24.11.2024
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետի գլխավորած պատվիրակությանը
prev Նախորդ նորություն

Արցախի Սահմանադրության մեջ կամրագրվի երկքաղաքացիություն ունենալու իրավունքը

Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նշված է Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծում, որը տեղադրվել է Արցախի Հանրապետության իրավական տեղեկատվական համակարգում (arlexis.am):


«Պետք է նշենք, որ ո´չ 2006 թվականի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ո´չ էլ 2017 թվականի Արցախի Հանրապետության Սահմանադրություններով անդրադարձ չի կատարվել երկքաղաքացիությանը (կրկնակի քաղաքացիությանը): Ընդ որում, Սահմանադրությամբ նախատեսված չլինելը երկքաղաքացիությունն (կրկնակի քաղաքացիությունն) Արցախի Հանրապետությունում բացառելու հիմք չեն: Այդ մասին են վկայում կազմավորման պահից ի վեր Արցախի Հանրապետությունում ընդունված իրավական ակտերը, որոնցով մանրամասնվել են երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները: Այսպես, դեռևս 1992 թվականի հունվարի 6-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության մասին» հռչակագրով սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում թույլատրվում է երկակի քաղաքացիություն:


«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության հիմունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանվեց, որ կրկնական քաղաքացիության ձեռքբերման կարգը և հիմքը կարգավորվում է այլ պետությունների հետ պայմանագրերով: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիության հիմնական սկզբունքների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով էլ կարգավորվեցին կրկնակի քաղաքացիության հետ կապված հարաբերությունները, մասնավորապես, սահմանվեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացին կարող է միաժամանակ հանդիսանալ այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացի կամ օտարահպատակ և կատարել այլ պետության /այլ պետությունների/ քաղաքացու կամ օտարահպատակի պարտականությունները՝ … օրենքին համապատասխան, եթե դա նախատեսված է կողմերի միջև կնքված միջազգային իրավական ակտերով»,- նշված է նախագծում:


Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ներպետական օրենսդրությամբ ամրագրված իրավակարգավորումները, ինչպես նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների համար գործնականում այդ իրավունքի իրացման սահմանադրաիրավական հիմքերի ամրագրման նպատակով՝ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է երկքաղաքացիության (կրկնակի քաղաքացիության) հետ կապված հարաբերությունները կանոնակարգել սահմանադրական մակարդակով՝ Սահմանադրությունում ամրագրելով հետևյալը.


«Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, Արցախի Հանրապետության օրենքներին և/կամ միջազգային պայմանագրերին համապատասխան, կարող է ունենալ այլ պետության քաղաքացիություն»: