Հնդկաստանն ագրեսոր կողմին կոչ է անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները
Հնդկաստանը տեղյակ է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձեռնարկված հարձակումների մասին և կոչ է անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Այդ մասին լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան հայտարարել է Հնդկաստանի կառավարության արտաքին գործերի նախարարության պաշտոնական խոսնակ պարոն Արինդամ Բագչին:
«Մենք տեսել ենք հաղորդագրությունները հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հարձակումների մասին՝ ներառյալ քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների թիրախավորումը 2022 թ. սեպտեմբերի 12-13-ին: Կոչ ենք անում ագրեսոր կողմին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Կարծում ենք, որ երկկողմ վեճերը պետք է լուծվեն դիվանագիտության և երկխոսության միջոցով: Որևէ կոնֆլիկտ չի կարող ռազմական լուծում ունենալ: Մենք կոչ ենք անում կողմերին հետամուտ լինել բանակցություններին՝ տևական և խաղաղ լուծման հասնելու նպատակով», - ասված է Հնդկաստանի ԱԳՆ-ի սեպտեմբերի 13-ի հայտարարության մեջ:
Սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին կտրուկ սրվել է ։ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել Հայաստանի հետ սահմանի միանգամից մի քանի հատվածներում: Կան զոհեր և վիրավորներ հայ զինծառայողների և խաղաղ բնակիչների շրջանում։ Հայաստանի վարչապետ Փաշինյանը, ելույթ ունենալով խորհրդարանում, հայտնել է հայկական կողմից առնվազն 49 զոհի մասին:
Երեւանը քննարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների հետ սահմանին տիրող իրավիճակը: Հայաստանի իշխանությունները որոշել են դիմել Ռուսաստանի Դաշնությանը, ՀԱՊԿ-ին եւ ՄԱԿ-ի ԱԽ-ին։