23.11.2024
«Զանգեզուրի միջանցքի» խնդիրը ռուսներն ու իրանցիները այլ կերպ են լուծելու. քաղաքագետ
prev Նախորդ նորություն

Մամուլ. Ո՞ւմ հաշվին է Ռուստամ Բադասյանը մեկնել «Լիվերպուլ-Ռեալ» թանկարժեք խաղը դիտելու

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մայիսի 28-ին ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մեկնել է Եվրոպա՝ «Լիվերպուլ»-«Ռեալ» ֆուտբոլային թանկարժեք խաղը դիտելու: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ էին հասել, թե այդ օրերին «Լիվերպուլ»-«Ռեալ» խաղի տմսերի գինը հասել է մինչեւ 7000 եվրո արժողության: Ո՞ւմ հաշվին է ՊԵԿ նախագահը գնացել Եվրոպա: «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի հարցերի պարզաբանման համար դիմել էր ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանին՝ խնդրելով հայտնել. 1. Ի՞նչ արժեքով եք տոմսը ձեռք բերել, որպեսզի դիտեք ֆուտբոլային խաղը: 2. Ո՞վ է գնել այդ տոմսը, եւ ո՞ւմ հետ եք գնացել: 3. Ինչքա՞ն գումար եք ծախսել այդ ճանապարհորդության համար: Ի պատասխան՝ ՊԵԿ գլխավոր քարտուղարից ստացել ենք գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն արձակուրդում գտնվելու ընթացքում արտերկրում ներկա է գտնվել նշված ֆուտբոլային թիմերի հանդիպմանը: Տոմսը ձեռք է բերվել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով, ում կողմից էլ ստացվել է հանդիպմանը մասնակցելու առաջարկը: Տոմսի արժեքը կազմել է 490 եվրո, որը հավաստվում է Չեմպիոնների լիգայի պաշտոնական հավելվածի միջոցով (առանց նշված հավելվածի հնարավոր չէ մուտք գործել խաղադաշտ): Ռուստամ Բադասյանը մեկնել է ընտանիքի անդամի հետ: Ճամփորդության եւ այլ ծախսերի առանձին հաշվառում չի վարվել, բոլոր վճարումները կատարվել են բանկային քարտերով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հանգստյան օրերին Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատի մարզի գյուղեր։ Ուշագրավ է, որ այցելությունն անակնկալ է եղել անգամ մարզից ընտրված պատգամավորների համար, ինչը նշանակում է, որ Փաշինյանը ոչ այնքան տեղի խնդիրներով պայմանավորված էր մեկնել, որքան ընդդիմությանն ինչ-որ բան ապացուցելու՝ ցույց տալու, որ ժողովուրդն իր հետ է, սիրում է իրեն, լուսանկարվում է, չի վիրավորում։ Սակայն բոլոր այդ տեսարանները, որոնց մասին կառավարությունից մի քանի հարյուր լուսանկար էինք ստացել, նախապես կատարված ծանր աշխատանքի հետեւանք էին․ գործի էին դրել բոլոր ուժերը՝ Վեդիի համայնքապետ Գարիկ Սարգսյանից, մարզպետից, ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանից՝ մինչեւ ուժայիններ։ Նախապես էին աշխատանք տարել, ապա գյուղից գյուղ ուղեկցում էին Փաշինյանին՝ տհաճ անակնկալներից զերծ պահելու համար: Նրանց հետ միասին գյուղից գյուղ էր գնում նաեւ մասսովկան»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ մեկնարկեց 8-րդ գումարման երկրորդ նստաշրջանի վերջին նիստը։ Չնայած դրան, օրենսդիրները դեռ մինչեւ հունիսի վերջը պատանդ կմնան խորհրդարանում, քանի որ ՔՊ-ում նախօրեին կայացած խմբակցության նիստին պատգամավորներին զգուշացրել են չշտապել արձակուրդ գնալ՝ արտահերթեր են սպասվում: Արձակուրդից առաջ պետք է ընդունեն բոլոր օրակարգային նախագծերը, որոնք չեն հասցրել: Իսկ այսօր առավոտից, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը կլինի խորհրդարանում, քանի որ քննարկվելու է անցած տարվա բյուջեի կատարողականը, որը պահանջում է վարչապետի ներկայությունը: Օրվա երկրորդ կեսին էլ կառավարություն-ԱԺ ավանդական հարցուպատասխանն է:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ինքնավնասումով բանակից ազատված Նարեկ Գրիգորյանը, որն ԱԺ ամբիոնից Իշխան Սաղաթելյանին «մալյոկ» էր անվանում, պարզվում է՝ 2018 թ․ ծնված իր աղջկա անունը Սմայլիկ է դրել։ Այս տեղեկությունը մեզ անհավանական թվաց եւ մենք զանգահարեցինք նրա հայրենի գյուղ՝ Նորատուս։ Գյուղի համայնքապետարանի Կարինե անունով աշխատակցուհին մեզ ասաց․ «Այո, ունենք, Գրիգորյան Սմայլի Նարեկի»։ Ճշտեցինք՝ խոսքը ՔՊ-ական պատգամավորի դստե՞ր մասին է։ «Հա, պատգամավորի աղջիկն է»։ Նաեւ ասաց, որ երեխայի ծնողների ցանկությունն է եղել դա․ «Տատին մեզ հետ էր աշխատում, ասում էր՝ իրանք՝ ծնողներն են ըտենց ուզել»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ՝ կալավանցի Ռոբերտ Ղուկասյանի եւ մարզից ընտրված ՔՊ-ական պատգամավորների հակամարտությունում ժամանակավոր հրադադար է: Լարվածության պիկին հասած հարաբերությունները լիցքաթափվել է «վերեւների» միջամտությամբ: Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին ասել է՝ Սյունիքում խժդժություններ չհրահրել, մարզպետի գործերին չխառնվել, եթե գտնում է, որ ընդդիմադիր համայնքապետերի հետ պիտի շփվի, թող շփվի, դուք զբաղվեք կուսակցաշինական աշխատանքով։ Մեզ ասացին, որ պատգամավորներն ի գիտություն են ընդունել զգուշացումը եւ որոշել են հեռու մնալ՝ պատասխանատվությունը թողնելով կալավանցու ուսերին։ Շաբաթվա վերջին կկայանա ՔՊ Կապանի տարածքային կառույցի խորհրդի ընտրությունը։ 7 հոգանոց խորհրդի նախագահ է ընտրվելու, ըստ լուրերի, պատգամավոր, նկարիչ Դավիթ Դանիելյանը՝ Արայիկ Հարությունյանի սանիկը: Սակայն այս թեկնածության շուրջ կապանցի ՔՊ-ականները համակարծիք չեն, չի բացառվում, որ գծված սցենարում փոփոխություններ լինեն»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանի որդիներն ու ամուսինը Հայաստանում չեն բնակվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նախկին «լուսավորականը» դեռ մի քանի տարի առաջ է հեռատես գտնվել ու զավակներին հանել երկրից: Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, առաջին հերթին նրանց բանակից ազատելն է, քանի որ Թանդիլյանի որդիներն արդեն նախազորակոչային տարիքի են ու պետք է հաշվառում անցնեն: Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի քարտուղար Հռիփսիմե Հովհաննիսյանը՝ նշելով. «Մանե Թանդիլյանի որդիները ուսումը շարունակելու նպատակով ժամանակավորապես գտնվում են արտերկրում։ Ուսումն ավարտելուց հետո կվերադառնան Հայաստան՝ օրենքով սահմանված կարգով անցնելով պարտադիր զինվորական ծառայություն»։ Փաստորեն, «Ապրելու երկիր» անունն ունեցող կուսակցության համահիմնադիրը Հայաստանն իր զավակների համար ապրելու երկիր չի համարում՝ գերադասելով նրանց ապահով վայրում՝ օվկիանոսից այն կողմ պահել»:


«Իրավունք» թերթը գրում է. «Քաղաքական գործիչ, դիվանագետ Արա Սահակյանի գնահատմամբ` հայ-ռուսական հարաբերություններն այժմ նոր բովանդակություն պետք է ձեռք բերեն: "Մենք պետք է ելնենք նրանից, որ մեր մրցակից Ադրբեջանն ունի մեկ դաշնակից` Թուրքիան, եւ ուզում եմ մեր հասարակությանն ասել, որ հարգելի բարեկամներ, հայրենակիցներ, դուք ձեր քույրերին ու եղբայրներին շատ ավելի ուշ-ուշ եք տեսնում, քան Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարները: Ընդ որում` իրենց զրույցում կան այսպիսի բառեր` «Ադրբեջանի ուրախությունը մեր ուրախությունն է», «Ադրբեջանի ցավը մեր ցավն է», հետեւաբար, մենք Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերություններում իրավունք չունենք լինել կեղծ ու տմարդ, պետք է կտրուկ բարձրացնել փոխհարաբերությունների որակը` բոլոր մակարդակներով եւ հասնել նրան, որպեսզի Ռուսաստանն ասի՝ «Հայաստանի ցավն ու ուրախությունը իմն են»: Գեղջկական խաբեություն չի կարելի անել, պետք է դադարել Ռուսաստանին բացատրել իր շահերը: Ռուսաստանն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի իրադարձություններին, բայց ոչ մի ընդդիմության չի հրահրում: Ցանկացած ուժ, որը գալիս է իշխանության, նրանք աշխատում են այդ ուժի հետ` ըստ դիմացինի վերաբերմունքի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Տեղ համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Ղուլունցը, որը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին, է գրանցված է մարզային հոգեբուժական դիսպանսերում եւ իրավունք չուներ զբաղեցնել համայնքի ղեկավարի պաշտոնը: Այս մասին մեր լրագրողին ասել է համայնքի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը: Նա ասում է, որ ինքն անձամբ է տեսել Ղուլունցի անունը դիսպանսերի մատյաններում, այնինչ համայնքապետը ոչ միայն քեռու շնորհիվ ազատվել է բանակից դիսպանսերում հաշվառման թղթով, նաեւ զավթել է համայնքի ղեկավարի պաշտոնը եւ, ըստ այդ թղթի, նաեւ թոշակ է ստանում պետությունից: «Ընտրությունների ժամանակ իր քարոզարշավի ժամանակ կենսագրության մեջ գրել էր՝ երեք պատերազմի մասնակից է, ծառայել է 1992-94թթ․, բայց ինքը 1976 թվականին է ծնվել, իսկ այդ թվականներին 16 տարեկան է եղել»,- ասում է Զեյնալյանը: Հիշեցնենք, որ Տեղը Սյունիքի բացառիկ համայնքներից է, որտեղ անցած տարվա աշնանը կայացած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ական թեկնածուն հաղթեց»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգերի Լիգայի հերթական տուրում Հայաստանի ազգային հավաքականը դարձյալ խայտառակ պարտություն կրեց, այս անգամ 1։4 հաշվով զիջեցինք Շոտլանդացիներին: Մենք բազմաթիվ ահազանգեր ենք ստանում այն մասին, որ ֆեդերացիայում ոչ առողջ մթնոլորտ է, մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ այդ կառույցը մութ գործերով է տարված, իսկ ՀՀ Կառավարության կողմից փաստացի համակարգող է «նշանակված» ֆուտբոլի հետ կապ չունեցող, Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը: Խոսվում է, որ Արմեն Մելիքբեկյանը ՀՖՖ նախագահ է աշխատում Սիմիդյան Հակոբի ու Արմեն Նիկողոսյանի մոտ: Մամուլը, այդ թվում` Ժողովուրդ օրաթերթը բազմիցս գրել է, որ անգամ Ֆուտբոլի ակադեմիայում գործող շոգեբաղնիքը չի ծառայում ֆուտբոլիստներին, այլ այնտեղ գնում են նորելուկ պաշտոնյաներ։ Վերջերս նկատվում է, որ ֆեդերացիայի ղեկավարությունն ավելի շատ զբաղված է միջոցառումներ կազմակերպելով, Ֆեդերացիայի կազմավորման 30 ամյակի առիթով շատ հյուրեր են կանչել, դե պարզ է, որ հսկայական գումարներ են ծախսվելու, որոնք անվերահսկելի են, բայցև չեն ծառայում ֆուտբոլի զարգացմանը: Մենք հավաքագրում ենք նորանոր տվյալներ ֆեդերացիայի նախագահի, նրա տեղակալի ու Հակոբ Սիմիդյանի գործունեության մասին: Հատկապես հետաքրքրական են շինարարական ոլորտում կատարվող գործարքները, շինարարական ընկերությունների հետ նրանց առևերևույթ փոխկապակցությունները: Այս մասին կխոսենք ավելու ուշ և խիստ փաստարկված, իսկ մինչ այդ ցավով ենք հետևում, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլում, թե ուր են գնում ՈւԵՖԱ-ից և ՖԻՖԱ-ից ստացվող միլիոնավոր դոլարները, թե որ կազմակերպությունն է ստանձնել մեր հավաքականի արտերկրյա չարթերային թռիչքների կազմակերպումը և ով է այդ գործընթացի մեջ ներգրավված և այլն: Իսկ ֆեդերացիա ուղղված մեր բոլոր զանգերն ու դիմումները մնում են անպատասխան: Ցավով պետք է ավելացնենք, որ նույն ողբալի վիճակն է բոլոր տարիքային խմբերի հավաքականներում. Հայաստանում ֆուտբոլն ապագա չունի»:


«Հրապարակ» թերթը գրում է. ««Սեւ հովազ» ջոկատը՝ իր հրամանատար, Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի եղբոր՝ Սերոբ Գասպարյանի գլխավորությամբ, ապրիլի վերջին անժամկետ նստացույց էր սկսել Ազատության հրապարակում։ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտնի հայտարարություններից հետո «Սեւ հովազի» տղաներն առաջինն էին, որ դուրս եկան փողոց՝ պայքարի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, հիշեցնենք, զոհվեց նախ Արցախի հերոս Ռուստամ Գասպարյանի 29-ամյա որդին` Ռաֆայել Գասպարյանը, իսկ Ռուստամ Գասպարյանը ծանր վնասվածք ստացավ գլխի շրջանում, ինչից հոկտեմբերի 17-ին մահացավ։ Սերոբ Գասպարյանից հետաքրքրվեցինք «Սեւ հովազի» առաջիկա քայլերի մասին, մասնավորապես՝ ինչու են լռում, նստացույցն ինչու դադարեցրին, արդյո՞ք դադարեցրել են պայքարը։ «Ժամանակավոր դադարեցրել ենք նստացույցը, բայց պայքարը չի դադարել ու չի դադարելու։ Ինչպես միշտ, իրական պայքարը սառեցնելու դուրս եկան մարդիկ, ովքեր մի քանի անգամ դուրս եկան փողոց եւ հուսախաբ արեցին ժողովրդին, իսկ մենք մեր մարտավարությունը փոխել ենք եւ մի փոքր ուշ հանդես կգանք նոր ծրագրով, որը կլինի ազգային գաղափարախոսության հաղթանակը»,- ասաց Սերոբ Գասպարյանը։ Ի՞նչ պայքարի մասին է խոսքը, կրկին փողոցայի՞ն, միայն իրենց ջոկա՞տն է լինելու, թե՞ այլ ուժեր եւս ներգրավված կլինեն։ «Աստծուց ու ժամանակից եկեք առաջ չանցնենք։ Կգա օրը, կիմանաք։ Միայն կարող եմ ասել, որ հզոր համախմբում է տեղի ունենում»։


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետ դառնալուց հետո ԵՄ-Հայաստան համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացումը, կարելի է ասել, մղվել է երկրորդ պլան, եւ օրենքների մոտարկումը դանդաղել է: Ինչպես հայտնի է, 2021թ. մարտի 1-ից ուժի մեջ է մտել Եվրոպական միության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության ՍԵՊԱ-ի համաձայնագիրը: Այն ստորագրվել է 2017թ. նոյեմբերին, իսկ դրա հիմնական մասերի ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտել 2018թ. հունիսի 1-ից: Բարեփոխումների օրակարգը ներառում է մոտ 30 ոլորտ եւ ունի 350 գործողություն, որոնք պետք է այդ երեսուն ոլորտները մոտեցնեն եվրոպական չափանիշներին, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ եվրոպական չափանիշներին մոտարկման գործընթացը դանդաղել է: Դա է պատճառը, որ, մեր տեղեկություններով, այժմ փորձագիտական խումբ է սկսելու գործել՝ փորձելով ակտիվացնել այդ գործընթացը: Փորձագիտական խմբում ներգրավված են լինելու նաեւ ներկայացուցիչներ Եվրոպայից եւ սկսելու են անցկացնել թրեյնինգներ համապատասխան կառույցների ներկայացուցիչների շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի ավելի արագ կազմակերպել այդ գործընթացը: Թե որքանով այդ ամենն այժմ կհաջողվի, դժվար է ասել, սակայն հետաքրքիր է, որ «նախկինների» օրոք ԵՄ հետ ստորագրված համաձայնագիրը, որի մասին հաճախ բարձրաձայնում եւ որը կարեւոր են համարում իշխանությունները, մղել են երկրորդ պլան եւ չեն զբաղվում դրանով»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Հայփոստի» ավելի քան 2 հազար 750 աշխատակից այս օրերին 13-րդ աշխատավարձ է ստանում: Այսինքն՝ տարեվերջին՝ դեկտեմբերին ստանալիք 13-րդ աշխատավարձը հունիսին են տալիս։ «Հայփոստ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանը հաստատեց լուրը՝ նշելով, որ դա ոչ թե 13-րդ աշխատավարձ է, այլ ամանորյա հավելավճար:


- Իսկ ինչո՞ւ է ամանորյա հավելավճարը հունիս ամսին տրամադրվում:


- Դա տարեկան աշխատանքների համար նախատեսված գումար է` բոնուս-պարգեւատրում: Օրինակ` ես դեռ չեմ ստացել: Առաջ ամեն նոր տարվան մենք ստանում էինք կես աշխատավարձ, հիմա՝ այս տարի որոշվել է մարդկանց նման ձեւով խրախուսել:


- Իսկ ի՞նչն է պատճառը, որ որոշվել է վեց ամիս շուտ կամ ուշ պարգեւատրել աշխատակիցներին:


- Առիթ չկա: Պատկերացրեք, Դուք լավ եք աշխատել, եւ Ձեզ որոշել են պարգեւատրել, մյուս լրագրողը լավ չի աշխատել՝ Ձեզանից քիչ է պարգեւատրվել:


- Իսկ գուցե ամանորյա հավելավճարն աշխատակիցներին տրամադրվում է, որպեսզի ցույցերի՞ն չգնան, չբողոքեն։


- Դա վաղուց որոշված եւ բյուջեով նախատեսված ծրագիր է, որոշվել է նոր տարուց առաջ, մենք ցույցերի հետ ոչ մի կապ չունենք: Պետք չէ ոչ մի բան քաղաքականացնել:


- Քանի՞ աշխատակից է պարգեւատրվել:


- Չեմ կարող ասել: Հիմա ոչ մեկը դեռ չի ստացել, սպասում ենք, էս երկու օրը կստանանք: Չեմ էլ իմանում, թե ես ինչքան կստանամ: Նորից եմ կրկնում` դա մի տարի առաջ պլանավորած բան է: Նախորդ տարի ընդհանրապես չենք ստացել: Սրանք պետբյուջեով արվող ծախսեր են»: