VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Էջմիածնում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ այդ քաղաքի նախկին քաղաքապետ
Հրաչիկ Աբգարյանը տարիներ առաջ ծավալած բիզնես գործունեության արդյունքում տասնյակ միլիոնավոր դրամների հասնող հարկային պարտքեր է կուտակել ու չի ցանկացել դրանք վճարել։ Դա է եղել պատճառը, որ նա Էջմիածնում դե յուրե հրաժարվել է իր բոլոր սեփականություններից՝ դրանք գրանցելով այլ մարդկանց անուններով, որպեսզի պարտքերի դիմաց դրանք չառգրավվեն կամ կալանքի տակ չվերցվեն։ Աբգարյանը, սակայն, երեկ մեզ հետ զրույցում հերքեց, որ հարկային մեծ պարտքեր ունի և միտումնավոր է հրաժարվել իր սեփականությունից, այդ թվում նաև Էջմիածնի գրանցումից։ Նախկին քաղաքապետը պնդեց, որ իրեն դիտմամբ են հանել Էջմիածնի գրանցումից, որ քաղաքապետի այս ընտրություններին չկարողանա առաջադրվել։ Հիշեցնենք, Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 18-ին»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանի հրաժարականի լուրերին զուգահեռ, «հրապարակվում» է կառավարության «գնացող» անդամների ցանկը։ Տեղեկություններ կան, որ,
Էդվարդ Նալբանդյանից բացի, պաշտոններին հրաժեշտ կտան գյուղնախարար
Սերգո Կարապետյանը, առողջապահության նախարար
Արմեն Մուրադյանը, որին ուզում են փոխարինել «Իզմիրլյան կենտրոնի» տնօրեն Չարչյանով, պաշտպանության նախարար
Սեյրան Օհանյանը։ Ըստ որոշ լուրերի, ՊՆ թեկնածուներից է Վլադիմիր Գասպարյանը, որին ՊՊԾ գնդի դեպքերից հետո պատժելու փոխարեն իշխանությունը, փաստորեն, որոշել է խրախուսել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ»-ն ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից փորձեց պարզել, թե արդյոք իշխանության կողմից իրենք ազգային համաձայնության կառավարության մաս կազմելու առաջարկ ստացել են: Նախկին ՕԵԿ-ի` ներկա «Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար Էդգար Առաքելյանն ասաց, որ իրենց ոչ մի առաջարկ չի ներկայացվել: Նույն պատասխանը տվեց նաեւ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր
Գագիկ Ջհանգիրյանը: Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
Միքայել Մելքումյանն էլ ասաց. «Ի՞նչ առաջարկ, որեւէ բա՞ն է կատարվել Հայաստանում այս պահին: Չեղած փաստերի մասին չեն խոսում, քաղաքականությունը շատ ռեալ փաստերի վրա հիմնված բան է, երբ փաստեր կլինեն, նոր կանդրադառնանք»»:
«168 ժամ» թերթը գրում է. «Ապարանի ՀՀԿ գրասենյակն Ապարանի քաղաքապետի թեկնածու, արդեն երկար տարիներ գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ
Գոռ Աբրահամյանից պահանջել է իր նախընտրական շտաբը հանել կուսակցության գրասենյակի տարածքից։ Աբրահամյանը, որի թեկնածությունն առաջադրել ու սատարում է ՀՀԿ Ապարանի շրջանային կազմակերպությունը, այժմ վարձակալել է հարևանությամբ գտնվող տարածքը։ Թե ինչո՞ւ է կուսակցությունը նման պահանջ ներկայացրել Գոռ Աբրահամյանին, ՀՀԿ կազմակերպչական գծով փոխնախագահ
Ռուբեն Թադևոսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ խնդիրը կուսակցության գործունեությունն ապահովելն է։ «Մեր գրասենյակը պետք է իր նորմալ կուսակցական գործունեությունը վարի, իսկ թեկնածուներն ազատ են իրենք իրենց գրասենյակը տեղադրելու ՝ որտեղ օրենքը թույլ է տալիս»,– ասաց Ռ.Թադևոսյանը։ Գոռ Աբրահամյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր մրցակիցն էր բողոքել, թե իբր կուսակցության գրասենյակում իրավունք չկա շտաբ տեղադրելու, կամ հավասար պայմաններ պետք է ստեղծվեն թեկնածուների համար։ Աբրահամյանի խոսքով՝ իրենց զբաղեցրած նոր տարածքն անհատ ձեռնարկատիրոջ է պատկանում։ Նա հերքեց, որ այն «Նիգ-Ապարան» հայրենակցական բարեգործական կազմակերպության տարածքն է. ««Նիգ-Ապարանի» տարածքի բանալին էլ է մեզ մոտ, կարող ենք բացել, բայց, չէ, մասնավոր ԱՁ-ի տարածք է»,- ասաց նա։ Հարցին, թե նախորդ ընտրություններում «Նիգ-Ապարանը»՝ ի դեմս պատվավոր նախագահ
Աղվան Հովսեփյանի, աջակցել է Գոռ Աբրահամյանին, արդյոք այս անգա՞մ էլ է աջակցելու իրեն, Աբրահամյանը պատասխանեց. «Աղվան Հովսեփյանը արձակուրդում է, թող իր հանգիստը նորմալ անցկացնի, նա Հայաստանում չի, որ գա կանգնի իմ կողքին։ «Նիգ-Ապարանի» մյուս անդամներն իմ ընկերներն են, իհարկե, ինձ կաջակցեն, իմ կարծիքով։ Իհարկե, ինչի՞ մասին է խոսքը»»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության ֆինանսիստները արդեն զգալի ժամանակ է՝ փորձում են կանխատեսել, թե պետական բյուջեի թերակատարումն ինչ ծավալների կհասնի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հաշվարկները վկայում են, որ պետական բյուջեի թերակատարումը կարող է մինչեւ յոթանասուն միլիարդ դրամ կազմել: Ի դեպ, ներկա դրությամբ պետական բյուջեի թերակատարումն արդեն իսկ կազմում է ավելի քան 30 միլիարդ դրամ: Սպասվում է, որ առաջիկա ամիսներին այն կշարունակի աճել: Ըստ լուրերի՝ եթե պետական եկամուտների կոմիտեին հաջողվի պետական բյուջեի թերակատարումը 50 միլիարդ դրամի սահմաններում ամփոփել, ապա դա կլինի ձեռքբերում: Ի դեպ, ենթադրվում է, որ պետական բյուջեի թերակատարման ցուցանիշը նվազեցնելու գործում ՀՀ կառավարության փոփոխությունը դրական դերակատարություն կարող է ունենալ: Ակնկալվում է, որ նոր կառավարության հետ կապված գործարարների շրջանում դրական ակնկալիքներ ի հայտ կգան, ինչը նոր ներդրումների առիթ կդառնա եւ կնպաստի հարկային մուտքերի ավելացմանը»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսպիսով՝ Սերժ Սարգսյանի կողմից օգոստոսի 1-ին հայտարարված «Ազգային համաձայնության» կառավարության ձեւավորմանն ուղղված քայլերի մեկնարկը տրված է: ՀՀ կառավարության այսօրվա նիստում, որը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, կվարի ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, չի բացառվում հայտարարի իր հրաժարականի մասին, որից հետո ինքնաբերաբար հրաժարական կտան նաեւ բոլոր մյուս նախարարները: Նկատենք, որ սա Հովիկ Աբրահամյանի երկրորդ հրաժարականը կլինի Հայաստանի ամենաբարձր պաշտոնից՝ հանուն կուսակցության: Ինչո՞ւ, որովհետեւ խոսվում է, որ Աբրահամյանը գլխավորելու է 2017-ի ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների` ՀՀԿ նախընտրական շտաբը, եթե, իհարկե, երիտթեւը նաեւ այդ հարցով խարդավանքներ չհյուսի Աբրահամյանի դեմ: Հիշեցնենք, որ երբ 2014 թվականի ապրիլի 13-ին Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, «Ժողովուրդ» օրաթերթը ամիսներ անց՝ 2015-ի հունվարի 25-ին, գրեց «…երբ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, վերջինիս շրջապատը ցնծում էր, իսկ իշխանության, այսպես կոչված, երիտասարդ թեւը (այդպես ընդունված է համարել Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի թիմին) շատ հանգիստ, ինչ-որ տեղ նաեւ հեգնանքով էր վերաբերվում Աբրահամյանի շրջապատի ցնծությանը… Երիտթեւի ներկայացուցիչները վստահ էին, որ Հովիկ Աբրահամյանը դեռ զղջալու է այս փուլում վարչապետ դառնալու համար, եւ իրականում նա վերածվելու է «քավության նոխազի»»: Այսպես էլ եղավ. Սերժ Սարգսյանի համար ամենակարեւոր պահին, երբ իշխանության նկատմամբ անվստահությունը մահացու աստիճան բարձր տոկոս է կազմում, Հովիկ Աբրահամյանը կրկին զոհաբերվեց՝ տեղը զիջելով մի մարդու, որը Երեւանի քաղաքապետի պաշտոնից 2011-ին հրաժարվեց՝ Մոսկվայում առավել բարձր աշխատավարձով աշխատանքի առաջարկ ստանալուց հետո: Թեեւ այդ օրերին բոլորին էր հայտնի, որ նույն երիտթեւի խարդավանքներից «կշտացած» Կարեն Կարապետյանը լքեց Հայաստանը: Հիմա նա վերադարձել է արդեն վարչապետ նշանակվելու խոստման դիմաց եւ պայմանով, որ տնտեսական ոլորտի նախարարներին պետք է իր թիմի մարդկանց նշանակի: Հ.Գ. Երեկ ցերեկը «Ժողովուրդ»-ի թղթակիցը ՀՀ կառավարության ետնամուտքի մոտ նկատել է, որ Կարեն Կարապետյանը մեքենայով մտել է ՀՀ կառավարության շենք՝ թերեւս հանդիպելու ՀՀ գործող վարչապետին»: