Փաշինյանի հրամանով ՀՀ–ում persona non grata եմ. ՀՅԴ-ական Փափազյանի մուտքն արգելվել է
Ֆրանսիայի հայկական ընկերությունները համակարգող խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ինքը՝ Փափազյանը.
«Ցավով եմ տեղեկացնում, որ երեկ ինձ արգելվել է մուտք գործել Հայաստան: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով՝ Հայաստանում համարվում է անցանկալի անձ:
Ոստիկանությունը հորդորել է ինձ վերադառնալ օդանավակայան, որի աշխատակիցները վերցրել են իմ անձնագիրը: Գիտեի, որ Ադրբեջան և Թուրքիա մուտքս արգելված է և հիմա իմացա, որ արգելվել է մուտք գործել Փաշինյանի Հայաստան: Հայաստանի, հայության և Հայ Դատի համար 40 տարվա պայքարիցս հետո նման իրավիճակում հայտնվելը ուղղակի ցավ է պատճառում ինձ: Նիկոլ Փաշինյանի այս որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ինքն իր ստանձնած պատասխանատվության բարձրության վրա չէ: Նա ուժեղ է իրեն զգում, երբ ոստիկաններից պահանջում է Հայ Դատի գործչի վտարել, բայց պատկերացնո՞ւմ եք այս փոքրիկ ղեկավարին Ալիևի և Էրդողանի առաջ:
Հայաստանի բնակիչները պետք է վաղ թե ուշ համոզվեն, որ պետք է ձերբազատվել այս ղեկավարությունից, որն ամեն ինչ ինչ անում է թուլացնելու Հայաստանը: Սփյուռքը նույնպես կհասկանա: Բայց արդեն ժամանակն է ասելու՝ կանգ ա՛ռ»,- գրել է նա: