29.11.2024
Պուտին-Օբամա հանդիպումը տևել է նախատեսվածից երկար. Խոսնակ
prev Նախորդ նորություն

Յագլանդ. Թուրքիայում դավադիրների դեմ պայքարը չպետք է խախտի ժողովրդավարական նորմերը

Նախօրեին Փարիզում տեղի է ունեցել ԵԽԽՎ բյուրոյի նիստը, որի շրջանակում անդրադարձ է կատարվել այդ թվում նաև Թուրքիայում տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ պետական հեղաշրջման փորձին, դրան հաջորդած գործողություններին ու ստեղծված իրավիճակին:

ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ իր խոսքում ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդգծել է, որ քաղաքական գործիչները պետք է իրենց հասարակություններում քաղաքացիներին պաշտպանելու հատուկ պարտավորություն կրեն՝ մերժելով ահաբեկչությունը, ազգամիջյան լարվածությունը և պիտակավորումը, աճող պոպուլիստական անհանդուրժող և արմատական հռետորաբանությունը, պետք է հիշեն հասարակությունները միավորող արժեքների և ընդհանուր շահերի ու ձեռքբերումների, այդ թվում, ամենակարևորը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ստանդարտների վրա հիմնված միասնական համաեվրոպական իրավական տարածության ստեղծման մասին: Պեդրո Ագրամունտը կարևորել է Թուրքիայում ժողովրդավարական հաստատությունների ուժեղացման գործընթացը և կոչ արել խստորեն հետևել ներքին իրավական ընթացակարգերին և Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Նիստի ընթացքում մանրամասն քննարկվել են ԵԽԽՎ նախագահ Ագրամունտի և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի այցերը Թուրքիա և դրանց ընթացքում նրանց կողմից կատարված աշխատանքներն ու հայտարարությունները: Բյուրոն կիսել է Յագլանդի կարծիքն այն մասին, որ պայքարը դավադիրների դեմ չի կարող ընթանալ ժողովրդավարական նորմերի պահանջների խախտումով: Իր հաղորդագրության մեջ նա ընդգծել է, որ թեև Թուրքիան շեղվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից, բայց կոնվենցիան շարունակում է կիրառվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերահսկողության ներքո: Այսպիսով, իշխանությունների կողմից ցանկացած ձեռնարկված միջոց խիստ համաչափ պետք է լինի սպառնալիքի ոգուն և եվրոպական չափանիշներին՝ այդ թվում բացառելով ճնշումներն ուղղված խոսքի ազատությանը, լրագրողների հետապնդումներին, որոնք գրանցվել են Թուրքիայում նաև մինչ հեղաշրջումը:

Քննարկվել են նաև Ռուսաստանի Դաշնություն Պեդրո Ագրամունտի կատարած այցին, Պետական Դումայի և Դաշնության խորհրդի նախագահների և առաջատար պատասխանատուների հետ հանդիպումներին առնչվող հարցեր:

Նշվում է, որ ԵԽԽՎ բյուրոյի սեպտեմբերյան նիստի աշխատանքների ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը կարծիքներ է փոխանակել ԵԽ գլխավոր քարտուղարի, հանձնաժողովների նախագահների, մի շարք երկրների ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ VERELQ հայտնել էր, որ Փարիզում ընթացող ԵԽԽՎ Մարդու իրավունքների և իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ստորագրահավաք է մեկնարկել՝ Թուրքիային մոնիթորինգի տակ գտնվող երկրի նախկին կարգավիճակը հետ վերադարձնելու նպատակով: