Կանխվել է խոշոր չափի «ափիոն» տեսակի թմրամիջոցի արտահանման փորձն Ավստրալիա
15.07.2022
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս «ՀայՓոստ» ՓԲ ընկերության փոստի փոխանակման կենտրոնի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ մաքսային զննման են ենթարկել Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից Ավստրալիա արտահանվող միջազգային փոստային առաքանին: Զննման արդյունքում հիշյալ առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ ընդհանուր քաշով, գունավոր նախշերով 7 անթև բաճկոն: Այդ բաճկոնների ներքին մասերում առկա սպունգանման զանգվածները ներծծված են եղել «ափիոն» տեսակի թմրամիջոցի շագանակագույն փոշենման զանգվածներով, որոնց փաստացի քաշը կազմել է շուրջ 2,5 կգ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածով (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) նախատեսված հանցագործության հատկանիշներով ՊԵԿ-ի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից նախապատրաստվել են նյութեր, որոնք հայտնաբերված թմրամիջոցի զանգվածների հետ տրամադրվել են ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: