Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը:
ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշեց, որ ռազմավարությունը նոր չէ, այն շարունակությունն է 2019 թվականին ընդունված ռազմավարության, և շատ աշխատանքներ, որոնք ներկայացված են այս ռազմավարությունում, ժառանգված են նախորդ ռազմավարությունից:
Նախարարն անդրադարձավ ռազմավարության մեջ ներկայացված խնդիրներին և նշեց, որ դրանցից առաջինը դատական համակարգի բարեփոխումն է, որտեղ նախատեսվում է հակակոռուպցիոն դատարանների ամբողջ շղթայի գործարկումը:
«Համակարգը գրեթե ամբողջությամբ պատրաստ է թե՛ օրենսդրական, թե՛ կադրային, թե՛ շենքային և աշխատանքային պայմաններով. մենք առաջիկա ամիսներին կունենանք հակակոռուպցիոն դատարաններ երեք ատյանում»,- ասաց նա:
Մյուս կարևոր ուղղությունը դատարանների, դատական գործընթացների թվայնացումն է:
Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ անցկացվել է մրցույթ, կա հաղթող, և չզեկուցվող հարցով շուրջ 348 մլն տրամադրվում է քաղաքացիական դատավարության թվայնացմանը:
«Դա նշանակում է, որ փաստաբանները կկարողանան իրենց գրասենյակներից հայցադիմումներ, միջնորդություններ, ապացույցներ ներկայացնել, գործընթացն ամբողջությամբ կթվայնացվի: Օրենսդրական որոշակի լուծումներով կարող են դատական քննություններ անցկացվել օնլայն՝ առանց մարդու կամ փաստաբանների դատարան այցելելու»,- նշեց Անդրեասյանը:
Նա հայտնեց, որ ռազմավարությունում կարևոր ուղղություն հանդիսացող թվայնացման գործընթացը լինելու է ոչ միայն քաղաքացիական դատավարության, այլև վարչական դատավարության և քրեական դատավարության գործընթացներում: