Շառլ Միշելն անձամբ կշարունակի շատ ակտիվ ներգրավված լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացում։ Այս մասին Trend-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Հուսով եմ, որ ապագայում մենք ականատես կլինենք [Ադրբեջանի և Հայաստանի] ղեկավարների նոր հանդիպումներին, քանի որ այս ձևաչափն իսկապես կարևոր է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նախագահ Շառլ Միշելին հաջողվել է քննարկել և առաջընթաց գրանցել մի շարք կարևոր հարցերի շուրջ։ Եվ այս առումով, իհարկե, սա այն ձևաչափերից մեկն է, որի վրա ԵՄ-ն կշարունակի կենտրոնանալ՝ որպես առանցքային տարբեր հարցերի լուծման համար։ Միաժամանակ մենք շարունակելու ենք աշխատել այլ մակարդակներում։ Անձամբ ես, իմ թիմի, ինչպես նաև նախագահ Միշելի գրասենյակի գործընկերների հետ, անպայման կշփվեն թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծել բոլոր այն կարևոր խնդիրները, որոնք քննարկվում են։ Խոսքը խաղաղության պայմանագրի, հաղորդակցության վերականգնման, սահմանի մասին է։ Կան բազմաթիվ առանցքային հարցեր, որոնցում, կարծում եմ, ԵՄ-ն ձեռնարկել է և ակտիվորեն կմասնակցի օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է Կլաարը:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը, ապա նա ընդգծեց, որ ԵՄ-ն արդեն օգնության ձեռք է մեկնել այդ խնդրի լուծման համար։
«Բայց, իհարկե, մենք կշարունակենք ակտիվորեն զբաղվել դրանով։ Նշեմ, որ մայիսի 22-ին կայացած ղեկավարների վերջին հանդիպման ժամանակ այս հարցը քննարկումների կարևոր մասն էր։ Եվ ղեկավարները որոշակի կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերեցին, որոնք հիմք հանդիսացան այս խնդրի լուծման վերաբերյալ քննարկումների համար անցյալ ամիս Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպման համար։ Սա, իհարկե, առանցքային խնդիր է Ադրբեջանի համար, այն չափազանց կարևոր է ԵՄ-ի և, իհարկե, Հայաստանի համար։ Եվ ես վստահ եմ, որ առաջիկայում հնարավոր է լուծում գտնել և առաջ շարժվել այս շատ կարևոր հարցում, քանի որ դա բնական հետաքրքրություն է ներկայացնում բոլոր ներգրավվածների համար։ ԵՄ-ն կշարունակի մեծ ուշադրություն հատկացնել այս խնդրի լուծմանը»,- հավելեց ԵՄ հատուկ ներկայացուցիչը։