24.11.2024
Պաշտոնական նամակով դիմելու եմ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին․Մամիջանյան
prev Նախորդ նորություն

Փաշինյանը ԶՈՒ բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին:


Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.


«Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարգելի նախարար,


Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարական կազմի հարգելի ներկայացուցիչներ,


հարգելի փոխնախարարներ,


ես այսօր այստեղ եմ՝ ներկայացնելու ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվրադ Ասրյանին:


Ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին վեց ամիսների ընթացքում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները կատարելու համար: Ցանկանում եմ պարոն Ասրյանին հաջողություն մաղթել՝ այս կարևորագույն պաշտոնում իր առաքելությունն իրականացնելու ճանապարհին:


Արդեն գիտեք, որ նաև որոշակի օրենսդրական փոփոխություններ են տեղի ունեցել, և Գլխավոր շտաբի պետն այսուհետ օրենքի ուժի մեջ մտնելու պահից նաև Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ է լինելու՝ սրանից բխող հետևանքներով: Այս որոշումը կայացրել ենք՝ վերլուծելով վերջին տարիներին տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբի աշխատանքային գործակցության հարցերը: Կարծում եմ, բնականաբար, ճիշտ որոշում է կայացված: Ուզում եմ հույս հայտնել, որ այդ որոշման կատարման արդյունքում մեր աշխատանքի արդյունավետությունը Զինված ուժերի, բանակի բարեփոխումների ոլորտում էլ ավելի արդյունավետ կլինի:


Պարոն Քոչունց, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհակալություն հայտնել Ձեզ կատարված աշխատանքի համար և պարոն Ասրյան՝ հաջողություններ մաղթել Ձեզ այս կարևորագույն պաշտոնում»:


ԶՈՒ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանը նշել է.


«Մեծարգո պարոն վարչապետ,


հարգելի պարոն նախարար,


հարգելի գործընկերներ,


Զինված ուժերի գերակա խնդիրն է հանդիսանում պետության ռազմական անվտանգության ապահովումը, ուստի՝ ստանձնելով այս պատասխանատու պաշտոնը, նաև համարելով, որ շտաբը հանդիսանում է կոլեգիալ մարմին, իսկ Գլխավոր շտաբի պետը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, մենք Գլխավոր շտաբում կաշխատենք կոլեգիալ սկզբունքներով՝ միանշանակ Գլխավոր շտաբի պետի որոշմամբ և առաջարկներ կներկայացնենք Պաշտպանության նախարարին: Այդ պատասխանատու պաշտոնում, մեծարգրո պարոն վարչապետ, պարտավորվում եմ կատարել բոլոր նախատեսված գործառութային պարտականությունները և կատարել Զինված ուժերի առջև դրված խնդիրները»:


Այնուհետև վարչապետը խոսքը փոխանցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին, ով իր հերթին ասել է.


«Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ,


պարոնայք գեներալներ, սպաներ,


թույլ տվեք շնորհավորել Գլխավոր շտաբի պետին՝ պարոն Ասրյանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվելու կապակցությամբ, մաղթել բեղուն գործունեություն: Շնորհակալություն եմ ուզում հայտնել Գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցին՝ վերջին շրջանում Գլխավոր շտաբի պետի պարտականությունները պատվով կատարելու համար»:


Այնուհետև, ըստ ձևավորված ընթացակարգի, տեղի է ունեցել ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնի փոխանցման հանդիսավոր արարողությունը: Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ նորանշանակ պետ Էդվարդ Ասրյանին է հանձնել ԶՈՒ ռազմադրոշը: