Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել. Օհանյան
Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հերքում է ՀՀ գլխավոր դատախազությանը:
Նա, մասնավորապես, Facebook-ի իր էջում գրել է. «Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։
Այսպիսով, ՀՀ-ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։
Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»:
VERELQ-ը գրել էր, որ դատախազությունը «Հայաստան» դաշինքի ԱԺ խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված թվով 3 անձանցից Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը, 2 հասարակական նշանակության տարածքները և 1 տրանսպորտային միջոցը բռնագանձելու պահանջ է ներկայացրել դատարանին: