Երեկ ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի է ունեցել հատուկ քննարկում՝ նվիրված մեզ հուզող հարցերին. մեր նախաձեռնությամբ է եղել քննարկումը:
Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նա նշեց, որ դա արդեն երկրորդ քննարկումն է, թեև հանրությունը մեծապես տեղեկացված չէ այդ մասին:
«Երկու օր առաջ տեղի է ունեցել ևս մեկ քննարկում փակ ռեժիմում, և ահա արդեն երկրորդը՝ մեր պնդմամբ արդեն բաց ռեժիմում, որպեսզի ողջ աշխարհի մարդկությունը կարողանա հետևել մշտական, ոչ մշտական անդամ երկրների տարբեր դիրքորոշումներին»,- ասաց Միրզոյանը:
Նա ընդգծեց, որ թեև քննարկման արդյունքներով փաստաթուղթ առայժմ չի ընդունել, բայց դա որևէ կերպ չպետք է նսեմացնի տեղի ունեցած քննարկման կարևորությունը, որովհետև, այնուամենայնիվ, նույնիսկ առանց փաստաթղթի միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է հարցերի շուրջ:
ԱԳ նախարարը շեշտեց, որ երկրների ճնշող մեծամասնությունն ընդգծել է ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռնմխելիությունը, մինչև ներխուժումը տեղի ունեցած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
«Օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը բազմիցս, այսինքն՝ շատ հստակ ընկալում կա, որ սա ագրեսիա է, ներխուժում ՀՀ տարածք, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր: Ավելին ասեմ՝ բազմաթիվ երկրներ քննարկումներում խոսել են նաև ԼՂ հակամարտության, ԼՂ հիմնախնդրի մասին, և, ըստ էության, չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարության թեզը, որը նրանք փորձում են շրջանառել մեկ տարի և ավելի, որ այլևս ԼՂ հիմնախնդիր և ԼՂ չկան, երեկ իր համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից:
Բազմաթիվ այլ կարևոր հանգամանքներ են շեշտվել, և սա միջազգային հանրության դիրքավորումն է այս հարցերի շուրջ, և մենք պիտի շարունակենք աշխատանքներն այս ուղղությամբ: Անշուշտ, հարկ է գնահատանքի խոսքեր ասել այն երկրների մասին, ովքեր համարձակորեն դադարել են այլևս հավասարության նշան դնել ագրեսորի և ագրեսիայի թիրախի միջև, բայց նաև պետք է խոստովանեմ, որ առանձին երկրների կամ երկրի դեպքում ունենք մի փոքր ավելի ակնկալիքներ, և թերևս նաև գաղտնիք չէ, որ որոշ դեպքերում այդ ակնկալիքները ոչ այնքան արդարացան»,- ասաց Արարատ Միրզոյանը: