ 17-ին Բաքվում ընդդիմության կազմակերպած հանրահավաքներից հետո 185-ից ավելի մարդ է ձերբակալվել: Սա այն դեպքում, երբ երկու հանրահավաքներն էլ խաղաղ են անցել եւ միջադեպեր չեն գրանցվել: Ենթադրվում է, որ այդ կերպ իշխանությունները փորձում են կանխել բողոքի նոր ալիքի բռնկումը: Ընդ որում, հնարավոր նոր սոցիալական ըմբոստությունը անհամեմատ ավելի հուժկու է լինելու, քանի որ հունվարյան տարերային ցույցերից հետո Ադրբեջանում իրավիճակն անհամեմատ ավելի է վատթարացել:
Նավթի ու գազի վաճառքից ստացվող եկամուտների կրճատմանը զուգահեռ երկրում մոլեգնում է գործազրկությունը. հարյուրավոր արտասահմանյան ընկերություններ արդեն լքել են Ադրբեջանը, իսկ տեղական ձեռնարկությունները՝ սնանկանում կամ փակվում են: Ադրբեջանում ծայր առած գործազրկության ծավալների մասին պատկերացում կազմելու համար բավական է նշել, որ 2016 թվականի առաջին կիսամյակում եկամտահարկից բյուջե կատարվող մուտքերը կրճատվել են 49.4 տոկոսով, իսկ եկամտահարկի հավաքագրումը՝ 22 տոկոսով: Պարզեցված հարկի մուտքերը նվազել են 44 տոկոսով: Ավելացված արժեքի հարկի մուտքերը կրճատվել են 35 տոկոսով: Վերջին ցուցանիշը վկայում է տնտեսության լուրջ անկման մասին:
Հարկերի կտրուկ նվազման պայմաններում անորոշ է Ադրբեջանի 2017 թվականի բյուջեի կատարումը: Ադրբեջանի կառավարությունը ստիպված է կտրուկ նվազեցնել բյուջեն: Օրինակ, պաշտպանության ոլորտի համար 2017 թվականին նախատեսվում է հատկացնել 1 միլիարդ 615.4 միլիոն մանաթ, ինչը նախորդ տարվա համեմատ 613.4 միլիոն մանաթով կամ 27.5 տոկոսով պակաս է: Սակայն, իրականում Ադրբեջանի պաշտպանական բյուջեի կրճատումը դոլարային արտահայտությամբ շատ ավելի մեծ է: Պետք է նկատի առնել, որ երբ ձեւավորվում էր Ադրբեջանի 2016 թվականի բյուջեն, ամերիկյան մեկ դոլարը հավասար էր 0.78 մանաթի: Ներկայումս դոլարի փոխարժեքը հասել է 1.64 մանաթի: Այսինքն, եթե 2016 թվականին Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կազմում էր մոտ 3 միլիարդ ամերիկյան դոլար, 2017 թվականին այն կազմելու է մոտ 980 միլիոն դոլար: Մեկ տարվա ընթացքում եռակի կրճատում:
Այսպիսով, Ադրբեջանի ռազմական բյուջեի չափը աստիճանաբար մոտենում է Հայաստանի պաշտպանական ոլորտին հատկացվող գումարին: