ՀՀ կառավարությունը բյուջեի ազատ միջոցներից 3 մլրդ դրամ կհատկացնի Հյուսիս-հարավ միջանցքի ծրագրի (Տրանշ 3) շրջանակներում Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհի շինարարական աշխատանքների ֆինանսավորման համար: Հարցն ընդգրկված է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում:
Համաձայն նախագծի, կառավարությունը գնում է այս քայլին, քանի որ ծրագրի իրականացմանը ֆինանսական աջակցություն տրամադրող Եվրոպական ներդրումային բանկը չի կատարել վճարումները ֆինանսավորման բացակայության պատճառով:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ միջանցքի զարգացման վարկային ծրագրի (Տրանշ 3) շրջանակներում Լանջիկ-Գյումրի` կմ90+200-ից կմ117+670 հատվածում 2021թ. ընթացքում շինարարական աշխատանքներն ընթացել են մեծ տեմպերով: «Արդյունքում աջակողմյան հատվածը բացվել է երթևեկության համար, իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը, բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 45%-ը, ասֆալտապատման աշխատանքների 40%-ը», - նշվում է նախագծում։
Համաձայն պայմանագրի դրույթների՝ կապալառուն ներկայացրել է միջանկյալ կատարողական ակտեր, որոնց դիմաց պետք է իրականացվեն համապատասխան վճարումներ: «Սակայն 2021թ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կապալառուի կողմից ներկայացված և հաստատված կատարողականների դիմաց վճարումներ չեն իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով (առկա է 2,257,918.7 Եվրո պարտք վարկային և դրամաշնորհային միջոցների մասով, համաֆինանսավորման մասով հարկերի գծով պարտավորություններ առկա չեն), որի արդյունքում համաձայն կապալի պայմանագրի 16.1 կետի դրույթների կապալառուն ներկայացրել է պաշտոնական գրություն աշխատանքների դադարեցման վերաբերյալ:
Համաձայնագրերի շրջանակներում ներկայացվել են վարկային և դրամաշնորհային հաշիվների համալրման ֆինանսավորման հայտեր, որոնք սահմանված կարգով ուղարկվել են ԵՆԲ դեռևս 2021թ. օգոստոսի 16-ին, սակայն մինչ օրս ԵՆԲ-ի կողմից հաշիվների համալրում (ֆինանսավորում) չի իրականացվել», - ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Ըստ այդմ կառավարությունը ծրագրի անխափան ընթացքն ապահովելու համար անհրաժեշտ է համարում առկա պարտավորությունները և սկսել շինարարական աշխատանքները:
«Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել 2022թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխումներ, որն առաջարկում ենք իրականացնել կայունացման դեպոզիտային հաշվից՝ բյուջեի ազատ միջոցներից 3,000,000.0 հազար ՀՀ դրամը ուղղել ծրագրի համաֆինանսավորման մասին՝ առկա պարտքների մարման և հետագա կատարողականների դիմաց վճարումների համար, մինչև վարկային միջոցների հասանելի դառնալը: Վարկային միջոցների հասանելի դառնալուն պես, ռետրոակտիվ ֆինանսավորմամբ վարկային միջոցների հաշվին իրականացնել հատկացված միջոցների վերականգնումը կայունացման դեպոզիտային հաշվում», - վստահեցնում են կառավարությունից: