Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր. Քոչարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում «խաղաղության դարաշրջանի» հոգեհանգստի ելույթ էր։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Ըստ էության, վարչապետի ելույթը ՄԱԿ-ում նշանակում էր, որ նման ակնկալիքներ այլեւս չկան։ Դրանից հետո նույն բառապաշարն օգտագործել այստեղ՝ երկրի ներսում, անիմաստ եմ համարում. հոգեհանգստյան արարողությունից հետո հանգուցյալն առողջություն չեն մաղթում»,- ընդգծեց Քոչարյանը։ Նա մատնանշեց այս էջը շրջելու և մաքուր էջից սկսելու անհրաժեշտությունը։
«Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանում իրավիճակը պայթյունավտանգ է։ Խոսքը սեպտեմբերի 14-ի ակցիայի մասին է։ Մի կողմից, ճնշում կա որոշակի փաստաթուղթ ստորագրելու մասով, մյուս կողմից՝ վտանգ կա, որ այս քայլը կարող է պայթեցնել իրավիճակը երկրի ներսում։ Երևի հենց այս գործոնն է հանգեցրել նրան, որ որոշումները մնացին անորոշ»,- ասաց Քոչարյանը։
Ստեղծված իրավիճակը բնական հետևանքն է այն չմտածված քաղաքականության, որը Հայաստանում տարվում է 2018 թվականից և, հատկապես, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո, կարծում է նա։ «Մեր դերը տարածաշրջանում նվազել է։ Կոպիտ ասած՝ մենք ինքներս մեզ իջեցրինք պլինտուսի մակարդակին։ Կրկնում եմ՝ հիմա մենք ոչ թե բանակցային սեղանի շուրջ ենք, այլ բանակցային սեղանի վրա»,- ընդգծեց Քոչարյանը՝ հավելելով, որ ոչ ոք չի ցանկանում գործ ունենալ թույլ կողմի հետ։