Մեծ աղմուկ հանած «Պանդորայի փաստաթղթերում» են հայտնվել ոչ միայն հայ պաշտոնյաներ ու գործարարներ, այլեւ նրանց փոխկապակցված անձինք, այդ թվում՝ զավակները։ Նրանց շարքում են բնապահպանության նախկին նախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի դուստրը, ինչպես նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նախկին պատգամավոր եղբայրների՝ Գագիկ եւ Արմեն Աբրահամյանների որդիները, գրում է «Հետք»-ը:
Հիշեցնենք, որ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումն (International Consortium of Investigative Journalists, ICIJ) ու դրա հետ համագործակցող լրատվամիջոցները, այդ թվում՝ «Հետքը», շարունակում են ուսումնասիրել տարբեր օֆշորային գոտիներից արտահոսած փաստաթղթեր, որոնք լրագրողներն անվանել են «Pandora Papers»՝ «Պանդորայի փաստաթղթեր»։ Այս փաթեթում առկա ավելի քան 27 հազ. հատ ընկերություններն ու դրանց սեփականատերերը (շուրջ 30 հազ. մարդ) կապ ունեն աշխարհի ավելի քան 200 երկրի եւ տարածքային միավորի հետ, ինչը խոսում է արտահոսած փաստաթղթերի աշխարհագրական շատ մեծ մասշտաբի մասին: 2,94 տերաբայթ ծավալով թղթապանակում, որը Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի կողմից երբեւէ հրապարակված ամենածավալուն փաթեթն է, կան նաեւ ընկերությունների շահառու սեփականատեր հանդիսացող հայեր, այդ թվում՝ պաշտոնյաներ, գործարարներ, նրանց հարազատներ ու մերձավոր շրջապատի մարդիկ: Արտահոսած փաստաթղթերի ընդհանուր քանակը հասնում է 11,9 միլիոնի։
Դրանք արտահոսել են օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 ընկերություններից: Սրանք միջնորդ կամ գործակալ կազմակերպություններ են, որոնք օգնում են հարկային դրախտ հանդիսացող օֆշորային գոտիներում ձեւական ընկերություններ հիմնել ամենատարբեր նպատակներով:
Ինչու՞ է գործարար պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին ընկերություն հիմնել օֆշորում
Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը 4 եղբայր (Ալեքսանդր, Սերյոժա, Գագիկ, Արմեն) եւ 1 քույր (Կարինե) ունի։ Սերյոժա, Գագիկ եւ Արմեն Աբրահամյանները, լինելով անկուսակցական, նախկինում ԱԺ պատգամավորներ են եղել տարբեր խմբակցություններից։ Ընդ որում՝ 2007-2012 թթ․ Գագիկ Աբրահամյանը խորհրդարանում ներկայացնում էր իշխող ՀՀԿ-ն, Սերյոժա Աբրահամյանը իշխանական կոալիցիայի անդամ ՕԵԿ-ից էր, իսկ Արմեն Աբրահամյանը կոալիցիայի մեկ այլ թիմից էր՝ ԲՀԿ-ից։
Աբրահամյան եղբայրներից ամենաերկար քաղաքական կենսագրությունն ունի Գագիկը։ Նա պատգամավոր է եղել 1990-1995 (իշխող ՀՀՇ խմբակցության անդամ), 1995-1999 (իշխող «Հանրապետություն» դաշինքից) եւ 2007-2012 թթ․ (իշխող ՀՀԿ-ից)։ 1993-1998 թթ․ Գագիկ Աբրահամյանը եղել է ադամանդագործական «Շողակն» պետական ընկերության տնօրեն, որտեղից էլ ստացել է իր մականունը՝ «Բրիլիանտի Գագո»։ 1998-ին նա հիմնել է ««Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ն, իսկ 2001-ին՝ ««Ջեյ Սի Էյ» Հայաստանի ոսկերչական ընկերություն» ՓԲԸ-ն։ 2002-2004 թթ․ Գագիկ Աբրահամյանը Հրվ․ Կորեայում ՀՀ պատվավոր հյուպատոսն էր։ 2006-ին ընտրվել է Հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ։
Նախկին պատգամավորը նաեւ խոշոր հողատեր է։ 2018-ին «Հետքը» պատմել էր Երեւանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց՝ Ազատության պողոտա-Բաբայան փողոց հատվածում, հին ու նոր պաշտոնյաների կառուցած առանձնատների մասին։ Գրել էինք, որ այստեղ ամենամեծ հողակտորը (1,3 հեկտար), հենց Գ․ Աբրահամյանինն է, ավելին՝ նրա առանձնատունը, ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով, մեր երկրում ամենաբարձր կադաստրային արժեքն ունեցող (428 մլն դրամ) բնակելի տունն էր։ Իր առանձնատան կողքին Աբրահամյանը կառուցել է եւս մեկը, որտեղ վարձակալությամբ տեղավորվել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանությունը։
2020-ին էլ գրել էինք Դալմայի այգիների տեղում հողակտորներ գնած ու վարձակալած անձանց մասին։ Նրանցից Գագիկ Աբրահամյանի «Դի Սի Էյ» եւ «Ջեյ Սի Էյ» ընկերությունները զբաղեցնում են 3,8 հա տարածք Այասի 114 հասցեում։
Գագիկ Աբրահամյանի մասին շատ բան կարելի է պատմել, բայց բավարարվենք այսքանով ու անդրադառնանք նրա որդուն՝ Արամ Աբրահամյանին, եւ նրա օֆշորային գործերին։
«Պանդորայի փաստաթղթերի» ծագման աղբյուր դարձած 14 գործակալներից մեկը «Trident Trust Group»-ն է, որը գրասենյակներ ունի երկու տասնյակ երկրներում, սակայն, ըստ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի, գլխավոր ընկերությունը Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) գրանցված «Trident Trust Company (B.V.I.) Limited»-ն է։ «Պանդորայի թղթապանակի» 11,9 մլն հատ արտահոսած փաստաթղթերից ամենաշատը՝ 3,37 մլն-ը, բաժին է հասել «Trident Trust»-ին. այդ փաստաթղթերը վերաբերում են 1970-2019 թթ․ ժամանակահատվածին։ «Trident Trust»-ի հաճախորդներից է նաեւ Արամ Աբրահամյանը:
2012-ի հունվարին ԲՎԿ-ում գրանցվել է 26-ամյա Արամ Աբրահամյանի «Chessman Services S.A.» ընկերությունը, որի միակ սեփականատերն ու տնօրենը եղել է ինքը։ 2017-ի տարեվերջին «Trident Trust»-ի աշխատակիցների նամակագրությունից տեղեկանում ենք, որ Աբրահամյանի ընկերությունը վերականգնելու (restoration) խնդիր է ծագել։ ԲՎԿ-ի ռեգիստրից ջնջված, բայց դեռեւս չլուծարված ընկերությունը հնարավոր է վերականգնել, եթե դրա համար հայտ ներկայացնելու հետ միասին վճարվեն համապատասխան տույժ-տուգանքներն ու պետական տուրքերը։ 2018-ի տարեսկզբին «Chessman Services S.A.»-ն վերականգնվել է վիրջինյան ռեգիստրում։ Այդ նպատակով Արամ Աբրահամյանի ներկայացրած փաստաթղթերը օգնում են հասկանալ, թե 2012-ին ինչու է ստեղծվել ընկերությունը։
Ըստ այդմ՝ օֆշորային «Chessman Services S.A.»-ն ծառայում է հայկական ««Դի Սի Էյ» ադամանդագործական ընկերություն» ՓԲԸ-ի ակտիվները պահելու համար։ Պահվող ակտիվները գնահատվել են 5 մլն դոլար։ Դրանց ծագման աղբյուրի մասին նշվել է հետեւյալը․ «Արամ Աբրահամյանը հաջողակ բիզնեսմեն է Հայաստանում, նա նաեւ հարուստ ընտանիքից է, նրա հայրը եւս հայտնի բիզնեսմեն է։ Նրանք շատ հայտնի են ոսկերչական ոլորտում»։ Ընկերությունը հենց ԲՎԿ-ում գրանցելու պատճառը ներկայացվել է այսպես․ «Ապահովել ակտիվների որոշակի անվտանգություն»։ Հետաքրքիր է, որ չնայած «Chessman Services S.A.»-ի շահառու սեփականատերն Արամ Աբրահամյանն է, նրա հայրը՝ Գագիկ Աբրահամյանն է նշվել որպես իրավասու անձ, ով կարող է գործակալ «Trident Trust»-ին ցուցումներ տալ ընկերությանն առնչվող գործարքների վերաբերյալ, եւ ում պետք է ուղարկվեն «Chessman Services S.A.»-ի հաշիվ-ապրանքագրերն ու հաշվի քաղվածքները։
Արմեն Աբրահամյանի որդու վիրջինյան ընկերությունները
Աբրահամյան եղբայրներից Արմենը երկար տարիներ աշխատել է հարկային համակարգում։ 2003-ին նա հիմնադրել է «Մագաս Ինվեստ» ՓԲԸ-ն, որը 2007-ից 50-50 համամասնությամբ կիսում է գործարար Գագիկ Ծառուկյանի հետ։ Պատահական չէ, որ անկուսակցական Աբրահամյանը 2007-2012 թթ․ ԱԺ պատգամավոր է ընտրվել Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ից։
«Մագաս Ինվեստը» հարավկորեական «Hyundai Motors» հայտնի ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ իրականացնում է «Hyundai» ավտոմեքենաների, պահեստամասերի, աքսեսուարների վաճառք, սպասարկում: Խանութ-սրահը գտնվում է Ծառուկյանի հարազատ Առինջ գյուղի մոտ: Պատահական չէ նաեւ, որ 2004-ից Ա․ Աբրահամյանը Հրվ․ Կորեայի գլխավոր պատվավոր հյուպատոսն է Հայաստանում։
Արմեն Աբրահամյանի որդու՝ Աբրահամ Աբրահամյանի անունը առնչվում է մեկից ավելի օֆշորային ընկերությունների։ Վերջինս իր հորեղբոր որդու՝ Արամ Աբրահամյանի նման դարձել է ԲՎԿ-ում գործող «Trident Trust»-ի հաճախորդ։
2015-ի փետրվարին դեռեւս 20-ամյակը չբոլորած Աբրահամ Աբրահամյանը դարձել է վիրջինյան «Edgelane Limited»-ի տնօրեն ու սեփականատեր։ Ընկերությունը հիմնադրվել է 1998-ին եւ նախկինում մի քանի տեր է փոխել։ Նույն տարվա մարտին Աբրահամյանը ԲՎԿ-ում ձեռք է բերել մեկ այլ ընկերություն՝ 2008-ին գրանցված «Omonte Corp.»-ը։ Այստեղ, սակայն, նա երկար չի մնացել։ 2016-ի նոյեմբերին Աբրահամ Աբրահամյանն ընկերությունը փոխանցել է երեւանցի Բագրատ Ասատրյանին, որը դարձել է նաեւ դրա տնօրենը։ 2015-ի ապրիլին էլ Ա․ Աբրահամյանը գնել է եւս մի վիրջինյան ընկերություն՝ «Gal Marine (BVI) Limited»-ը, որը հիմնադրվել է 1997-ին։ Փաստաթղթերում նշվել է, որ «Gal Marine (BVI) Limited»-ը սեփականատեր է մեկ այլ ընկերությունում, որի անունը, սակայն, չի ներկայացվել, բայց քանի որ բաժնեմասը նշվել է ռուբլով, կարող ենք եզրակացնել, որ խոսքը ռուսական ընկերության մասին է։ 2016-ի ապրիլին էլ Ա․ Աբրահամյանը երեւանցի Վիլեն Հակոբյանից ձեռք է բերել 2015-ի նոյեմբերին ԲՎԿ-ում ստեղծված «Integro Invest Limited»-ը։
2016-ի օգոստոսին Աբրահամյանը դարձել է մեկ այլ ընկերության՝ 2008-ին հիմնադրված «Maktron Corp.»-ի սեփականատեր ու տնօրեն, մինչ այդ՝ 2014-2016 թթ․, ընկերության տերը եղել է մոսկվացի Վլադիսլավ Աբրահամյանը, որը Աբրահամի հորեղբոր՝ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի որդին է։
«Maktron»-ը 50 % բաժնեմաս ունի օֆշորային Լյուքսեմբուրգում գրանցված «Moscow Construction and Development S.A.R.L.»-ում։ Մնացած 50 %-ը պատկանում է լյուքսեմբուրգյան «Amara Management S.A.»-ին, որի հետեւում կանգնած է գործարար Գագիկ Ադիբեկյանը։ Աբրահամյանների ու Ադիբեկյանի «Moscow Construction and Development»-ը շինարարական ընկերություն է։ Մոսկվայում այն կառուցել է «41 квартал» բնակելի համալիրը։ 2017-ի ղեկտեմբերին «Maktron Corp.»-ում իր ամբողջ բաժնեմասը Աբրահամ Աբրահամյանը փոխանցել է ԲՎԿ-ում գրանցված «Taurus Invest Ltd.»-ին՝ շարունակելով մնալ «Maktron Corp.»-ի տնօրեն։
«Taurus Invest Ltd.»-ն հիմնադրվել է 2017-ի փետրվարին։ Դրա տնօրենը Աբրահամ Աբրահամյանն է, սեփականատերը՝ բրիտանական գահին ենթակա օֆշորային Մեն Կղզում գրանցված «Bradley Limited»-ը, բայց իրական շահառու սեփականատերը Վլադիսլավ Աբրահամյանն է։ Փաստաթղթերում նշվել է, որ «Taurus Invest»-ի ստեղծման նպատակը այլ ընկերություններում բաժնեմաս տիրապետելն է։ Նպատակն իրագործվել է, երբ ընկերությունը դարձել է, մասնավորապես, «Maktron Corp.»-ի սեփականատեր։
Վիրջինյան բոլոր ընկերություններում Աբրահամ Աբրահամյանի գործերը կառավարել է ռուսական «Կոնկլավ-Հոլդինգ» ընկերությունը (երբեմն հիշատակվում է «Moscow Law Services» անվամբ), ավելի կոնկրետ՝ դրա սեյշելյան մասնաճյուղը («MLS Holdings Limited»), որը փաստաթղթերում նշվում է որպես Աբրահամյանի ընկերությունների ադմինիստրատոր։ Այլ կերպ ասած՝ սեյշելյան ընկերությունն է ապահովել կապը Աբրահամյանի եւ գործակալ «Trident Trust»-ի միջեւ։
Վարդան Այվազյանի դստեր սեյշելյան ընկերությունը
Օֆշորային գոտիներում ծառայություններ մատուցող 14 գործակալներից մեկն էլ սեյշելյան «All About Offshore (Seychelles) Limited» ընկերությունն է (հայտնի է նաեւ անվան հապավումով՝ «AABOL»)։ Այս գործակալից արտահոսել է մոտ 270 հազար փաստաթուղթ, որոնք ներառում են տվյալներ 2000-2019 թթ․ կտրվածքով։ Բնապահպանության նախկին (2001-2007 թթ․) նախարար, ԱԺ ՀՀԿ-ական նախկին (2007-2017 թթ․) պատգամավոր Վարդան Այվազյանի դուստրը՝ Արմինե Այվազյանը, «AABOL»-ի հաճախորդ է եղել։
Ինչպես տեղեկանում ենք արտահոսած փաստաթղթերից, սեյշելյան «AABOL»-ի եւ Արմինե Այվազյանի միջեւ միջնորդ է եղել բրիտանական «Coldwell Business Consulting Corp.» ընկերությունը։ Վերջինիս կողմից 2015-ի ամռանը Ա․ Այվազյանին ուղարկված մի փաստաթղթից պարզ է դառնում, որ Սեյշելներում Այվազյանի համար պետք է ստեղծվեր նոր ընկերություն՝ «Arminka Resources ltd» անունով։ Այն զբաղվելու էր տարբեր հաճախորդների տարբեր տիպի ծառայություններ մատուցելով, մասնավորապես՝ հանքարդյունաբերության ոլորտում եւ բիզնեսի մեջ ծագած խնդիրների լուծմանն օժանդակելով։ Եվ ահա 2015-ի հուլիսին օֆշորային գործակալ «AABOL»-ի գրանցման հասցեում հիմնադրվել է «Arminka Resources ltd»-ն։ Ընկերության տնօրենն ու միակ սեփականատերը Վարդան Այվազյանի դուստրն էր, որն այդ ժամանակ 25 տարեկան էր։
Փաստաթղթերում Ա․ Այվազյանի կոնտակտային երկու հասցե է նշված։ Դրանցից մեկը Երեւանի Վահագնի թաղամասում է, որտեղ ապրում են Այվազյանները, չնայած գրանցված են Չարենցավանում, մյուսը բրիտանական հասցե է (5 Lancelot Place, London)։ Լոնդոնի Նայթսբրիջ (Knightsbridge) թանկ թաղամասում գտնվող այդ շենքը հարեւան հասցեների հետ քանդվել է 2018-ին, եւ հիմա տարածքում շինարարություն է ընթանում։ Նկատենք, որ Լոնդոնի հետ Վարդան Այվազյանի դստեր կապը մի քանի տարվա պատմություն ունի։
Արմինե Այվազյանը մասնագիտությամբ իրավաբան է, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո սովորել է բրիտանական երկու բուհերում (այդ թվում՝ Լոնդոնի Վեսթմինսթերի համալսարանում) կրկին իրավագիտության ոլորտում, զուգահեռաբար պրակտիկա է ձեռք բերել ՀՀ արդարադատության նախարարությունում, լոնդոնյան «Grant Thornton International»-ի հայաստանյան անդամ «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ում, որը մատուցում է աուդիտորական եւ խորհրդատվական ծառայություններ։ 2013-2014 թթ․ Այվազյանն աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչությունում, 2014-2015 թթ․ էլ, երբ հայրը պատգամավոր էր իշխող ՀՀԿ-ից, եղել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի օգնականը, իսկ 2015-ից աշխատանքի է անցել լոնդոնյան «Opus Capital Limited»-ում որպես իրավախորհրդատու (ներկայում ընկերությունը գտնվում է լուծարման գործընթացում), 2015-2016 թթ․ էլ կորպորատիվ ծրագրերի ղեկավար էր նույնպես լոնդոնյան «Pantheon International Advisors» ընկերությունում։
Ի՞նչ է թաքնված Արմինե Այվազյանի հայկական ընկերության հետեւում
Օֆշորային «Arminka Resources ltd»-ն Արմինե Այվազյանի միակ ընկերությունը չէ, որ կապ ունի հանքարդյունաբերության հետ։ Այդպիսին կարելի է համարել 2020-ի նոյեմբերին Վահագնի թաղամասում գրանցված «Բիլ Րեսորսիս» ՍՊԸ-ն, որի միակ սեփականատերն ու տնօրենն Այվազյանն է։ ՀՀ պետեկամուտների կոմիտեի կայքի տվյալներով՝ այս ընկերության գործունեությունը ծառայությունների մատուցումն է, ինչն առանձնապես որեւէ բան չի ասում, բայց Արմինե Այվազյանի ՍՊԸ-ն բրիտանական նույնանուն «երկվորյակ» ունի։ 2020-ի հուլիսին Լոնդոնում գրանցվել է «Beal Resources Limited»-ը, որն, ըստ բրիտանական ռեգիստրի, զբաղվում է հանքարդյունաբերությանն օժանդակող գործունեությամբ։
2022-ի փետրվարի դրությամբ «Beal Resources Limited»-ը 9 մեծ ու փոքր սեփականատեր ուներ։ Դրանցից 3-ը բրիտանական ընկերություններ են, 2-ը օֆշորային Բրիտանական Վիրջինյան Կղզիներից (ԲՎԿ) են, իսկ մնացած 4-ը ֆիզիկական անձինք են։
Ինչպես տեսնում ենք ինֆոգրաֆիկայում, «Beal Resources Limited»-ի ամենախոշոր սեփականատերը (44,8 %) բրիտանական «Kensington Nominees Limited»-ն է, որը, դատելով անունից, ձեւական ընկերություն է, ավելին՝ ներկայում գործունեություն չի ծավալում։
Ընդ որում՝ 2021-ի սեպտեմբերի դրությամբ «Beal Resources Limited»-ն ուներ 11 սեփականատեր, սակայն դրանցից բրիտանական երկու ընկերություններ՝ «Aprelskoe Limited»-ն ու «Bazum Steel Limited»-ը, իրենց բաժնեմասերը փոխանցել են «Kensington Nominees Limited»-ին։ Փոխանցումից հետո «Bazum Steel Limited»-ը լուծարվել է, իսկ «Aprelskoe Limited»-ը գտնվում է բրիտանական ռեգիստրից ջնջվելու գործընթացում, որին կհաջորդի լուծարումը։
Բնականաբար, «Beal Resources Limited»-ի նախկին ու ներկա սեփականատերերի մեջ ուշադրություն են գրավում հայկական անուններով ընկերությունները՝ «Bazum Steel Limited»-ը եւ «Lori Iron and Steel Limited»-ը (վերջինիս՝ ռեգիստրից ջնջվելու գործընթացը ժամանակավոր կասեցված է), որոնց գործունեության տեսակը նույնն էր՝ երկաթի հանքերի արդյունահանում։ Բացի դրանից՝ նրանք գրանցված էին լոնդոնյան նույն հասցեում։
Համաձայն բրիտնական ռեգիստրի վերջին տվյալների՝ 2021-ի հոկտեմբերին լուծարված «Bazum Steel Limited»-ի ամենամեծ (46,8 %) սեփականատերն օֆշորային Բելիզում գրանցված «Bazum Steel (Belize) Limited»-ն էր։ Վերջինիս մասին գրել ենք նախորդ տարի, երբ անդրադարձել ենք Վարդան Այվազյանի հայկական ընկերությունների եւ բրիտանացի ու օֆշորային ներդրողների գործարքներին։
Օֆշորներում թափառող հայկական հանքերը
Հիշեցնենք, որ 2012-ի աշնանը բրիտանացի ներդրողները հայտարարել էին Լոռու մարզում գտնվող Բազումի երկաթի հանքավայրում եւ Վայոց Ձորի Ազատեկի ոսկի-բազմամետաղային հանքավայրում ներդրումներ անելու ծրագրերի մասին։ Այդ ժամանակ Բազումի հանքի ուսումնասիրման (հետախուզման) իրավունք ուներ Վարդան Այվազյանին պատկանող «Սուրարտ» ՍՊԸ-ն, իսկ Ազատեկի շահագործման իրավունքը տրված էր Այվազյանի մեկ այլ ընկերության՝ «ՎայքԳոլդ» ՍՊԸ-ին։
Ի վերջո, «Bazum Steel (Belize) Limited»-ն ամբողջության Այվազյանից գնեց «Սուրարտը», բայց Բազումի ներդրումային նախագիծն իրականություն չդարձավ, քանի որ երկաթի համաշխարհային գներն ընկան։ Իսկ ահա «ՎայքԳոլդի» 80 %-ի տեր դարձավ սեյշելյան «Coeur Gold Armenia»-ն, որը պատկանում էր բրիտանացի Ջորջ Ռիչմոնդին (իրականում վրացի է՝ Գեորգի Մգալոբլիշվիլի)։
Ինչ վերաբերում է «Lori Iron and Steel Limited»-ին, որն առաջիկայում, թերեւս, նույնպես կլուծարվի, ապա, բրիտանական ռեգիստրի վերջին տվյալներով, դրա ամենամեծ բաժնեմասը (50 %) կառավարման է հանձնված բրիտանական «Asset Life Plc»-ին, որը, սակայն, արդեն լուծարվել է։
Ամեն դեպքում, «Bazum Steel Limited»-ի ու «Lori Iron and Steel Limited»-ի նույն գործունեությունը եւ լոնդոնյան հասցեն, դրանցում միեւնույն անձանց ներգրավվածությունը, ինչպես նաեւ Հայաստանի հետ անվանական առնչությունները հուշում են, որ այս ընկերությունների հետաքրքրությունների առարկան նույնն էր՝ հանքարդյունաբերությունը Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Լոռու մարզի Բազումի երկաթի հանքավայրի շահագործումը։
Համադրելով փաստերը՝ ստանում ենք հետեւյալ պատկերը։ 2020-ի աշնանը Վարդան Այվազյանի դուստրը Երեւանում հիմնել է մի ընկերություն, որի անվանակիցն արդեն 4 ամիս գոյություն ուներ Լոնդոնում։ Լոնդոնյան ընկերության սեփականատերերի մեջ եղել են/կան այնպիսիք, որոնք հետաքրքրված էին երկաթի հայկական պաշարներով ու, մասնավորապես, Բազումի հանքավայրով։ Ավելին՝ լոնդոնյան այն ընկերությունը («Opus Capital Limited», կրկնենք՝ լուծարման գործընթացում է), որտեղ 2015-ից աշխատանքի է անցել Արմինե Այվազյանը, ղեկավարում է Փոլ Սիկենսը (Paul Seakens), որը նախկինում տնօրեն է եղել «Bazum Steel Limited»-ում։
Երբ անցյալ տարի գրել էինք Վարդան Այվազյանի ընկերությունների եւ բրիտանացի ու օֆշորային ներդրողների առնչությունների մասին, հոդվածի հրապարակումից առաջ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը հարցեր էր ուղարկել նախկին պաշտոնյանի դստեր եւ փաստաբան Կարո Միքայելյանի էլեկտրոնային փոստերին։ Չնայած վերջինս դատարանում պաշտպանում էր Վարդան Այվազյանին առնչվող «Վարդանի զարթոնքը» եւ «ՎայքԳոլդ» ընկերությունների շահերը, իսկ հարցերի մի մասը հենց «ՎայքԳոլդին» էին վերաբերում, պատասխան նամակով հայտնել էր. «Վարդան Այվազյան անունով անձը երբեւէ չի եղել իմ հաճախորդը»: Մեր գործընկերները նաեւ զանգահարել ու հաղորդագրություններ էին ուղարկել Վարդան Այվազյանին, սակայն նա չէր արձագանքել։ Գրավոր հարցերին չէր պատասխանել նաեւ նրա դուստրը։ Ընդ որում՝ հարցերից մի քանիսը հենց Արմինե Այվազյանին էին վերաբերում։
Ահա Ա․ Այվազյանին առնչվող այն հարցերը, որոնք տեղ էին գտել նրա էլեկտրոնային փոստով հորն ուղղված հարցաշարում։
Ձեր դուստրը՝ Արմինե Այվազյանը, 2020 թ. նոյեմբերին Հայաստանում հիմնել է «Բիլ Րեսորսիս» անունով ընկերություն: Նույն անունով ընկերություն 2020 թ. հուլիսին հիմնադրվել է Մեծ Բրիտանիայում: Արդյոք Ձեր դստեր ընկերությունը հանքարդյունաբերական ընկերություն է եւ փոխկապակցված է բրիտանական ընկերության հետ:
2015 թ. հուլիսին Արմինե Այվազյանը նաեւ «Arminka Resources» անունով ընկերություն է հիմնել Սեյշելներում։ Արդյոք այն զբաղվում է հանքարդյունաբերությամբ:
«Arminka Resources»-ի որոշ փաստաթղթերում Ա. Այվազյանի հասցեն նշված է 5 Lancelot Place, London, SW7 1DR United Kingdom: Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է նշված այս հասցեն, եթե Ձեր դուստրը Հայաստանի քաղաքացի է, հաշվառված է Հայաստանում: Լոնդոնի այս հասցեում նա կամ Ձեր ընտանիքի անդամներից որեւէ մեկը սեփական անշարժ գույք ունի՞: Ինչպե՞ս եք այն ձեռք բերել: