Ադրբեջանը պատերազմը սկսեց ոչ թե նրա համար, որ շատ ուժեղացավ, այլ քանի որ հասկացավ, որ հայկական կողմը թուլացել է։ Այս մասին ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածք վերջին ներխուժման ժամանակ կորուստների հարաբերակցությունն ուղղակի զարմանալի է. «Կորուստների նման հարաբերակցություն չպետք է լիներ։ Դա չէր լինի, եթե մեր զինվորները պաշտպանված լինեին»,- ասաց Քոչարյանը՝ տարակուսելով, թե ինչու երկու տարվա ընթացքում չեն իրականացվել առաջնագծի պատշաճ ամրացման աշխատանքները։ Կային միայն մի քանի հենակետեր, որոնցից միայն մի քանիսն էին պատշաճ կերպով կահավորված, ասաց նա։
«Ասում են՝ միջոցներ կան, իսկ ինչո՞ւ առաջնագիծը չի ամրացվել այն մակարդակի, որ իրական զսպող գործոն ծառայի հակառակորդի համար։ Ցանկացած ճակատային գիծ կարելի է ճեղքել, սակայն ամրացման պատշաճ մակարդակի դեպքում դա կարվի հակառակորդի համար մեծ կորուստների գնով, և դա ժամանակ կտա նաև ռեզերվներ հավաքելու համար։ Այն, որ պաշտպանության ժամանակ մեր կորուստները 2-3 անգամ գերազանցում էին հակառակորդի կորուստները, նշանակում է մեկ բան՝ մենք դասեր չենք քաղել 44-օրյա պատերազմից»,- ասաց նա։
Քոչարյանը նաև զարմացավ, թե ինչու երկու տարի անց Հայաստանը հարվածային ԱԹՍ-ներ ձեռք չբերեց։ «Իշխանություններն ասում են, որ միջոցներ կան։ Մի հավատացեք, երբ ասում են, որ զենք չի կարելի գնել։ Մենք զենք ենք ձեռք բերել և՛ Ռուսաստանից, և՛ Եվրոպայից, և՛ Չինաստանից և այլ երկրներից. դա խնդիր չէ»,- ասաց նա։
«Ադրբեջանը պատերազմը սկսեց ոչ թե նրա համար, որ շատ ուժեղացավ, այլ որ հասկացավ, որ մենք թուլացել ենք։ Սա էր ռազմական գործողությունների մեկնարկի հիմնական պատճառը»,- հավելեց Քոչարյանը։