3.10.2024
Ուորլիք. Փարիզում Նալբանդյանի հետ հանդիպումը դրական արդյունքներ է տվել
prev Նախորդ նորություն

Ի՞նչ սպասել Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովից. փորձագետներ

Ռիգայում Արևելյան գործընկերության մայիսյան գագաթաժողովը կգնահատի և կամրագրի անդամ յուրաքանչյուր երկրում ստեղծված իրավիճակը, որպեսզի հասկանալի լինի, թե ինչ ուղղությամբ ընթանալ: Գագաթաժողովի արդյունքները կդառնան յուրատեսակ ուղենիշ Բրյուսելի և արևելյան հարևանների համատեղ աշխատանքներում: Այդ մասին VERELQ-ի հետ զրույցում նշել է "Եվրոպական ինտեգրացիա" ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:

«Մենք գիտենք, որ անդամ-պետությունները եվրոպական ինտեգրման ճանապարհի հաղթահարման առումով տարբեր են: Օրինակ՝ Ուկրաինայի դեպքում խոսքը գնում է DCFTA–ին միանալու մասին արդեն 2016թ.-ի հունվարից, իսկ Բելառուսի և Ադրբեջանի հետ քննարկվելու են վիզաների հետ կապված հարցերը: Հայաստանի պարագայում սպասելիքները իրատեսական են: Գագաթաժողովի ընթացքում կհստակեցվի և կամրագրվի ԵՄ-ի հետ բանակցողների մանդատը և կամրագրվի Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր իրավապայմանագրային բազան», - նշել է Բեքարյանը:

Մեկնաբանելով եվրոպական պաշտոնյաների և դիվանագետների բազմաթիվ հայտարարությունները եվրոպական հարևանության քաղաքականության փոփոխության մասին՝ Բեքարյանը նշել է, որ խոսքը գնում է այն մասին, որ հետագայում լուրջ ուշադրություն է դարձվելու անդամ-պետությունների առաջ քաշած առաջարկություններին:

«Յուրաքանչյուր գործընկերոջ հետ համագործակցությունը կառուցվելու է վերջիններիս սպասելիքները, ցանկությունները և օբյեկտիվ հնարավորությունները մաքսիմալ հաշվի առնելով: Դրանում է կայանում հարևանության քաղաքականության վերաիմաստավորումը: Այժմ ԵՄ-ը հավաքագրում է գործընկերների առաջարկությունները, իսկ հետագայում մշակվելու է համապատասխան ռազմավարությունը», - նշել է քաղաքագետը:

Հայաստանը պատրաստվում էր 2013թ.-ի նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման և խոր ու համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը: Սակայն նույն թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Երևանը անդամացկելու է Մաքսային միությանը:

Մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արևելյան գործընկերության ծրագիրը տապալվեց, քանի որ այն անդամ-պետությունների առջև դնում էր հստակ աշխարհաքաղաքական ընտրության կատարման պահանջ՝ չտրամադրելով անվտանգության ոլորտում հստակ երաշխիքներ և տնտեսական փոխհատուցում, ինչը հատկապես կարևոր էր Հայաստանի համար, որը Ադրբեջանի հետ գտնվում է պատերազմական իրավիճակում և շրջափակման է ենթարկվում Թուրքիայի կողմից: Արդյունքում, 2013թ.-ի նոյեմբերին վիլնյուսյան գագաթաժողովի ընթացքում Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագիր կնքեցին Վրաստանն ու Մոլդովան:

Վերջերս ելույթ ունենալով Հայաստանի Ազգային ժողովում, ԵՄ-ի դեսպան Տրայան Հրիսթեան հայտարարել է, որ ԵՄ-ը պատրաստ է աշխատել Հայաստանի հետ Արևելյան գործընկերության շրջանակներում՝ չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը անդամակցել է ԵՏՄ-ին: Նրա խոսքով, Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի համար Բրյուսելը ունի կոնկրետ գաղափար և ծրագիր:

Իր հերթին, մեզ հետ զրույցում մեկնաբանելով Ռիգայի գագաթաժողովում փաստաթղթի ստորագրման հնարավորությունը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց, որ Հայաստանի և ԵՄ-ի հետ հարաբերություններն այնքան խորն են, որ փաստաթղթի ստորագրման հարցն իրենից տեխնիկական առումով ոչ մի բարդություն չի ներկայացնում: Փորձագետի կարծիքով, խնդիրը կայանում է քաղաքական գործոնների մեջ, թույլ կտան դրանք արդյոք, և առաջին հերթին Մոսկվայի գործոնը:

«Ես ազնիվ խոսք չգիտեմ, թե ինչպես դա կընկալվի Ռուսաստանի կողմից: Չափազանցություն չի լինի ասել, որ ամեն ինչ կախված է Մոսկվայից: Եթե հնարավոր փաստաթուղթը ռուսական տեսանկյունից կընկալվի որպես վտանգ, ապա նա կհակազդի, ինչպես դա տեղի ունեցավ 2013թ.-ին»,-հավելել է նա:
Հայ առաքելական եկեղեցին Թուրքիայից պահանջել է վերադարձնել պատմական նստավայրը Սիսում
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում