28.11.2024
Կառավարությունը 508 մլն դրամ է հատկացրել՝ 7 մարզում սուբվենցիոն ծրագրի իրականացման համար
prev Նախորդ նորություն

Երևանում տեղի ունեցավ ռուսական բուհերի կրթական ցուցահանդեսի հանդիսավոր բացումը

Այս տարի առաջին անգամ ռուսական 13 բուհեր ներկայացրել են իրենց կրթական ծրագրերը։ ՀՀ ԳԱԱ-ի տարածքում հավաքվել էին կառավարության, գիտության և կրթության ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի բուհ ընդունվել ցանկացող դիմորդները։


Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի Հանրապետությունում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը։ Իր ելույթում նա խոսեց այն մասին, որ ավելի քան 10 տարի Ռուսաստանի Դաշնությունը «Ռոսսոտրուդնիչեստվո» ծրագրով օտարերկրյա քաղաքացիներին տրամադրում է անվճար կրթության քվոտաներ։
«2021 թվականին 250 հայ ուսանող գնացել է սովորելու ռուսական բուհեր՝ ուսուցման տարբեր ոլորտներում և կրթական մակարդակներում։ Նրանք կվերադառնան հայրենիք, կդառնան իրենց գործի մասնագետ և, վստահ եմ, միշտ կմնան Ռուսաստանի բարեկամները։ Ի վերջո, կրթության, գիտության և մշակույթի ոլորտում փոխադարձ փորձի փոխանակումը մեր ժողովուրդներին միավորում է, հատկապես մեր երկրների համար այս դժվարին ժամանակներում», - ասաց Վադիմ Ֆեֆիլովը:


Ցուցահանդեսի հյուրերին ողջունեց ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը․ «Հատկանշական է, որ այս ցուցահանդեսի անցկացման վայր է ընտրվել ԳԱԱ-ի բաց հարթակը։ Հասարակության մեջ անհրաժեշտ է ամրապնդել փոխադարձ կապը երկու սոցիալական ինստիտուտների՝ գիտության և կրթության միջև։ Այսօրվա միջոցառումը կարևոր քայլ է մեր նպատակներին հասնելու համար»:


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Թռչունյանը նախարարության անունից ողջունեց ներկաներին և նշեց, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը կրթական, գիտական, ինչպես նաև ուսանողների փոխանակման ոլորտում առաջնահերթություն է․
«Կրթական և տեղեկատվական ցուցահանդեսը իդեալական հարթակ է ամրապնդելու և նոր հնարավորություններ ստեղծելու համար։ Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի գործունեության շնորհիվ Հայաստանում անցկացվում են տարբեր միջոցառումներ՝ ուղղված մեր շրջանավարտներին համախմբելուն, գիտության, նոր տեխնոլոգիաների ոլորտում գիտելիքների զարգացմանն ու մշակութային ընդհանուր արժեքների տարածմանը»,- հավելեց Կարեն Թռչունյանը։


Ներկաներին դիմեց նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նախարարի խորհրդական Մաքսիմ Սելեզնյովը. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի և Հայաստանի միջև կրթական ոլորտում կառուցողական համագործակցության մակարդակը՝ ինչպես ավանդական, այնպես էլ նոր ձևաչափերով։ Մենք ողջունում ենք ռուս-հայկական համագործակցության ընդլայնումը կրթության ոլորտում, համատեղ կրթական ծրագրերի մեկնարկն ու իրականացումը, ներառյալ ուսուցիչների վերապատրաստումը և մեր երկրների ուսանողների ակադեմիական շարժունակության բարձրացումը»:


Մաքսիմ Սելեզնյովը նշեց, որ ցուցահանդեսն անցկացվում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 25-ամյակի շրջանակներում։ Կրկնակի տարեդարձի կապակցությամբ հայ կրթության և միջազգային համագործակցության նշանավոր գործիչները պարգևատրվել են Ռուսաստանի Դաշնության Գիտության և բարձրագույն կրթության նախարարության «Կրթության և գիտատեխնիկական զարգացման բնագավառում պետական քաղաքականության իրականացման գործում ներդրած ավանդի համար» մեդալներով։


Ցուցահանդեսը կշարունակվի նաև վաղը։ Դիմորդները ոչ միայն կծանոթանան ռուսական 13 բուհերի կրթական, գիտական և մշակութային գործունեությանը, այլ նաև կկարողանան ավելին իմանալ օտարերկրյա քաղաքացիների համար անվճար կրթական ծրագրի մասին։