Փաշինյանի մոտ քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի ոլորտում նախատեսվող բարեփոխումները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում նախատեսվող համակարգային բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, անդրադարձ է կատարվել կոմիտեի գործունեությանը, կառուցվածքին, բարձրակարգ մասնագետների ներգրավմանը, թռիչքային անվտանգության ապահովմանը, օդաչուների ու այլ կադրերի վերապատրաստմանը և այլ հարցերի: Քննարկվել են նաև ավիացիոն ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացված ու առաջիկայում նախատեսվող միջոցառումները:
Խորհրդակցությանը մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել տարբեր դիտարկումներով ու առաջարկություններով:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ կառավարության ռազմավարական նպատակն է հայկական ավիացիան համապատասխանեցնել միջազգային լավագույն չափանիշներին: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները և դրանց արդյունքներով լրամշակել բարեփոխումների փաթեթը: