25.11.2024
Ռասիմ Մուսաբեկով. Ղարաբաղյան խնդիրն անհնար է լուծել սեղմ ժամկետներում
prev Նախորդ նորություն

Սերժ Սարգսյան. ԱՊՀ պետությունները հրադադարի անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Բիշքեկում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստում: Նախագահը նշել է, որ 2016 թվականը հոբելյանական է ԱՊՀ համար. ոչ բոլոր սպասելիքներն են արդարացվել, և ոչ բոլոր հարցերն են ստացել պատշաճ լուծում, բայց 2016 թվականը հանդիսանում է յուրահատուկ սահմանագիծ՝ Համագործակցության 25-ամյա փորձը իմաստավորելու, դրա գործունեության անկողմնակալ անաչառ վերլուծության, և այս առումով ԱՊՀ հետագա զարգացման ուղենիշների սահմանման և ժամանակակից իրողություններին վերջինիս ադապտացման համար:

"Հետխորհրդային տարածքում այլ ինտեգրացիոն միավորումների գոյության պայմաններում, իրողություններին ադապտացման հիմնական նպատակը պետք է դառնա Համագործակցության արդյունավետության բարձրացումը, այս ձևաչափով բազմակողմ համագործակցությանը նոր ազդակներ հաղորդելը: Հենց այս համատեքստում հայկական կողմը դիտարկում և աջակցում է ԱՊՀ ադապտացման վերաբերյալ որոշման նախագիծը, որը նախատեսում է նաև մի շարք հարցերի փոխանցում ԱՊՀ արտգործնախարարների խորհրդին, տնտեսական խորհրդին և լիազորված մշտական ներկայացուցիչներին, ինչի հետ կապված մենք հնարավոր է նույնիսկ ուշացել ենք'',- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նկատել է, որ հանդիպումն ընթանում է միջազգային և տարածաշրջանային արագ փոփոխվող միջավայրում՝ նախկինի պես նկատվում է լարվածության աճ, այդ թվում՝ նաև ԱՊՀ հարակից շրջաններում, ակտիվանում է ահաբեկչական խմբավորումների գործունեությունը, պահպանվում է տնտեսական անկայունության բարձր մակարդակը և շարունակվում է միգրացիոն ճգնաժամը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սիրիայում հրադադարի վերաբերյալ ռուս-ամերիկյան վերջին պայմանավորվածությունները կստեղծեն նախադրյալներ այդ արյունալի հակամարտության տևական կարգավորման համար և ողջունել Ռուսաստանի Դաշնության հետևողական ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայում հումանիտար աղետի հետագա խորացման կանխարգելմանը: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ քննարկվում է Հայաստանի և Սիրիայում հայկական համայնքի ներգրավման հնարավորությունները այդ գործընթացներում:

Անդրադարձել է նաև ապրիլյան պատերազմին Լեռնային Ղարաբաղում.

''Ցավոք, նաև մեր Համագործակցության տարածքում պահպանվում են լարվածության և դիմադրության օջախներ: Այս տարվա ապրիլին, 1994թ. հաստատված հրադադարից հետո, առաջին անգամ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում վերսկսվել է պատերազմը: Այդ գործողությունները հանգեցրել են ոչ միայն մարտական կորուստների, այլ նաև զոհերի խաղաղ բնակչության շրջանում, ուժեղ հարված հասցրել բանակցային գործընթացին: Ես անդրադառնում եմ այս հարցին, քանի որ հենց այստեղ՝ Բիշկեկում է ստորագրվել հրադադարի արձանագրությունը, որը հիմնված էր 1994թ. ապրիլի 15-ի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության դրույթների վրա: Նուրսուլթան Նազարբաևը վկա է, նա մասնակից է եղել: Այսինքն, ԱՊՀ պետությունները ինչ-որ իմաստով այս անժամկետ համաձայնության իրականացման երաշխավոր են հանդիսանում, որն արձանագրում է հակամարտության ամբողջական կարգավորման ձեռքբերման անհրաժեշտությունը բացառապես քաղաքական միջոցներով: Մենք միշտ հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշմանը համահունչ. այն է` հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ինչպես նաև խելամիտ փոխադարձ փոխզիջումների վրա, ընդգծում եմ՝ փոխադարձ փոխզիջումների'',- ասել է նա` իր երախտագիտությունը հայտնելով ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին, ռուսաստանյան կողմին, որն ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին ձեռնարկում է հնարավոր քայլեր Ղարաբաղյան հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորման, Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ: Դա, ըստ նախագահ Սարգսյանի, նախևառաջ, ռազմական գործողությունների դադարեցման 1994 – 1995 թվականների եռակողմ անժամկետ պայմանավորվածությունների անվերապահ կատարումն է, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության հնարավորությունների ընդլայնումը:

''Մենք առաջնորդվում ենք նրանով, որ վերոնշյալ պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կստեղծի համապատասխան մթնոլորտ բանակցային գործընթացի առաջխաղացման համար'',- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև տեղեկացրել է գործընկերներին Հայաստանում Սահմանադրության փոփոխության մասին: Նշելով, որ ԱՊՀ երկրները գտնվում են պետական կառավարման համակարգի հետևողական ամրապնդման գործընթացում, նա մատնացույց է արել, որ Հայաստանի համար դա իրավունքի գերակայության ապահովման, կառավարման համակարգի կատարելագործման, տնտեսության զարգացման, դատական համակարգի անկախության բարձրացման, քաղաքացիական հասարակության ամրապնդման, ազատ մամուլի աջակցության ուղին է:

''Այս կառույցների դերի ամրապնդման և արդյունավետության բարձրացման նպատակով մենք անցած տարի անցկացրեցինք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե: Սահմանադրության նոր տարբերակում պահպանվում է իշխանության ճյուղերի իրավունքների և պարտավորությունների միջև հավասարակշռությունը. ապահովված է մարդու իրավունքների և ազատությունների անվտանգության ավելի բարձր մակարդակը, աճում է հասարակական, ստեղծագործական, մասնագիտական և քաղաքական միավորումների դերը: Հայաստանը անցնում է կիսանախագահականից խորհրդարանական կառավարման ձևի: Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության: Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը: Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր: Վստահ եմ, որ այս ամենը նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռելու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում, որոնք տեղի կունենան արդեն մի քանի ամսից'',- ասել է նախագահը:

Սերժ Սարգսյանը չի շրջանցել նաև նոր կառավարության ձևավորման գործընթացը` շեշտելով, որ դրված է խնդիր` նոր խթան հաղորդել Հայաստանի տնտեսության զարգացմանը, մեծացնել տնտեսական աճի ծավալները, շարունակել մեծացնել հայկական ապրանքների և ծառայությունների արտահանումը: