VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արթուր Վանեցյանի՝ մանդատից հրաժարվելն անհարմար դրության մեջ է դրել ընդդիմադիրներին։ Հրաժարվե՞լ մանդատից, թե՞ ոչ։ ՀՀԿ-ի մեր աղբյուրներն ասում են, որ չեն շտապում վայր դնել մանդատները, բայց չեն էլ պատրաստվում ԱԺ վերադառնալ․ «Մեզ կպահենք այնպես, ինչպես շարժման օրերին՝ եթե պետք լինի, որ ամբիոնն օգտագործենք, կմտնենք ու դուրս կգանք»։ Իսկ ինչո՞ւ եք պահպանում մանդատները։ «Չի բացառվում՝ վարչապետի իմպիչմենթի հարց առաջանա, չզրկվենք այդ հնարավորությունից»։ Մեր աղբյուրը չբացառեց նաեւ, որ, քաղաքական գործընթացներով պայմանավորված, ինչ-որ պահի մանդատները վայր դնելու որոշում կայացնեն։ Ի դեպ, խմբակցության ղեկավարի լիազորությունները կստանձնի ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուց հետո հասարակության մի ստվար զանգված պահանջում է, որ մյուս պատգամավորներն էլ դնեն մանդատները, քանի որ ԱԺում ընդդիմությունն այլեւս անելիք չունի․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցը խորհրդարանում չի լուծվելու։ «Հայաստան» դաշինքում, սակայն, հույս ունեն, որ սեպտեմբերին հնարավոր կլինի վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնել, եւ այդտեղ է, որ մանդատները կարող են պետք գալ։ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեցինք՝ սպասելի՞ էր իր համար Վանեցյանի որոշումը, եւ նախապես իրենց տեղյակ պահե՞լ է նա այդ մասին։ Օհանյանն ասաց․ «Արթուր Վանեցյանը մանդատը վայր դնելուց առաջ զանգահարել է ինձ ու դրա մասին տեղեկացրել եւ շնորհակալություն հայտնել մեր համատեղ գործունեության համար, հատկապես Ազգային ժողովում մեր ընդդիմադիր խմբակցությունների համագործակցության, մեր աջակցության համար։ Ինքը նաեւ ասել է, որ չնայած մանդատը դնում է, բայց, այնուամենայնիվ, մեր շարժման մեջ է լինելու, միասին ենք լինելու, եւ ես գնահատում եմ մեր համատեղ գործունեությունը ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ նաեւ դիմադրության շարժման այս ամբողջ ընթացքում»։
Հարցին՝ իսկ «Հայաստան» դաշինքում մանդատները դնելու քննարկում կա՞, եւ ինչպե՞ս է ինքը վերաբերվում այդ հարցին, Օհանյանն ասաց, որ իրենց դաշինքում այդպիսի քննարկում չի եղել։ «Մենք այսօր ներկայացնում ենք մեր գործունեությունը հետեւյալ կերպ, որ մենք Ազգային ժողովում ենք՝ մեր օրակարգով, իսկ այսօրվա մեր երկրի օրակարգն այն դիմադրության շարժումն է, որը թույլ չպետք է տա մեր իշխանություններին՝ կուրորեն գնալ խաղաղության խաբկանքի։ Այսինքն՝ ժողովուրդն այսօր պահանջում է փողոց, մենք այսօր փողոցում ենք»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» խմբակցության մյուս անդամներից, սակայն նրա ակտիվ անդամներից ամեն մեկը մի տեղում էր գտնվում։ Հայկ Մամիջանյանը Ստրասբուրգում է՝ ԵԽԽՎ նստաշրջանին է մասնակցում, Տիգրան Աբրահամյանն Արցախում է, Թագուհի Թովմասյանը մեկնել է հայրենի Վարդենիս՝ մաքուր օդի պայմաններում «առավել արդյունավետ որոշում կայացնելու», ինչպես նշել էր իր էջում։ Դեռ որոշում չի կայացրել եւ մեր զանգերին էլ երեկ ամբողջ օրը չպատասխանեց, որ իմանայինք՝ մտադի՞ր է հետեւել խմբակցության ղեկավարի օրինակին՝ մանդատը դնելո՞ւ է, թե՞ շարունակելու է պատգամավորական գործունեությունը՝ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում։
Հիշեցնենք, որ Թագուհի Թովմասյանը նախորդ գումարման ԱԺ էր անցել «Քաղպայմանագրի», իսկ այս գումարման ԱԺ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում ընդգրկվել էր Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության քվոտայով։ Մեզ ասացին, որ Թագուհին ավելի շատ մանդատը դնելու կողմնակից է, սակայն իրեն հորդորել են, որ վայր չդնի։ Իսկ խմբակցության մյուս անդամները մանդատները դնելու մտադրություն այս պահին չունեն, չեն էլ քննարկում այդ հարցը։ Վանեցյանն ազատ է թողել, որ ամեն մեկն իր որոշումը կայացնի։ Եվ եթե դաշինքի ՀՀԿ-ական մասը մնա, ու խմբակցության ղեկավար էլ դառնա Հայկ Մամիջանյանը, ինչպես տեղեկացնում են մեզ, ապա կնշանակի, որ Սերժ Սարգսյանն առաջիկա տարիներին կունենա իր 7 հոգանոց խմբակցությունը խորհրդարանում, որը «Պատիվ ունեմ» անվան տակ մտավ խորհրդարան՝ Արթուր Վանեցյանի դեմքով ու ջանքերով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) Ռուբեն Վարդազարյանին, որ նա ներկայանա կոմիտե եւ բացատրություն տա իր կողմից հրապարակված աղմակահարույց ձայնագրության մասով։ Մեզ հայտնի դարձավ, որ Ռուբեն Վարդազարյանը այսօր առավոտյան կներկայանա Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ հունիսի 20-ին հրավիրված ասուլիսին հրապարակվել էր ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Ջհանգիրյանի հետ ունեցած զրույցի ձայնագրությունը, ինչի ժամանակ մի շարք հետաքրքիր դրվագներ են բացվում՝ կապված դատական համակարգի վրա ճնշումներ գործադրելու հետ։ Անցած տարվա փետրվարին արված գաղտնի ձայնագրությունում Գագիկ Ջհանգիրյանը հորդորում է այն ժամանակ դեռ ԲԴԽ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ խոսում է քրեական գործերի ընթացքին միջամտելու մասին։ Ո՞վ եւ ի՞նչ հրահանգ պետք է տա, եւ ո՞վ կատարի։ Ո՞ւմ նկատի ունի ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարողը։ Եթե անգամ հրահանգ կա, ապա դա ինչ հիմունքներով է իրականացվում, գրավոր, թե բանավոր է այն լինելու, ու, վերջապես, օրինական ուժ ունենալու է այն արդյոք։ Սրանք հարցեր են, որ իրենց պատասխանները պետք է պարտադիր իրավական հարթությունում ստանան։ Նորից, սակայն, հարց է՝ քաղաքական իշխանությունն ու պատկան բոլոր օղակները բավարար կամք կունենան արդյոք արդարամտորեն եւ հետեւողական քննելու ու ստանալու բոլոր հարցերի պատասխանները։ Հուսանք՝ այս հարցերի պատասխանը կտան իրավապահները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հարցում էինք ուղարկել՝ խնդրելով գնահատական տալ ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի եւ լիազորությունները կասեցված ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ 2021 թ․ փետրվարի 20-ին տեղի ունեցած խոսակցությանը, որը հրապարակվեց հունիսի 20-ին։ Հարցրել էինք՝ արդյոք դրանում առկա՞ է ԲԴԽ գործող նախագահ Գագիկ Ջհանգիրյանի կողմից արդարադատությանը միջամտելու, քաղաքական հրահանգ իրականացնելու եւ շանտաժով կամ այլ մեթոդներով Վարդազարյանին ԲԴԽ նախագահի պաշտոնից հրաժարական պարտադրելու, ինչպես նաեւ դատավորին ու ԲԴԽ նախագահին ոչ հարիր վարքագիծ։ Որքանո՞վ է ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի վարքը տեղավորվում այն ժողովրդավարական արժեքների շրջանակում, որոնց աջակցում են ԱՄՆ-ն եւ անձամբ հարգելի դեսպանը։ Դեսպանատնից մեր հարցերին տվել են ընդհանրական ու անհասցե պատասխաններ։ «Մենք ուշադրությամբ հետեւում ենք գործով ի հայտ եկող մանրամասներին։ Ինչպես նախկինում ասել ենք, մենք աջակցում ու խրախուսում ենք շարունակական ժողովրդավարական բարեփոխումներին Հայաստանում։ Ժողովրդավարության հիմնաքարերը ներառում են իրավունքի գերակայությունը, դատական անկախությունը եւ հանրային պաշտոնյաներից հաշվետվողականություն պահանջելու քաղաքացիների իրավունքը։ Մենք պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը Հայաստանի ժողովրդի պահանջով իրականացվող դատական բարեփոխումներին, որտեղ որոշ առաջընթաց եղել է, սակայն անելիք դեռեւս շատ կա»,- գրել են դեսպանատնից։ Մենք տիկին դեսպանին այլ հարցեր էլ էինք ուղղել՝ կապված Հայաստանում ժողովրդավարական արժեքների գրանցած հետընթացի հետ, սակայն դեսպանատունը նախընտրել է բոլոր հարցերին նման ֆորմալ եւ ոչինչ չասող պատասխան ուղարկել»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԲԴԽ փաստացի երկու նախագահների զրույցի ձայնագրության մի հատվածի հրապարակայնացումը բավական մեծ աժիոտաժ առաջացրեց: Դե, շատ մեղմ ասած, այնպես չէ, որ երկու «սրբերի» զրույցի մասին է խոսքը: Այդուամենայնիվ, շատ ուշագրավ բացահայտումներ եղան: Սակայն ոչ պակաս հետաքրքիր էր իշխանամերձ, իսկ ավելի ճշգրիտ լինելու համար՝ «ջհանգիրյանամերձ» որոշ անձանց մանիպուլ յացիոն «թեզերը», թե սիրուն չէ «հացի սեղանի» շուրջ նստել ու զրույցը ձայնագրել: Հասկանալի է՝ սա արվում է զրույցի բուն բովանդակությունը «ջրելու համար»: Բայց նախևառաջ հասկանանք, թե այդ ի՞նչ «հացի սեղան» է, որի շուրջ մեկի կողմից մյուսին պարզ շանտաժ է արվում. դա ավելի՞ բարոյական է... Բայց դա էլ նույնիսկ մի կողմ: Օրինակ՝ ինձ համար «հացի սեղան» է բարեկամներիս, ընկերներիս հետ անկաշկանդ, մտերմիկ շրջանում կիսած մի կտոր հացը: Այդ պարագայում, հասկանալի է, չի կարող որևէ ձայնագրություն լինել: Բայց եթե, Աստված մի արասցե, ինչ-որ կերպ պատկերացնենք, որ մի քպականի կամ քպամերձ անձի հետ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով գործնական «ճաշի» մասնակցեմ, ոչ թե մեկ, այլ 5 հեռախոսով կձայնագրեմ ողջ խոսակցությունը: Դե, որովհետև որևէ մեկի մոտ չի կարող կասկած չլինել, որ նրանք հենց իրեն չեն ձայնագրում, որ հետո չեն ստելու, որ շանտաժ չեն անելու, որ մանիպուլ յացիա չեն անելու: Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ անցնող ցանկացած մեկից ամեն ինչ սպասելի է, առավել ևս Ջհանգիրյանի նմանների: Ստացվում է՝ Գագիկ Ջհանգիրյանը բավական լուրջ բացահայտումներ է անում, նրա խոսքում, ինչպես բազմաթիվ իրավաբաններ են նշում, առերևույթ հանցանքի մասին խոստովանություններ կան, ու այդ ամենը՝ հեչ, իսկ որ զրույցը ձայնագրվել է, այ, դա արդեն անբարո է: Մի խոսքով, «մուտիտը» լավը չէր, նոր բան մտածեք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Եվրախորհրդարանի պատգամավոր, ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլասը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չցանկացավ խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, սակայն նշեց, թե շարունակում է կանգնած մնալ հայ ժողովրդի կողքին եւ աջակցել ի պաշտոնե: Հավելենք, որ ապրիլին Եվրախորհրդարանի պատգամավորներ Լուկաս Ֆուրլասի եւ Ֆրանսուա-Քսավյե Բելամիի նախաձեռնությամբ 43 եվրապատգամավոր՝ բոլոր գլխավոր քաղաքական խմբակցություններից, նամակ են հղել Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության բարձր ներկայացուցիչ Ժոզեփ Բորրելլին՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիեւ հանդիպմանն ընդառաջ։ Նրանք ԵՄ գործադիր ղեկավարներին կոչ են անում օգտագործել Եվրամիության տրամադրության տակ գտնվող բոլոր լծակները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը վերջ տա Արցախում իր ագրեսիվ քաղաքականությանը: Դիմումից ամիսներ անց եվրոպացի խորհրդարանականի տեսակետը չի փոխվել, եւ նա մեզ հետ զրույցում նորից կրկնեց, թե Եվրոպան պետք է աջակից լինի հայ ազգին եւ փորձի կարգավորել այն խնդիրները, որոնց նա հանդիպում է: «ԻբրեւՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար՝ ես պայքարում եմ օրենքի գերակայության համար: Մեր պայքարն ընդհանուր է, սակայն ես չեմ ցանկանում խառնվել Հայաստանի ներքաղաքական կյանքին, քանի որ դա առնչվում է երկրի քաղաքացիներին: Սակայն ես աջակցում եմ հայ ազգին, եւ նրանց պայքարն արդար է՝ կապված տարածք ներխուժման հետ (ադրբեջանական զորքերի-խմբ.)», – հավելեց նա»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Որպեսզի ընդդիմությանը պաշտոններից զրկելու համար միջազգային կառույցներից դեղին քարտ չստանան, ՔՊ-ում որոշել են, որ Սահմանադրությամբ ընդդիմությանը հասանելիք պաշտոնները չեն յուրացնի, չեն խախտի Դոնթի բանաձեւը, որով սահմանված է, թե քանի հանձնաժողովի նախագահ եւ տեղակալ է հասնում իշխանությանը, քանիսը՝ ընդդիմությանը։ Օրերս ՔՊ-ում քննարկել են այդ հարցը եւ որոշել, որ Արմեն Գեւորգյանի եւ Վահե Հակոբյանի՝ հանձնաժողովների նախագահի լիազորությունները դադարեցնելուց հետո նոր նախագահ չեն ընտրի։ 2 հանձնաժողովում էլ փոխնախագահները ՔՊ-ականներ են՝ նրանք կիրականացնեն նախագահի լիազորությունները։ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովում Արմեն Գեւորգյանի գործառույթները կփոխանցվեն Վաղարշակ Հակոբյանին, Տնտեսական հարցերի հանձնաժողովում Վահե Հակոբյանի գործառույթները՝ Բաբկեն Թունյանին։ ՔՊ-ն փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ կներկայացնի։ Ինչ վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին, կարծիքները բաժանվել են․ մի մասն ասում է՝ զրկելու հիմքեր չկան, նա հաճախել է ԱԺ, նիստեր վարել, բացի այդ՝ վտանգ չի ներկայացնում իրենց համար։ Մյուս մասը կողմ է, որ պատժեն ժամանակին ՔՊ-ից դասալքության համար։ Եվ մի խնդիր էլ կա․ Թովմասյանի տեղակալն ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն է, որը վերջերս հայտնվեց սկանդալային պատմության մեջ՝ կնոջը ծեծի ենթարկելու դեպքով, կստացվի, որ բռնարարը զբաղվելու է մարդու իրավունքներով։ Հիշենք․ երբ Նաիրա Զոհրաբյանին զրկեցին նախագահի պաշտոնից, նոր նախագահ չընտրեցին, ԼՀԿ-ական փոխնախագահ Անի Սամսոնյանը փոխարինեց»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Ապագա գլխավոր դատախազ, ներկայում վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը երեկ ընդգրկվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում՝ փոխարինելով վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանին, որն ամիսներ առաջ հրաժեշտ տվեց պաշտոնին եւ, իր հայտարարությամբ՝ տեղափոխվեց բիզնես ոլորտ։ Վարդապետյանի հարցով որոշումը Նիկոլ Փաշինյանինն է։ Թե ինչու է նա ապագա դատախազացուին գործուղում մայր բուհ, դժվար է ասել։ Հիշեցնենք, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձեւավորվեց անցած տարեվերջին, նախագահը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է։ Հիշեցնենք նաեւ, որ տարիներ շարունակ Փաշինյանը խոսում էր բուհերի ապաքաղաքականացման եւ ապակուսակցականացման մասին»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարբեր լրատվամիջոցներ պարբերաբար հրապարակում են պաշտոնյաների՝ 2021 թվականի հայտարարագրերը, որոնք տեղադրված են կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում։ Այդ հայտարարագրերում նկատելի է, որ քպական բազմաթիվ պատգամավորներ ու այլ պաշտոնյաներ նոր բնակարաններ են ձեռք բերել վերջին 3 տարվա ընթացքում, բանկերում ունեն հսկայական ավանդներ, և, ընդհանրապես, իշխանափոխությունից հետո նրանց կյանքը բարելավվել է անասելի տեմպերով։ Բայց, ինչպես երևում է, 2022 թվականի հայտարարագրերը կարող են ավելի ճոխ լինել։ Բանն այն է, որ ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ից հատկապես ՏՏ ոլորտի ներկայացուցիչները տեղափոխվում են Հայաստան, բնակարաններ վարձում, ինչի արդյունքում էականորեն աճել են վարձակալության գները։ Կան տեղեկություններ, որ առիթից փորձել են օգտվել քպական մի շարք պատգամավորներ։ 2022 թ. ապրիլ-մայիս ամիսներին, ըստ «օդում կախված լուրերի», մոտ երեք տասնյակ պատգամավոր բնակարան և առանձնատուն է գնել մասնավորաբար Երևանում և Դիլիջանում, որը՝ կանխիկ, որը՝ քպական հայտնի օլիգարխի բանկից ստացած վարկով։ Ձեռք բերված գույքը բավական թանկ գնով վարձով են տալիս ռուսներին՝ «ձեռքի հետ» փող աշխատելով։ Այնպես որ, եթե եկամուտները չթաքցնեն, ապա 2022 թ. հայտարարագրերում կարող ենք ականատես լինել քպականների նոր «հաջողություններին»՝ էլ ավելի հարստանալու տեսքով»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն գրեթե պատրաստ է Եղվարդի համակցված կերերի գերժամանակակից գործարանը, որն, ըստ էության, լինելու է Անդրկովկասում ամենամեծն ու ամենահզորը: Տարածաշրջանում նմանը չունեցող արտադրական հսկայի բացումը նախատեսված է շուրջ մեկ-մեկուկես ամսից։ «Եղվարդի համակցված կերերի գործարանը» հնարավորություն ունի արտադրելու գյուղատնտեսական տարբեր թռչունների և կենդանիների համար նախատեսված բարձրորակ համակցված կերեր: «Փաստի» հետ զրույցում կոմբինատի տնօրեն Արկադի Դավթյանը հաստատեց մեր տեղեկությունները՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են ընթացիկ աշխատանքները, մասնավորաբար, ընթանում է ասֆալտապատման, բարեկարգման աշխատանքների վերջին փուլը: Տնօրենի հավաստմամբ, պլանավորել են ամենաշատը 10-12 օր հետո ասֆալտապատումն ավարտել, այսինքն` գործարանն արտաքնապես համարյա ամբողջությամբ պատրաստ է լինելու: Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, նման խոշորածավալ նախագիծը իրականացվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանի ներդրումների շնորհիվ, որն, ի դեպ, նաև Ծաղկաձորի «Գոլդեն փելես» (Golden Palace) հյուրանոցի գնորդն է»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ Գյումրի քաղաքի տարածքային կենտրոնի ողջ աշխատակազմը շուրջ 6 ամիս աշխատավարձ չի ստացել։ Այսինքն, ստացվում է՝ այս տարի մարդիկ ընդհանրապես չեն վճարվել: Աշխատակիցները դիմել են արդարադատության նախարարություն՝ խնդրին լուծում տալու համար։ Մեր աղբյուրը փոխանցում է, որ նրանց հետ հանդիպման է եկել արդարադատության նախարարի օգնական Սերգեյ Սարուխանյանը, սակայն ոչ մի բովանդակային պարզաբանում չի տրվել։ Մեզ տեղեկացրեցին նաև, որ ՔԿԱԳ Գյումրու կենտրոնի աշխատակիցները նամակ են ուղարկել նախարարություն և կառավարություն։ Այսինքն, և՛ արդարադատության նախարարությունում, և՛ կառավարությունում տեղյակ են խնդրին, սակայն գոնե երեկվա դրությամբ հարցին լուծում տրված չէր: Պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց արդարադատության նախարարություն, սակայն խնդրեցին հարցումը գրավոր ուղարկել: Մեր դիտարկմանը, թե նյութը հրապարակվելու է հաջորդ օրը, ու ցանկալի կլիներ ստանալ նաև իրենց պարզաբանումը, առավել ևս, որ բարդ ուսումնասիրության խնդիր չկար, և մեզ ընդամենը հետաքրքրում է՝ ինչու մարդիկ աշխատավարձ չեն ստանում ու ե՞րբ հարցին լուծում կտրվի, ասացին, որ կաշխատեն հնարավորության դեպքում պատասխանել ոչ թե օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետում, այլ մինչև աշխատանքային օրվա վերջ: Մինչ օրվա ավարտ պատասխան չստացանք: Երբ ստանանք, անպայման նաև ԱՆ պարզաբանումը կներկայացնենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2020-ի հունվարի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը «100 փաստ՝ նոր Հայաստանի մասին» հայտարարությունների շրջանակներում խոսում էր զինծառայողների կենցաղային հարցերը բարելավելու ու բանակում իրականացվող փոփոխությունների մասին: Լրատվամիջոցների համար Կապանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցնում էր, թե զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվել է ավելի քան 40 զորամասի պարենավորում: «Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր եւ սեւ պղպեղ: Շարունակվում են համազգեստի եւ ճտքավոր կոշիկների որակի բարելավման եւ հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլեւ նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չկանխատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել»,- հպարտորեն ասում էր նա:
44-օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, սակայն, պարզ դարձավ, որ Փաշինյանի հայտարարությունները որեւէ կապ չունեն իրականության հետ, քանզի մարտադաշտում կռվող զինվորականների ոչ միայն սնունդը, այլեւ տարատեսակ այլ իրերը՝ ընդհուպ վիրակապերն ու չոր սնունդը, նրանց ծնողներն էին ապահովում: Ավելին՝ ռազմարվեստի մասնագետները վստահեցնում էին, որ ռիսկային է բանակի սննդամատակարարումը մասնավոր ընկերությունների հանձնել ու հրաժարվել, օրինակ, դաշտային խոհանոցից: Եվ, իսկապես, պատերազմի օրերին տեսանք, որ զինվորականները, բացի չոր սննդից, ուրիշ ոչնչով չէին սնվում, որովհետեւ մասնավորին հանձնված ճաշարանները ռազմաճակատ սնունդ հասցնել չէին կարողանում: Իրականությանը չէր համապատասխանում նաեւ Փաշինյանի այն համոզմունքը, թե զինվորականների ծնողների հոգսը թեթեւացել է, քանի որ նրանք իրենց զինվոր երեխաների ծառության վրա գումար չեն ծախսում. զինվորների ծնողներն են մինչեւ օրս հոգում զավակների ներքնաշորերի, քաղցրեղենի, ծխախոտի, երբեմն նաեւ համազգեստի, կոշիկների հարցը: Դրա ապացույցը ժամկետային ծառայության մեջ գտնվող զինվորի ծնողների հավաստիացումներն են ու ամեն ամիս զինվորին ուղարկվող գումարը, հետեւաբար Փաշինյանի պնդումը, թե զինվորների կենցաղային հարցերը բանակն է կարգավորում, հերթական սուտն է եղել»: