Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Կառավարությունը որոշում է ընդունել 2022թ. բյուջեից ՀՀ մարզպետարաններին 508,222.1 հազար ՀՀ դրամ հատկացելու վերաբերյալ՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակում շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարման նպատակով:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը զեկուցել է, որ նախատեսվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ 7 մարզերի 20 բնակավայրում 21 ծրագրերի իրականացման համար, այն է՝ Արագածոտնի մարզ՝ 3 ծրագիր, 28 մլն ՀՀ դրամ, Արարատի մարզ՝ 2 ծրագիր, 91 մլն ՀՀ դրամ, Արմավիրի մարզ՝ 1 ծրագիր, 6 մլն ՀՀ դրամ, Գեղարքունիքի մարզ՝ 7 ծրագիր, 168 մլն ՀՀ դրամ, Լոռու մարզ՝ 5 ծրագիր, 107 մլն ՀՀ դրամ, Կոտայքի մարզ՝ 2 ծրագիր, 74 մլն ՀՀ դրամ, Շիրակի մարզ՝ 1 ծրագիր, 32 մլն ՀՀ դրամ: Նախարարը նշել է, որ նշված գումարի շրջանակում ֆինանսավորվելու են նաև 2022թ. հաստատված և արդեն ավարտված ծրագրերը հետևյալ բնակավայրերում՝ Արագածոտնի մարզի Արուճ համայնքի ներհամայնքային փողոցների ասֆալտապատում, Շամիրամ համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում, Արագածավան համայնքի Արագածավան բնակավայրի լուսավորության ցանցի անցկացում, Արարատի մարզի Այնթափ բնակավայրի փողոցների ասֆալտապատում, Մասիս քաղաքի Հերացի և Հանրապետության փողոցների ասֆալտապատում, Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի մի շարք թաղամասերի, ջրագծերի և ներքին ցանցերի նորոգում, Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքի կապիտալ վերանորոգում և խաղահրապարակի կառուցում, ինչպես նաև մի շարք այլ ծրագրեր:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հարցին ի պատասխան ՏԿԵ նախարարը հայտնել է, որ 2022թ. համար ընդհանուր աշխատանքների բյուջեն կազմում է 18 մլրդ ՀՀ դրամ, որից 324 ծրագրի համար Կառավարությունն իր մասնաբաժինն արդեն ֆինանսավորել է՝ 9 մլրդ 260 մլն ՀՀ դրամի չափով, իսկ եթե մարզերը 18 մլրդ ՀՀ դրամից ավելի ծրագիր կիրականացնեն, կկատարվի վերաբաշխում: 2021թ. հաստատված ծրագրերից ավարտվել է 551 ծրագիր, որոնք իրականացվել են և՛ 2021թ., և՛ 2022թ.: Գնել Սանոսյանը նշել է, որ հաշվի առնելով սուբվենցիոն ծրագրերի ծավալի մեծացումը՝ պետական բյուջեում ավելացել է դրանց համար հատկացվող գումարի չափը. 2023թ. համար նախատեսվել է 22 մլրդ ՀՀ դրամ:
Շարունակվում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ձևավորումը. հաստատվել են համապատասխան ցանկերն ու ուղեցույցները
Գործադիրի որոշմամբ հաստատվել են Հայաստանի Հանրապետությունում ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքում բազային և թեմատիկ տարածական տվյալների ցանկը և դրանց ստանդարտացման ուղեցույցները:
Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը զեկուցել է, որ տարածական տվյալների համակարգը հնարավորություն է տալիս ձեռք բերել տարբեր տեսակի տեղեկատվություն երկրագնդի մակերևույթի, ստորգետնյա կոմունիկացիաների, ստորգետնյա օբյեկտների վերաբերյալ: Նման ենթակառուցվածքի առկայությունը և դրա փոխկապակցվածությունը տարբեր ոլորտային բաղադրիչների հետ նպաստում է կառավարման համակարգում հավաստի և ճշգրիտ տվյալների հիման վրա որոշումների կայացմանը: Նշված որոշմամբ սահմանվում են՝ բազային և թեմատիկ շերտերի ցանկերը, բազային տարածական տվյալներին վերաբերվող ստանդարտացման ուղեցույցները և թեմատիկ տարածական տվյալներին վերաբերող ստանդարտացման ուղեցույցները: Ս. Թովմասյանը նշել է, որ մոտ 2 ամիս առաջ գործարկվել է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքը՝ ազգային գեոպորտալը, գծագրվել է նաև քարտեզագրական մոդուլը: Աշխատանք է տարվել պետական լիազոր մարմինների հետ՝ մեկ ընդհանուր բնութագրիչ ուղեցույց կազմելու ուղղությամբ, որի կիրարկմամբ նրանք կկարողանան իրենց տնօրինության տակ գտնվող տեղեկատվությունը հավաքել համապատասխան ստանդարտով և ապահովել դրա ինտեգրումը Կադաստրի կոմիտեի կողմից վարվող բազային շերտերին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ քննարկումների արդյունքում ծրագրվում է ՀՀ ճանապարհային ցանցի վերաբերյալ համակողմանի տվյալների հավաքագրում և դրանց ինտեգրացիա կադաստրային տեղեկատվությանը: Նմանատիպ աշխատանք է տարվում նաև Էկոնոմիկայի, Շրջակա միջավայրի նախարարությունների, Քաղաքաշինության կոմիտեի հետ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կադաստրի կոմիտեի ղեկավարից հետաքրքրվել է համակարգի հանրային հասանելիության հնարավորություններով:
Ի պատասխան Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ ազգային գեոպորտալը հասանելիություն ունի maparmenia.am կայքով, որտեղ առկա է որոշակի տեղեկատվություն՝ օդային լուսանկարներ, կադաստրային քարտեզ, կադաստրային ծածկագիր: Ընդ որում, հասանելիության տարբեր մակարդակներ են սահմանվելու. հանրությանը հասանելի է լինելու այն տեղեկատվությունը, որը աշխարհում գոյություն ունեցող պրակտիկայի հիման վրա ենթակա է հանրային օգտագործման՝ օրինակ, հասցեներ, անշարժ գույքի միավորներ և այլն: Իսկ պետական մարմինների համար հասանելիությունն ապահովվելու է այլ հարթությամբ, որն անհրաժեշտ է քաղաքականության ճիշտ մշակման համար: Հասանելիության ապահովումը և ինտեգրացիան կազմակերպվելու են տարբեր մեթոդաբանություններով, որոնք սահմանված են Կառավարության կողմից հաստատված օրենքների նախագծերում և գտնվում են Ազգային ժողովում:
Կբարելավվի գովազդակիր ընկերությունների գործունեության միջավայրը
Կառավարությունը հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է դեղերի արտաքին գովազդին: Ներկայում գործող օրենսդրությամբ արգելված է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են: Փոփոխությունների նպատակն է ստեղծել հավասար միջավայր գովազդակիր տարբեր ընկերությունների միջև և աջակցել նրանց՝ ավելացնելու եկամտաբերությունը: Նրա խոսքով՝ դա չի ազդի դեղերի գների վրա, քանի որ խոշոր դեղագործական ընկերություններն արդեն հատկացված մարքեթինգային բյուջե ունեն:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կարևորել է Առողջապահության նախարարության ակտիվ մասնակցությունը օրենսդրական այս փաթեթի քննարկմանը և կիրարկմանը՝ նշելով հետևյալը. «Դեղերի տեսակների մասով հասկանալի է՝ որոշակի սահմանափակումներ կան. ամեն դեղ չէ, որ հնարավոր է գովազդել երևի ընդհանրապես, և ոչ միայն արտաքին գովազդի մասին է խոսքը: Բայց, տիկին Ավանեսյան, Առողջապահության նախարարությունը բովանդակության, այսինքն՝ գովազդային տեղեկատվության վրա ազդեցություն ունի՞, որովհետև դա էլ է վտանգավոր հարց»:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է միայն առանց դեղատոմսի դուրս գրվող դեղերին, որոնց շրջանակը շատ նեղ է: Ինչ վերաբերում է բովանդակությանը, նախարարի հավաստմամբ՝ օրենքը սպառիչ տալիս է այն բացառությունները, որոնք չեն կարող ներառվել գովազդի տեքստի կամ նկարի կամ պատկերի շրջանակում: Գովազդը չի կարող հուշել, որ տվյալ արտադրանքը 100 տոկոսով բուժում է, և նման սպառիչ ցանկ կա: Գովազդի թույլտվության վավերապայմանները բավական խիստ են, և դրա տեղադրման համար տնտեսվարողները ստանում են թույլտվություն և՛ տեքստի, և՛ ձևի առումով: Ա. Ավանեսյանը նշել է, որ նախագծերի փաթեթը դեռ քննարկվելու է Ազգային ժողովում, և միայն միասնական ու հավասարակշռված մոտեցման արդյունքում օրենքը վերջնական տեսք կունենա:
Կառավարությունը հավանություն է տվել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի բարելավման օրենսդրական նախաձեռնությանը
Մեկ այլ որոշմամբ հավանության են արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ փաթեթը վերաբերում է միկրոձեռնարկատիրության բնագավառում հարկման կանոնների փոփոխություններին: Նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի սկզբնապես դրված նպատակներին: Ի սկզբանե միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսվարող սուբյեկտների համար հարկման արտոնյալ պայմանների ստեղծումը: Ներկայում, սակայն, համակարգից օգտվում են ոչ միայն նշված գործունեությամբ զբաղվող փոքր տնտեսվարող սուբյեկտները, այլև այն տնտեսվարողները, որոնք եկամուտ են ստանում այլ տնտեսվարող սուբյեկտներից: Միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաև այն, որ դրա շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական, այլև պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական 5000 ՀՀ դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից: Նախագծերով առաջարկվում է սահմանել, որ
1) շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող հարկ վճարողներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը, շենքերը, շինությունները (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքները, հողամասերը անհատույց օգտագործման վերցնելու գործարքների գծով ծախսերը,
2) միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել նաև վարձակալական վճարի, տոկոսի (բացառությամբ սպասարկող բանկում առկա ընթացիկ հաշվի դրական մնացորդի նկատմամբ հաշվեգրվող տոկոսի) և (կամ) ռոյալթիի ստացում նախատեսող՝ գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս և (կամ) ռոյալթի ստացող կողմ հանդիսացող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը,
3) միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից Հարկային օրենսգրքով սահմանված կարգով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:
Տ. Խաչատրյանը նշել է, որ Ֆինանսների նախարարությունը կշարունակի ներկայացնել հարկման միասնական ռեժիմի ձևավորմանը միտված փոփոխությունների առաջարկներ, իսկ նման հատվածական կարգավորումները թույլ կտան կրճատել նկատված սողանցքները և հարկումից խուսափելու հարթակ չդառնալ, քանի դեռ գործում են հարկման տարբերվող ռեժիմներ:
Թեմայի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նշվել է հարկման ռեժիմների միասնականացման ուղղությամբ շարունակական քայլերի կարևորությունը, ինչը կխթանի տնտեսվարող սուբյեկտների մեծացումը: Այս առնչությամբ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Դա, ի վերջո, կապիտալի շուկայի ձևավորման ամենալուրջ խոչընդոտն է, որովհետև ձեռնարկատիրությունը դեպի կապիտալի շուկա գնալու մոտիվացիա չունի, իսկ դա ամենամեծ պրոբլեմն է: Պետք է անընդհատ ավելացնենք ընկերությունների կոնսոլիդացիայի և մեծանալու խթանները»:
Այլ որոշումներ
Կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 39.240,600 ՀՀ դրամ հատկացնելու վերաբերյալ: Որոշումը բխում է ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականից՝ խրախուսելու միջազգային մրցասպարեզում մարզական բարձր արդյունքներ գրանցած մարզիկներին։ Գումարն ուղղվելու է Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի լրացուցիչ (բացի տարեվերջյան պարգևատրումից) պարգևատրմանը, որը երկրորդ տեղն է գրավել Հնդկաստանի Չեննաի քաղաքում անցկացված շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայում.հավաքականի 5 մարզիկները կպարգևատրվեն յուրաքանչյուրը 5.000.000 ՀՀ դրամով, գլխավոր մարզիչը և թիմի ղեկավարը՝ յուրաքանչյուրը 3.000.000 ՀՀ դրամով:
Գործադիրը որոշումներով հաստատվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին կացարանի տրամադրման, բնաիրային, հոգեբանական, խորհրդատվական, իրավաբանական օգնության և խնամքի տրամադրման, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում, որակի նվազագույն չափորոշիչները, ինչպես նաև մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից անձին որպես զոհ կամ հատուկ կատեգորիայի զոհ նույնացնելու ցուցիչները: